Նիկոլ Փաշինյանի հերթական ապտակը
Հայտարարելով արտահերթ խորհրդարանական ընտրությունների գնալու մասին՝ Նիկոլ Փաշինյանը հերթական ապտակն է հասցնում տնտեսությանը։ Որքան էլ համարենք, որ առկա ներքաղաքական լարվածությունը թուլացնելու ճանապարհներից մեկն արտահերթ ընտրություններն են, այնուհանդերձ, այս իրավիճակում ընտրությունների գնալը վատագույն տարբերակն է տնտեսության համար։
Հիմա էլ տնտեսությունը մտնելու է ընտրական անորոշության մեջ։ Ստիպված ենք ոչ միայն անորոշ ժամկետով հետաձգել տնտեսության վերականգնումը, այլև շարունակել հաշվել կորուստները, որոնք առաջանալու են ընտրական անկայունության ու անորոշության հետևանքով։
Տնտեսության զարգացումները միշտ էլ անհամատեղելի են եղել ընտրությունների հետ։ Դրանք, առավել ևս, անհամատեղելի են հիմա, երբ երկիրը գտնվում է տնտեսական անկման մեջ։
Նորություն չէ, որ ընտրությունները տնտեսության մեջ բացասական սպասումներ են առաջացնում։ Տնտեսությունն ընտրությունների ողջ ընթացքում, այդ թվում՝ նախընտրական և հետընտրական շրջանում, դադար է վերցնում։
Այնպես չէ, որ մինչ այդ մեր տնտեսության մեջ բացասական սպասումներ չկային։ Անշուշտ, կային, բայց հիմա դրանք ավելի կխորանան։
Հատուկ ունակություններ պետք չեն՝ հասկանալու համար, թե արտահերթ ընտրություններն ինչ են նշանակում տնտեսության համար։ Հատկապես հիմա, երբ երկրում ամեն ինչ խառնվել է իրար և դժվար է նույնիսկ կանխատեսել, թե ինչ կարող է լինել անգամ ընտրություններից հետո։
Անորոշությունների աստիճանը՝ երկրի ներքաղաքական իրավիճակի հետ կապված, չափազանց բարձր է՝ նույնիսկ արտահերթ ընտրությունների գնալու պարագայում։ Իսկ դա մեծ ռիսկ է տնտեսության համար։
Նման պայմաններում տնտեսությունը գերադասում է սպասել անորոշությունների հանգուցալուծմանը։
Դադարելու են նոր ծրագրերը, դանդաղելու կամ սառեցվելու են գործողները։
Այս փուլում ընդհանրապես պետք է մոռանալ ներդրումների մասին։ Ներդրումներ չեն լինելու։
Չնայած այնպես չէ, որ մինչև այժմ ներդրողները գլուխ էին ջարդում մեր երկրում ներդրումներ անելու համար։ Հիմա, առավել ևս, ներդրումներն ընդհանրապես կդադարեն, որքան էլ դրանց կարիքը մեծ է։
Տարին տնտեսության համար լինելու է կորսված։ Ընտրական ամբողջ գործընթացի ժամանակ տնտեսությունն էլ ավելի կսեղմվի։ Դա նշանակում է, որ կշարունակենք գլորվել տնտեսական անկման անդունդը։
Որքան շատ խորանանք դրա մեջ, այնքան հետագայում ավելի դժվար կլինի այնտեղից դուրս գալը։
Անշուշտ, արտահերթ ընտրությունները ներքաղաքական լարվածությունը թուլացնելու հնարավորություն է։ Բայց տնտեսական այսպիսի իրավիճակում, առանց տնտեսությունը քիչ թե շատ կայունացնելու, վստահությունը վերականգնելու, խաթարված պրոցեսները տնտեսական հուն վերադարձնելու, ընտրությունների գնալն աղետալի կլինի տնտեսության համար։ Եվ ինչո՞ւ միայն տնտեսության համար։
Տնտեսության պասիվացումը միայն նրա համար չէ, որ տեսնենք, թե տնտեսական ցուցանիշներն ինչպես են վատացել։ Դրանց հետևում կոնկրետ հետևանքներ են։
Տնտեսության պասիվացումը բերում է բազմաթիվ խնդիրների և հատկապես սոցիալական հատվածում։ Փակվում են աշխատատեղեր, ավելանում է գործազրկությունը, նվազում են աշխատավարձերը, և այդպես շարունակ։ Խնդիրները շատ են, դրանք նաև ֆինանսական հատվածում են։
Բայց իշխանություններին այդ խնդիրները քիչ են հուզում։ Հանուն իրենց աթոռների՝ նրանք պատրաստ են գնալ ծայրահեղ քայլերի։ Կարևոր չէ, թե երկիրն ու հասարակությունն ինչքան թանկ կվճարեն դրա համար։
Երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմն առաջնորդվել է այդ սկզբունքով ու երկիրը բերել-կանգնեցրել է կործանման եզրին։ Այսօր էլ չի ուզում հրաժարվել դրանից և իր արկածախնդրությամբ պատրաստ է հերթական փորձության տանել երկիրը։
Բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյան վարչապետով ընտրության գնալը չի կարող ելք լինել այն ներքաղաքական խնդիրներից, որոնք առաջացել են մեր երկրում, հատկապես՝ հետապատերազմյան ժամանակաշրջանում։ Կարևորն այն չէ՝ Նիկոլ Փաշինյանը կկեղծի՞, թե՞ չի կեղծի ընտրությունները։ Չնայած դրա համար ոչ մի հիմք չկա։ Այն, որ անցած ընտրությունները չի կեղծել, դա դեռ ոչինչ չի նշանակում։
Ժամանակին Առաջին նախագահն էլ ընտրվեց առանց ընտրությունները կեղծելու։ Դրա կարիքը նա պարզապես չուներ։ Բայց, երբ պահը եկավ, լավ էլ կեղծեց։
Ինչո՞ւ չի կարող նույնը անել Նիկոլ Փաշինյանը։
Ուստի՝ այն, որ նախորդ ընտրությունները չի կեղծել, ուրեմն չի կեղծի նաև այս ընտրությունները, բացարձակ հիմքեր չունենք։ Հատկապես որ, նրան օդ ու ջրի պես պետք է հաղթել այս ընտրություններում։
Թե ինչո՞ւ, պարզ է։ Իշխանությունից զրկվելուց հետո Նիկոլ Փաշինյանը ստիպված է լինելու իրավապահ և ոչ միայն իրավապահ համակարգի, այլև ժողովրդի առաջ պատասխան տալ իր արածների ու չարածների համար։ Այն ամենի համար, ինչը երկիրը բերեց-հասցրեց այսօրվան։
Այնպես որ, Նիկոլ Փաշինյանն այս ընտրությունները կեղծելու շատ ու շատ պատճառներ ունի։ Նրա վարչապետությամբ ընտրությունների գնալը ոչ միայն արժեզրկում է ընտրությունները, այլև լուրջ կասկածներ է առաջացնելու դրանց օրինականության ու լեգիտիմության հետ կապված։
Այդ պայմաններում մեծ հարց է՝ սպասվող արտահերթ ընտրություններով մենք թուլացնելո՞ւ ենք ներքաղաքական լարվածությունը, թե՞ նոր խնդիրներ ենք ստեղծելու և ավելի մեծ ցնցումների մեջ ենք ներքաշելու երկիրը։
Այս հարցի պատասխանն այսօր չկա։ Բայց նման ցավոտ հեռանկարի հավանականությունը շատ մեծ է։
Այս ընթացքում հավանաբար շատերը համոզվեցին, որ Նիկոլ Փաշինյանը հենց այնպես չի զիջելու իշխանությունը։ Նա մինչև վերջ և բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով պայքարելու է վարչապետի աթոռը պահելու համար՝ կարևոր չէ դա լինելու է մինչև ընտրություննե՞րը, ընտրությունների ընթացքո՞ւմ, թե՞ ընտրություններից հետո։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ