«Այն, որ պարոն Վարդազարյանը հերոսական դիմադրություն ցույց տվեց քաղաքական, իրավական, մշակութային զրո պատկերացումներ ունեցող մարդկանց, խոսում է այն մասին, որ մենք առայժմ ունենք պինդ, ամուր ԲԴԽ նախագահ»
«Այսօր, ինչպես գիտեք, «Իմ քայլը» խմբակցությունը հերթական նվաճողական քաղաքականության շրջանակներում ներկայացրել է նախաձեռնություն Դատական օրենսգրքի փոփոխության վերաբերյալ և կից մոտավորապես 3-4 օրենքների: Ո՞րն է այս օրենքների նպատակն ու իմաստը. այս օրենքների նպատակը հերթական ոտնձգությունն է Դատական իշխանության նկատմամբ քաղաքական իշխանության կողմից»,- Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ ընթացող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանը։
Նրա համոզմամբ՝ առաջին հայացքից նույնիսկ անմեղ կամ դրական թվացող փոփոխությունների խորքում ու հիմքում դրված է իշխանությունների քաղաքական ձգտումներն իրացնելու ցանկությունը.
«Առաջին հայացքից թվում է, որ լավ բան են անում, երբ, օրինակ, դատավարության մասնակիցների կողմից իրենց իրավունքներն իրականացնելու ժամանակ, եթե չարաշահումներ են անում՝ արհեստականորեն ձգձգում են դատական նիստերը, անհրաժեշտ է, որպեսզի սահմանափակվի այդ հնարավորությունը, որպեսզի դատավարությունը գնա ըստ էության, արագ և արդյունավետ: Մինչդեռ մենք բոլորս հասկանում ենք, որ այս քաղաքական իշխանության նպատակն է՝ բացել դուռ՝ ճնշում գործադրելու այն դատավորների նկատմամբ, որոնք իրենց ցանկությունը պետք է կատարեն։ Բայց այսօր մեկնաբանում են և ասում են, որ մենք չենք կարող ընդհատել կողմի կամ փաստաբանի միջնորդությունը բացարկ հայտնելու և այլն:
Ինքնին այս իրավունքի սահմանափակումը միջազգային իրավակիրառ պրակտիկայում ընդունված է և բավական արդյունավետ աշխատում է, բայց այդ փորձը վկայում է, որ այնտեղ իրական նպատակ է դրված եղել անկախ դատական համակարգ ստեղծելու, այլ ոչ թե մեր երկրի պես՝ քաղաքական իշխանության կողմից ամեն գնով դատարանները յուրացնելու ձգտումով:
Երկրորդ օրինակը՝ աննախադեպ է, երբ որ ԲԴԽ-ին՝ որպես Սահմանադրությամբ դատարանների և դատավորների անկախությունը երաշխավորող մարմնին, տրվում է ինքնուրույն, ըստ էության, վարույթ հարուցելու իրավասություն՝ դատավորներին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցում: Սա ոչ այլ ինչ է, քան պարզապես դատարանները և դատավորները դարձնել մի քանի անձի ցանկությունների կատարման վայր, տիրույթ և կամակատարներ:
Վտանգն այն է, որ ՀՀ դատավորները ստիպված պետք է լինեն ոչ թե արդարադատություն իրականացնել, այլ անընդհատ փաստաբանական ծառայություններից օգտվեն. աբսուրդ է սա: Ավելորդ ծանրաբեռնվածություն, և ակնհայտ քաղաքական բնույթի գործողությունները տեղափոխում են հիմա էլ օրենսդրական դաշտ, որպեսզի օրենքով նման լիազորություններ ունենան:
Հատկապես մեր հանրությունը տեսել է, թե ինչպես է դատարանը կամ դատավորը, հենց անկախության դրսևորում փորձում անել, միանգամից՝ ԱԱԾ, ՀՔԾ բոլոր կառույցներին հարձակման հրամանով՝ սկսում են այս դատարանների ու դատավորների նկատմամբ իրականացնել սահմանափակման վայրագ գործողություններ՝ նրանց ընտանեկան կյանքի վերաբերյալ և այլն, և սա փաստորեն ո՛չ ավել, ո՛չ պակաս, այդ գործողությունները որոշակի օրինականացնելու գործընթաց է»:
Նախկին պատգամավորը վստահ է՝ այս նախաձեռնություններում միտում կա դատական համակարգը քաղաքական իշխանության կամակատար դարձնելու. «Սա Նիկոլ Փաշինյանի կառավարության և այս քաղաքական իշխանության ձգտումն է, ցանկությունն է. մենք պետք է բոլորս կարողանանք նաև ըմբռնել և հասկանալ՝ երբ երկիրն այսօր կանգնած է ծանր վիճակի առաջ, դավադիր պատերազմի հետևանքով հանձնված են հողեր, երկիրը կանգնած է սոցիալ-տնտեսական կոլապսի առաջ, երկիրը կանգնած է արտագաղթի հսկայական ծավալի առաջ, դեմոգրաֆիական աղետի առաջ, և այս մարդկանց համար թիվ մեկ օրակարգն այսօր՝ արտահերթ նիստով բերել և ԱԺ-ում քննարկման առարկա դարձնել այսպիսի հակասահմանադրական, հակատրամաբանական, հակաիրավական նախաձեռնություններ» :
Նա վստահեցրեց ՝ իշխանափոխությունից հետո վերացնելու են նման արատավոր երևույթները, սակայն այս պահին ևս պետք է կանխել դրանք.
«Եթե «Իմ քայլ»-ի պատգամավորները չեն գիտակցում կամ չեն պատկերացնում՝ ինչի մասին է խոսքը, մենք եկել ենք, որպեսզի դուրս գան և պատգամավորների հետ զրուցենք, իրենց ներկայացնենք իրական, առարկայական վտանգները: Կամ, եթե իրենք հասկանում են ու գնում այդ հանցագործությանը, ուրեմն պետք է իրենց ճակատին ասվի, որ իրենք պատասխանատվություն են կրելու այս ամենի համար»:
Արձագանքելով լրագրողների դիտարկմանը, թե ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն այսօր հայտարարել է՝ որքան էլ քաղաքական ճնշումներ լինեն, չեն ենթարկվի որևէ ճնշման և կշարունակեն օբյեկտիվ որոշումներ կայացնել, և պատասխանելով հարցադրմանը՝ ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք իշխանությունը կհասնի արդեն Բարձրագույն դատական խորհուրդ, և իրենց թեկնածուին կհասցնեն նախագահի պաշտոնին, նոր կկարողանան այս ամենը իրագործել, ՀՅԴ գործիչը նշեց.
«Հարձակումը ԲԴԽ նախագահի և այն դատավորների նկատմամբ, որոնք անկախություն են դրսևորում և փորձում են հակադրվել քաղաքական իշխանության ցանկություններին, տեսեք՝ ինչպիսի հարձակումների են ենթարկում. սրանց նպատակը նաև՝ ցույց տալ ուժի գործադրմամբ, որ մենք ի վիճակի ենք նաև օրենսդրական փոփոխություններով ձեզանից յուրաքանչյուրի մասով սկսել վարույթներ և պատասխանատվության ենթարկել: Սա է քաղաքական իշխանության ցանկությունը:
Իսկ այն, որ կան հստակ դատավորներ, որոնք «ոչ» են ասել այս քաղաքական իշխանության քաղաքական պատվերներին, այս մարդիկ արդեն հայտնվել են թիրախում:
Այն, որ պարոն Վարդազարյանը հերոսական դիմադրություն ցույց տվեց, ըստ էության, քաղաքական, իրավական, մշակութային զրո պատկերացումներ ունեցող մարդկանց, սա խոսում է այն մասին, որ մենք առայժմ ունենք պինդ, ամուր ԲԴԽ նախագահ: Բայց հետևողականորեն տեսնում եք, թե ինչպիսի արշավ է սկսված նրա դեմ, ուստի և ամեն ջանք քաղաքական իշխանությունը փորձում է գործադրել, որպեսզի նաև դատավորների արժանապատվությունը վիրավորելով հանդերձ՝ փորձի ստիպել, որպեսզի նրանք հանձնեն իրենց դիրքերը»:
Արծվիկ Մինասյանը նաև դիմեց այն դատավորներին, որոնք կարողանում են պաշտպանել արժանապատվությունը, Սահմանադրությամբ ամրագրված դատարանի և դատավորի անկախության հիմնարար սկզբունքները՝ կոչ անելով չտրվել ճնշումների, շարունակել պայքարել հանուն արդարության, իրականացնել արդարադատություն:
Մանրամասները՝ տեսանյութում