Որքա՞ն Բայդենը կմոտենա Ցեղասպանության ճանաչման հարցին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խոսքերն իրական աշխարհաքաղաքական փոթորիկ են դարձել, որից հետո ակտիվացել են գործընթացները՝ ինչպես ռուս-ամերիկյան, այնպես էլ՝ ամերիկաչինական, թուրք-ամերիկյան և ԵՄ-ԱՄՆ հարաբերություններում:
Եվ ամենաուշագրավ հանգամանքն այն է, որ ԱՄՆ-ի համար թիվ մեկ մրցակից Չինաստանը դիտարկվում է՝ որպես արժանի հակառակորդ, իսկ Ռուսաստանը՝ թշնամի, թեև, ըստ մի շարք վերլուծաբանների, ամերիկացիների 45%-ը Չինաստանին է համարում հիմնական թշնամի, և միայն 26%-ը՝ Ռուսաստանին, սակայն առավել կարևոր է այն, որ ամերիկացիների 50%-ը Չինաստանին համարում է տնտեսական գերտերություն, և միայն 37%-ն է կարծում, որ այդպիսի պետություն է ԱՄՆ-ը, և Չինաստանի հզորության հանդեպ հավատը ստիպում է Արևմուտքին փնտրել Չինաստանի վերելքին ճկուն կերպով արձագանքելու մեխանիզմներ, այսինքն՝ Վաշինգտոնն ու Պեկինը ձգտում են գտնել խաղի կանոններ, որը նրանց բախումը կկանխի, իսկ Ռուսաստանը դիտարկվում է՝ որպես թշնամի, ում պետք է պատասխանել կրակի հետ խաղալու համար, և արևմտյան գործիչների համար ավելի ու ավելի բարդ է դառնում Մոսկվայի հետ հարաբերություններում գտնել զսպման և համագործակցության միջև հավասարակշռությունը, Ռուսաստանը դառնում է քավության նոխազ, որը թույլ է տալիս ԱՄՆ-ին Չինաստանը հրապարակայնորեն չդիտարկել որպես թիվ 1 թշնամի՝ անհրաժեշտության դեպքում բիզնես հարաբերություններ պահպանելով Պեկինի հետ: Եվ կարծես այս բանաձևով ԱՄՆ-ը բավականին կոշտ քաղաքականություն է սկսել Մոսկվայի և Անկարայի հետ հարաբերություններում՝ նոր պատժամիջոցներ սահմանելով Մոսկվայի հանդեպ, իսկ Անկարայից պահանջելով հրաժարվել Ս-400-ներից՝ սպառնալով պատժամիջոցներով:
Այս ամենում փոքր թվացող, սակայն իրականում առանցքային նշանակություն ունեցող հարցեր են դարձել Հայաստանի արտաքին քաղաքականության ավանդական խնդիրները՝ Ղարաբաղյան հակամարտությունն ու Ցեղասպանության ճանաչման հարցը: Եվ երկու ուղղություններով էլ ակնկալվում է, որ մեծանալու է ամերիկյան ճնշումը Ռուսաստանի և Թուրքիայի նկատմամբ: Եվ կարծես պատահական չէ, որ այս օրերին ամերիկյան մամուլում, շահագրգիռ շրջանակներում ակտիվացել են Սպիտակ տնից սպրդող լուրերն այն մասին, որ Բայդենը պատրաստվում է ճանաչել Ցեղասպանությունը: Այդ մասին խոսեց՝ ինչպես ամերիկացի հայտնի քաղաքական վերլուծաբան, Eurasia Group-ի հիմնադիր ու նախագահ Յան Բրեմմերը, այնպես էլ՝ The Hill պարբերականը, Ahval պորտալը և այլ ռեսուրսներ: Վերջին շրջանում ԱՄՆ-ում այս ուղղությամբ տեղի ունեցած ամենալուրջ նախաձեռնություններից մեկն էլ մարտի 19-ին ԱՄՆ Սենատի 38 անդամների նամակն է՝ հասցեագրված ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, որում սենատորները կոչ են անում Բայդենին՝ օգտագործել «ցեղասպանություն» եզրույթն իր ապրիլի 24-ի առաջիկա հնարավոր հայտարարության մեջ՝ Հիշատակի օրվա կապակցությամբ: Սենատորները պահանջել էին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության իրողությունը՝ հիշեցնելով, որ նախագահ Բայդենը նախկինում ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ներառյալ՝ անցած տարվա նախընտրական ընտրարշավի ժամանակ։ Սենատորները կոչ էին արել նաև նախագահին՝ նույն կերպ վարվել արդեն երկրի ղեկավարի պաշտոնում։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովն ասաց, որ Վաշինգտոնն ակնհայտորեն փոխում է քաղաքականությունն Անկարայի նկատմամբ, և դա նկատվում է, առաջին հերթին՝ շփումների պասիվությունից ԱՄՆ-ի և Թուրքիայի իշխանությունների միջև, թեև տեղի է ունեցել Բլինքեն-Չավուշօղլու հանդիպում: «Այստեղ էական հանգամանքն այն է, որ ԱՄՆ վեկտորները փոխվում են, բնականաբար՝ փոխվում են նաև ավանդական ընկալումները, հետաքրքրությունները գործընկերների նկատմամբ, որոնցից մեկը Թուրքիան է»,- ասաց նա: Ըստ Սկակովի՝ այս ամենին հավելյալ զգայունություն է հաղորդում այն հանգամանքը, որ Թուրքիան ունի լուրջ տնտեսական ու քաղաքական խնդիրներ երկրի ներսում և այդ բացը չի կարողանում լիարժեքորեն փոխհատուցել արտաքին քաղաքականությամբ: «Թուրք-ամերիկյան հարաբերություններում Թուրքիայի իշխանությունների ներքին անվստահությունն էական դերակատարություն ունի, հատկապես, երբ հայտնի չէ, թե ինչպես է Վաշինգտոնը կառուցելու Անկարայի հետ հարաբերությունները, և երբ շահագրգռված չէ բարձրաստիճան շփումներով»,- ասաց Սկակովը:
Նա նշեց, որ ցեղասպանության ճանաչման թեման կարող է դիտարկվել՝ ինչպես թուրք-ամերիկյան քաղաքական առճակատման, այնպես էլ՝ այն խոսակցությունների ֆոնին, որ ԱՄՆ Բայդենի վարչակազմը պետք է առաջ ընթանա սկզբունքներով, նվիրվածությամբ մարդու իրավունքներին:
Նրա խոսքով, եթե իսկապես դա այդպես լինի, ապա կարելի է ասել, որ այս ամենը պատահական չէ: «Եվ ընդհանրապես դա կդառնա ուղենիշային հանգամանք ամերիկյան քաղաքականության համար: Դեռ շատ է քննարկվում, թե որ ուղով է ընթանալու ԱՄՆ-ը, և հստակ տեսանելի չէ՝ որն է լինելու ընտրված ճանապարհը»,- ասաց Սկակովը՝ հավելելով, որ ոչինչ պետք չէ բացառել:
Եվրոպացի վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ հետևելով ամերիկյան տրամադրություններին՝ կարելի է ենթադրել, որ դա հնարավոր է, քանի որ հաջողվել է մեծ թվով կոնգրեսմենների միավորել Բայդենին ուղղված նամակ-կոչին միանալու համար:
Ըստ նրա՝ ֆոնային դերակատարություն ունեն նաև անցյալ տարի քվեարկված ճանաչման բանաձևերն ԱՄՆ-ում:
«Թեման շատ է քննարկվել, կարծես տրամադրությունները թարմ են, թուրք-ամերիկյան հարաբերություններն անորոշ են, չէի ասի, որ կա սպասում մեծ խնդիրների, քան այսօր են, կամ անցյալ տարի էին: Խնդիրը կրկին ռուս-թուրքական հարաբերություններն են, Թուրքիայի գործարքները Ռուսաստանի հետ, սակայն ռուս-թուրքական հարաբերությունները շատ կարևոր են Թուրքիայի համար: Թուրքիայի ներքաղաքական կյանքում այսօր լուրջ հարցեր են դրված, իշխանությունը մտահոգ է, քանի որ չունի այն աջակցությունը, ինչ ուներ կամ կարողանում էր դրա պատրանքը ստեղծել:
Դրան զուգահեռ՝ կան ֆինանսատնտեսական խնդիրներ, իշխանությունը չի կարողանում տիրապետել որևէ խնդրի, ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների ձևաչափը ևս անորոշության է մատնված, թեև կողմերը ջանում են հաղթահարել բոլոր խնդիրները, այս ամենի հետ աշխարհաքաղաքական լարվածությունը մեծ է, քանի որ նաև ԱՄՆ-ն է փոխում իր ուղղությունները, ուժեղացնում ուշադրությունը որոշ տարածաշրջանների նկատմամբ և թուլացնելով ավանդական ավելի ակտիվ գոտիներում: Փուլը, կարծում եմ, անցումային է, և հստակ ասել, թե կլինի ճանաչում, թե ոչ, չեմ կարող, բայց դա հնարավոր է, քանի որ Բայդենի քաղաքականությունը լիովին տարբեր է Թրամփից, և կարծես ավելի ակտիվ, քան Օբամայի արտաքին քաղաքականությունն էր:
Թե ինչպես կոնկրետ այդ տարածաշրջանում՝ տեղում, դա կանդրադառնա, բարդ է ասել, քանի որ ներկայումս միայն տեսնում ենք խոսակցություններ Ռուսաստանի, Չինաստանի մասին, ամերիկացի պաշտոնյաները կատարեցին արտաքին քաղաքական այցեր այլ ռեգիոններ, ինչը թույլ էր տալիս մտածել, որ Թուրքիայի կարևորությունը և այս տարածաշրջանի առանցքայնությունը նվազել է, սակայն ճանաչման թեմայի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա, ինչը պատահական չէ: Կարծում եմ՝ վերջնական որոշումներ չկան, սա պարզապես ԱՄՆ արտաքին քաղաքականության դիրքավորման և գլխավոր գործընկերների, հակառակորդների տրամադրությունները շոշափելու փուլ է»,- ասաց նա: