Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի իր պաշտոնավորումը. Սահմանադրագետ

Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է տարածել՝ Արտակ Դավթյանին իրավունքի ուժով ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակված համարելու մասին։

Ավելի ուշ եղավ նաև Արտակ Դավթյանի ուղերձը, որով նա տեղեկացնում էր ՝ Զինված ուժերի ղեկավար կազմի հայտնի հայտարարությունից հետո ստեղծված իրավիճակը հանգուցալուծվեց, իսկ առկա տարաձայնությունները տեղափոխվեցին իրավական դաշտ։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Վարչական դատարանը, դատավոր Մհեր Պետրոսյանի նախագահությամբ, նախ՝ վարույթ էր ընդունել Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հայցն իրավահարաբերությունների բացակայության վերաբերյալ, ապա՝ բավարարել պաշտպանական կողմի` հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, որի բավարարման դեպքում Օնիկ Գասպարյանը վերադառնում էր իր պարտականությունների կատարմանը, մինչև վերջնական վճռի հրապարակումը։

Դատարանը բավարարեց հայցի ապահովման միջոց կիրառելու մասին միջնորդությունը, և Օնիկ Գասպարյանը հաջորդ օրն իսկ առավոտյան վերադարձավ աշխատանքի։

168.am-ն այսօր Օնիկ Գասպարյանի պաշտպան Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվել էր, թե որն է լինելու իրենց հաջորդ քայլը։

«Այսօր հաղորդում կտանք հանցագործության մասին, զուգահեռ՝ կճանաչենք Արտակ Դավթյանի` ԳՇ պետ լինելու իրավահարաբերության բացակայությունը, ու կմիջնորդենք հայցի ապահովման 2-րդ միջոցը կիրառել հենց այդ մասով»,- ի պատասխան՝ նշել էր պաշտպանը:

Ի վերջո, ինչպիսի հանգուցալուծում կլինի այս իրավիճակում՝ հարցը շարունակում է մնալ անորոշ, քանի որ ներկա քաղաքական անկայունության պայմաններում որոշումներն ու լուծումներն էլ են անկայուն, կարճամետրաժ ու անհստակ:

ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանի գնահատմամբ, օրինակ, վարչապետի այս նշանակումն օրենքի շրջանակներում է:

«Ցավոք, վարչապետը ճիշտ է: Օրենքի տառն է այդպես պահանջում»,- արձագանքեց Մովսես Հակոբյանը, ապա կրկին օրենքի մասին հիշեցնելով՝ նկատեց, որ, թեև Օնիկ Գասպարյանն իրավունք ունի իրավական դաշտում քննել խնդիրը, բայց վերականգնվել չի կարող:

Հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում ԳՇ պետի նման հապճեպ փոփոխություններին, նորմա՞լ է, նա պատասխանեց. «Աննորմալություն է ոտքից գլուխ, վատ է, որ այդպես է. այդպես չպետք է լինի»:

Ի պատասխան հարցին էլ, թե ո՞րն է լուծումն այս պարագայում, ԳՇ նախկին պետը շեշտեց. «Լուծումն այն է, որ քաղաքական իշխանությունը խելքները գլուխը պետք է հավաքի, բանակի հետ լուրջ զբաղվի. բանակով պետք է զբաղվեն մասնագիտացված, ոչ թե՝ քաղաքական ցանկություններից ելնելով»:

Սահմանադրագետ Վարդան Այվազյանը մեզ հետ զրույցում վարչապետի ձևակերպմամբ՝ «իրավունքի ուժով» նշանակումը որակեց անօրինական՝ հիշեցնելով իշխանությունների բաժանման համակարգի ու դրա հետևանքով ենթադրվող գործողությունների մասին:

«Որևէ Գործադիր կամ Օրենսդիր իշխանություն չի կարող վարչական դատարանի ակտը վերացնել: Եվ, ընդհանրապես, գոյություն ունի իշխանությունների բաժանման համակարգ՝ Օրենսդիր, Գործադիր և Դատական: Դատական իշխանության էությունը նրանում է, որ կոչված է ցանկացած բնույթի հակամարտություններին տալ լուծում:

Այժմ կա հակամարտություն ԳՇ պետի և վարչապետի միջև, և այդ հակամարտության ժամանակ, բնականաբար, ամեն մեկը փորձելու է իր սուբյեկտիվ մեկնաբանություններով հիմնավորել իր ճշմարտացիությունը: Դրա համար գոյություն ունի Դատական իշխանություն. Դատական իշխանությունը կայացրել է ակտ, և դատական իշխանության ակտից հետո՝ լինի վարչապետը, լինի պրեզիդենտը, թե լինի Միավորված ազգերի գլխավոր քարտուղարը, ոչ մեկն իրավունք չունեն մեկնաբանելու:

Վարչական դատարանի ակտի դեմ ցանկացած գործողություն կարելի է որակել՝ որպես իշխանազավթում, ընդ որում, Քրեական օրենսդրությամբ էլ նախատեսված է՝ դատարանի ակտը չկատարելու համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Այնպես որ, որևէ փորձ ճիշտ չէ, որպեսզի նսեմացվի Դատական իշխանության էությունը»,- նշեց սահմանադրագետը:

Ճշգրտմանը, թե այսինքն՝ Արտակ Դավթյանի «իրավունքի ուժով» նշանակումը  հակաօրինակա՞ն է, հակասահմանադրակա՞ն է, Վարդան Այվազյանը պատասխանեց. «Իհարկե, հակասահմանադրական է, որովհետև «իրավունքի ուժ» կոչվածը՝ չգիտեմ՝ ոնց են մեկնաբանում…»։ Ապա նա հիշեցրեց վարչապետի ու նրա աշխատակազմի հայտարարություններում առկա ձևակերպումները «իրավունքի ուժով» և «շրջադարձելի» չլինելու մասին՝ նկատելով. «Այդ «իրավունքի ուժով ակտի ուժի մեջ մտնելը շրջադարձելի չէ»-ն իրավագիտության մեջ նույնն է, ոնց որ փորձես նոր բազմապատկման աղյուսակ հորինել կամ, ասենք, փետրվարը դարձնել 31-32 օր: Նման հասկացություն գոյություն չունի. կա Սահմանադրության 61-րդ հոդված, որն ասում է՝ յուրաքանչյուր ոք ունի իր խախտված իրավունքների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք:

Օնիկ Գասպարյանն օգտվել է Սահմանադրության իր իրավունքից, և դատարանն էլ համապատասխան, համարժեք դատական ակտ է ընդունել՝ այս պահի դրությամբ միջանկյալ դատական ակտ:

Այժմ դա ոչ վարչապետն իրավունք ունի սուբյեկտիվ մեկնաբանել, ոչ էլ որևէ այլ մարմին. պետք է ընդունել դատական ակտը: Եթե դատական ակտի հետ ունեք խնդիր, ապա դրա համար օրենսդրությունը նախատեսում է վերաքննության ինստիտուտը:

Վարչապետը, անկախ նրանից՝ ինքն ինչ դերակատարություն ունի պետական իշխանության աստիճանակարգում, որևէ լիազորություն չունի չհամաձայնելու կամ չհամակերպվելու դատական ակտի հետ»:

Դիտարկմանը՝ մինչև վերջնական որոշումը Օնիկ Գասպարյանը պետք է ղեկավարե՞ր Զինված Ուժերը, մեր զրուցակիցն արձագանքեց՝ միանշանակ:

Հստակեցմանը՝ այսինքն՝ Օնիկ Գասպարյանը պետք է շարունակի՞ իր պաշտոնավարումը, սահմանադրագետը վերահաստատեց. «Իհարկե,  պետք է շարունակի իր պաշտոնավորումը»:

Տեսանյութեր

Լրահոս