Ճարտարապետության թանգարան-ինստիտուտում Հովհաննես Մարգարյանի հոբելյանին նվիրված ցուցահանդես կբացվի
Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտը պատրաստվում է նոր ցուցադրության, որն աշխատանքային փուլում է:
Ցուցադրությունը նվիրված կլինի Ճարտարապետ Հովհաննես Մարգարյանի 120-ամյակին:
Կցուցադրվեն Մարգարյանի ամենահայտնի գործերի ոչ այնքան հայտնի գծագրերն ու նախապատրաստական աշխատանքները: Ներկայացվելու է նաև Կոնյակի գործարանի շենքի այն գծագիրը, որի վրա իր հաստատող ստորագրությունն է դրել Անաստաս Միկոյանը:
Հովհաննես Մարգարյանը ծնվել է 1901 թվականին Նախիջևանի շրջանի Քաղաքիկ գյուղում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նախնական կրթությունն ստացել է տեղի ծխական դպրոցում։ Ինը տարեկանում տեղափոխվում է Երևան (Էրիվան), որտեղ սովորել և ավարտել է ավագ դպրոցը (պրոգիմնազիա), այնուհետև սովորել է դասական գիմնազիայում և ավարտել 1920 թվականին։ 1921-1928 թվականներին սովորել է ԵՊՀ-ի տեխնիկական ֆակուլտետում, որտեղ դասավանդում էին Եվրոպայի և Ռուսաստանի մշակութային կենտրոններում ուսում ստացած և աշխատած ականավոր պրոֆեսորներ:
Նա եղել է ԽՍՀ Շինարարության և ճարտարապետության ակադեմիայի իսկական անդամ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, եղել է ՕՊՐԱ-ի (Հայաստանի պրոլետարական ճարտարապետների կազմակերպության) հիմնադիր-անդամներից, «Հայպետնախագիծ» տրեստի գլխավոր ճարտարապետ, ՀԽՍՀ նախարարների խորհրդին առընթեր ճարտարապետության գործերի վարչության պետ, Միասնական Ռեսպուբլիկական նախագծային ինստիտուտի թիվ 2 արվեստանոցի ղեկավար, հետո նույն ինստիտուտի տիպային նախագծման արվեստանոցի ղեկավար, եղել է «Երևաննախագիծ» ինստիտուտի գլխավոր ճարտարապետ, Հայաստանի ճարտարապետների միության վարչության նախագահ։
Մարգարյանի նախագծերով Հայաստանում կառուցվել են բազմաթիվ բնակելի, հասարակական և արդյունաբերական շենքեր, որոնք ձևավորում են քաղաքների ճարտարապետական տեսքը։