Գրիգորյանը փորձում է հերքել Գասպարյանին, բայց ընդունում է՝ պատերազմը դադարեցնելու առաջարկ եղել է հոկտեմբերի 19-ին. Ինչո՞ւ չի կատարվել
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը «Սիվիլնեթին» տված հարցազրույցում հերքել էր Օնիկ Գասպարյանի հայտարարությունը, թե նա պատերազմի չորրորդ օրն Անվտանգության խորհրդում առաջարկել է դադարեցնել պատերազմը։
Այդ ժամանակ 168.am-ը «Ինչ հետին նպատակ է հետապնդում Արմեն Գրիգորյանի ուշացած և սուտ հակադարձումը՝ Օնիկ Գասպարյանին» վերտառությամբ հոդվածում հիշեցրել էր, որ գեներալ Գասպարյանի պնդումը հաստատել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, չի հերքել Նիկոլ Փաշինյանը:
Ի դեպ, ԱԱԾ տնօրենի նախկին ժամանակավոր պաշտոնակատար Միքայել Համբարձումյանը ևս «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում ասել էր, որ հոկտեմբերի 19-ին կամ 18-ին Անվտանգության խորհրդի նիստին ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը մանրամասն ներկայացրել էր տիրող իրավիճակը, հեռանկարը, և այն, որ ուղղակի մենք գնում ենք դեպի պարտություն, և առաջարկություն կար դադարեցնելու ռազմական պատերազմական գործողությունները, նույն կարծիքին էր եղել նաև Դավիթ Տոնոյանը:
Նա նշել էր, որ այդ նիստին ներկա էին նաև ԱԺ ընդդիմադիր ներկայացուցիչներ, մանրամասն քննարկում է տեղի ունեցել, բայց պատերազմը դադարեցնելու որոշում չի կայացվել:
«Հետո Ռուսաստանի նախագահի խոսքերից, այլ աղբյուրներից եկած ինֆորմացիայից պարզվեց, որ դեռևս 2020 թվականին հոկտեմբերի 19-ին նման առաջարկություն եղել է Ռուսաստանի կողմից: Կոնկրետ, կետային առաջարկներ են եղել, այսինքն, ըստ էության, կյանքի էր կոչվելու լավրովյան պլանը»,- ասել էր նա և առաջարկություններից ամենաշատը կարևորել ռուսական խաղաղապահ զորքեր Արցախ մտցնելու հարցը և նշել, որ չի կարող ասել, թե ընդհանրապես ինչու չէին քննարկման առարկա դառնում Ռուսաստանից հնչած առաջարկները:
Նա վստահեցրել է, որ Անվտանգութան խորհրդին չեն ներկայացվել Ռուսաստանի առաջարկները: «Ես նոյեմբերի ութին հրաժարական եմ տվել, նոյեմբերի 7-ի դրությամբ ես չեմ իմացել այդ մասին»,- ասել է նա:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Արմեն Գրիգորյանը պնդել է իր հայտարարությունը և շեշտել՝ այն հիմնված է փաստաթղթերի և արձանագրությունների վրա:
«ԱԽ այդ նիստն ամբողջությամբ արձանագրված է, և այն, ինչ ես ասել եմ, արձանագրված է և փաստացի կա, այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել»,- հավելել է նա:
Ըստ էության, ԱԽ նիստի արձանագրությունը գաղտնի փաստաթուղթ է, և դժվար այն հրապարակվի:
Երկրորդ՝ «Սիվիլնեթին» տված իր հարցազրույցում Արմեն Գրիգորյանն ասել է, որ պատերազմի դադարեցման խոսակցություն առաջին անգամ եղել է հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստում:
«Որտեղ նշվել է՝ 2-3 օր ունենք, նույնիսկ այդ խոսքերը, որ 2-3 օր ունենք, մենք այլևս չենք կարող, միայն 2-3 օր ունենք, որից հետո պատերազմը մոտ 20 օր շարունակվել է: Դա եղել է հոկտեմբերի 19-ին, 4-րդ օրն ԱԽ նիստում պատերազմը դադարեցնելու որևէ առաջարկ չի հնչել: Ավելին ասեմ՝ նույնիսկ էնպիսի միտք չի հնչել ամբողջ ԱԽ նիստի ընթացքում, որը կարող է երկիմաստություն ունենալ»,- ասել է Գրիգորյանը՝ շարունակելով, թե հոկտեմբերի 19-ին ամեն գնով պատերազմը դադարեցնելու առաջարկին ԱԽ բոլոր անդամները համաձայնություն են տվել:
Սրանից ստացվում է, որ, ամեն դեպքում, ունենք պատերազմը կանգնեցնելու առաջարկի մերժում, եթե հավատանք Արմեն Գրիգորյանին, ապա զգուշացումից հետո առնվազն 20 օր պատերազմը շարունակվել է, որի պատճառով ունեցել ենք տարածքային հավելյալ կորուստներ, մասնավորապես՝ Շուշին: