Նիկոլ Փաշինյան․ իզգոյը

2020 թվականի նոյեմբերի 9-ի խայտառակ կապիտուլյացիայից հետո Հայաստանը հայտնվել է գրեթե կատարյալ մեկուսացման ու օտարացման մեջ, ինչն արտահայտվում է ամենատարբեր դրսևորումներով։ Պատերազմում կրած պարտությանը հաջորդած հինգ և ավելի ամիսների ընթացքում Հայաստան գրեթե չի այցելել որևէ օտարերկրյա պաշտոնյա կամ պատվիրակություն, նույն կերպ հայկական որևէ պաշտոնյա կամ պատվիրակություն չի մեկնել արտերկիր։

Առանձին բացառություններ, իհարկե, եղել են, Հայաստան այցելել են տարբեր միջազգային պատվիրակություններ, բայց դրանք եղել են տարածաշրջանային այցերի համատեքստում՝ արարողակարգային ու պարիտետային տրամաբանությամբ։  Իսկ  հայ պաշտոնյաներն արտերկիր են մեկնում որևէ վերպետական կազմակերպության, ասենք՝ Եվրասիական միության միջոցառումներին մասնակցելու նպատակով միայն։ Դրանից դուրս ոչ որևէ լուրջ պաշտոնյա է այցելում Հայաստան, ոչ էլ որևէ հայ, առավել ևս՝ բարձրաստիճան պաշտոնյա է լինում այս կամ այն երկրում։ Աշխարհը, կարծես, փակվել է Հայաստանի համար։

Իշխանության գալուց հետո միջազգային վոյաժներից աչք չբացող Նիկոլ Փաշինյանը վերջին անգամ ինքնաթիռ է նստել անհիշելի ժամանակներում, այն էլ՝ ԵԱՏՄ ինչ-որ անիմաստ միջոցառման մասնակցելու նպատակով։ Երկկողմ մակարդակում Նիկոլ Փաշինյանին չեն ընդունում որևէ երկրում, անգամ՝ նույն ԵԱՏՄ «եղբայրական պետություններում»։

Արևմուտքի մասին խոսելն անգամ ավելորդ է։ Եվրոպան ու ԱՄՆ-ը, որտեղ այդքան անբռնազբոս այցելում էր Նիկոլ Փաշինյանն իշխանության սկզբնական շրջանում,  (թեև գոնե ԱՄՆ-ում չարժանանալով որևէ լուրջ ընդունելության), հիմա փակվել են նրա առջև։ Նիկոլ Փաշինյանն այլևս հետաքրքիր չէ որևէ երկրի կամ աշխարհաքաղաքական բևեռի, նա վերածվել է իսկական իզգոյի՝ այդպիսին դարձնելով նաև Հայաստանը։ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետությունը դադարել է հետաքրքրել որևէ մեկի, այն դեպքում, երբ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային զարգացումների իմաստով Հայաստանը գտնվում է շատ բևեռների հետաքրքրության տիրույթում։

Պարզապես Նիկոլ Փաշինյանի վարած խայտառակ քաղաքականության արդյունքում Հայաստանով հետաքրքրվողներն իրենց հետաքրքրություններն արդեն բավարարում են կա՛մ Ռուսաստանի, կա՛մ Թուրքիայի հետ շփումներում։ Հայաստան պետություն՝ բառի բովանդակային իմաստով, այլևս չկա, կա տարածք, որտեղ առայժմ գործում է ռուսական պրոտեկտորատ։

Այն՝  կախված աշխարհաքաղաքական այս կամ այն զարգացումից, կարող է փոխվել. Պրոտեկցիան, այսպես թե այնպես, կմնա, բայց մի պրոտեկտորը կարող է փոխարինել մյուսին։ Դատելով ներկայիս տարածաշրջանային զարգացումներից ու Հայաստանի իշխանության պատրաստակամությունից, դրա ամենամեծ հնարավորությունն ունի Թուրքիան։

Հայաստանի ինքնիշխանությունը, որի մասին այդքան հպարտորեն ու պաթետիկ առոգանությամբ հայտարարում էր Նիկոլ Փաշինյանը, նրա իսկ գործողությունների արդյունքում հավասարվել է պատմական մինիմումի, եթե ընդհանրապես կարելի է խոսել ինքնիշխանության մասին։ Նա համաձայնել է զիջել Հայաստանի ինքնիշխանությունը՝ այս փուլում Ռուսաստանին, բայց բաց թողնելով հարմար պահի այն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիային վերազիջելու հնարավորությունը։ Նաև սա է պատճառը կամ հենց սա է պատճառը, որ Հայաստան այլևս որևէ լուրջ երկրից որևէ լուրջ պաշտոնյա չի այցելում․ այցելողները մեկնում են կա՛մ Մոսկվա, կա՛մ Անկարա, որոնց միջև Հայաստանի հաշվով գոնե այս պահին ձևավորվել է «փոխշահավետ համագործակցության» մթնոլորտ։ Այսինքն՝ Հայաստանից դուրս Հայաստանի մասին կարող են կայացվել ու կայացվում են որոշումներ, որովհետև Հայաստանում որոշումներ կայացնողն այդ իրավունքը պատվիրակել է այլոց՝ Հայաստանում նոմինալ իշխանությունը պահպանելու՝ զրահապատ մեքենաներով ու թիկնապահներով շրջելու, բյուջետային միջոցները սեփական հայեցողությամբ ծախսելու, պարգևավճար ու ատկատ բաժանելու իրավունքի համար, վերջին հաշվով։

Այս իրավիճակը փոխելու, Հայաստանի ինքնիշխանությունը վերականգնելու հնարավորություններն անասելիորեն փոքր են, քանի որ այդ ինքնիշխանությունը ստացած կողմերից որևէ մեկը պատրաստ չի լինելու վերադարձնել իրեն հանձնվածը։ Դրա տեսական հնարավորությունն առկա է միայն այդ դեպքում, երբ Հայաստանում ձևավորվի իրապես ազգային, իրապես հայաստանակենտրոն իշխանություն, բայց այդ հարցում լավատեսության որևէ հիմք չկա՝ հաշվի առնելով Հայաստանի քաղաքական դասի որակն ու հանուն իշխանության հասնելու՝ արտաքին ուժերին ապավինելու գրեթե բոլորի պատրաստակամությունը։ Հայկական քաղաքական դասը լռելյայն համաձայնել է Հայաստանը պրոտեկտորատի վերածելու՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանը և հիմա եռանդուն պայքարում է պրեֆեկտի ստորացուցիչ կարգավիճակի համար։ Խնդիրն ավելի անլուծելի է դառնում այն իրողության պայմաններում, որ իրականում ինքնիշխանության պահանջ չկա նաև հայ հասարակության շրջանում։

Հայ հասարակությունն ընդհանրության մեջ հաշտ է ինքնիշխանության բացակայության հետ։ Էլ ավելի հաշտ կլինի, եթե դրա բացակայությունը փոխհատուցվի բարեկեցության մակարդակի թեկուզ չնչին բարձրացմամբ։ Իսկ դրա հեռանկարներն առկա են․ հայտարարվել է տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման մասին, ինչը ժամանակի հետ Հայաստան կարող է բերել որոշակի փող։ Դա կլինի ինքնիշխանության դիմաց ռուսական, թուրքական կամ գուցե ռուս-թուրքական փոխհատուցումը։ Մեծ է վտանգը, որ դա կարող է երջանկացնել բազմաթիվ հպարտ, բայց արդեն անիշխան ՀՀ քաղաքացիների։

Արշավիր Իշխանյան

Տեսանյութեր

Լրահոս