Ռուսաստանում շատ լավ գիտակցում են, որ ՀՀ-ն այս պահին գտնվում է անցումային փուլում. Փորձագետը՝ ՌԴ գազային քաղաքականության մասին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝  ՀՀ կառավարական պատվիրակությունը, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ, գործուղվել է Մոսկվա:

Կառավարական պատվիրակության կազմում են նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:

Հասկանալի է՝ նման կազմով գործուղումը ենթադրում է, որ հայ-ռուսական համագործակցության օրակարգում լինելու է գազի սակագնի հարցը:

Բանակցությունների արդյունքները «վահանո՞վ, թե՞ վահանի վրա» կբերեն ՌԴ գործուղված մեր պատվիրակները՝ հարցը փորձագետների քննարկումների ծիրում է:

168.am-ի հետ զրույցում Էներգետիկ անվտանգության ինստիտուտի նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Վահե Դավթյանը շեշտեց՝ գազի հարցը բացառապես քաղաքական է, և հենց քաղաքական նպատակադրումներից ելնելով էլ Հայաստանի հետ, թերևս առաջին անգամ, «Գազպրոմ»-ը պայմանագիր է կնքել ընդամենը երեք ամսով:

Անդրադառնալով ակնկալվող բանակցություններից ակնկալվող արդյունքներին՝ փորձագետը նկատեց. «Առավելագույնը, ինչին մենք կարող ենք հավակնել այս բանակցությունների շրջանակներում, այն է, որ «Գազպրոմը» ևս 3 ամսով, կամ ինչ-որ անհայտ ժամանակահատվածով (խոսքը մեկ տարվա մասին չէ. ամիսների մասին է) կերկարացնի պայմանագիրը՝ պահպանելով նույն գինը:

Սա վկայում է այն մասին, որ, իհարկե, «Գազպրոմ»-ի՝ խոշոր հաշվով՝ ՌԴ-ի կողմից այլևս չկա այն վստահությունը, որն ավանդաբար կար ՀՀ-ի նկատմամբ, և Մոսկվան չի ցանկանում Երևանի հետ երկարաժամկետ հարցեր քննարկել»:

Վահե Դավթյանը ներկայացրեց նաև հայկական կողմի բանակցային ռազմավարությունը, բանակցային դրույթների խոցելիությունը. «Տակտիկան ամբողջությամբ փակուղային է:

Առաջին դրույթը, որը նրանք, որպես կանոն, առաջ են մղում, այն է, որ՝ քանի որ ՀՀ-ն ԵԱՏՄ անդամ է, ապա հետևաբար՝ պետք է կիրառվեն նույն սակագները Հայաստանի համար, ինչ, օրինակ, Ռուսաստանի:

Սա անհեթեթություն է, որովհետև բավական է բացել 2016 թ. ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման ծրագիրը՝ հասկանալու համար, որ միասնական սակագնի մասին որևէ խոսք չկա:

Դրա մասին հիմնականում խոսում է Փաշինյանը, առանձին դեպքերում՝ Լուկաշենկոն, բայց Լուկաշենկոն դա անում է զուտ իր դիրքերն ամրապնդելու և Ռուսաստանից հնարավորինս շատ դիվիդենտներ ստանալու համար, իսկ Հայաստանի գործող իշխանությունները՝ սեփական դիլետանտիզմից ելնելով:

Այս հարցին առավել ընդգրկուն կերպով անդրադարձավ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ԵԱՏՄ գագաթաժողովում, երբ հայտարարեց, որ միասնական սակագին ունենալու համար անհրաժեշտ է խորքային ինտեգրում, ինչը ենթադրում է միասնական մաքսային, հարկային համակարգ, ընդհուպ՝ միասնական արժույթ, և այլն: Այսինքն՝ սրա մասին մենք տեսանելի ապագայում չենք կարող խոսել:

Հավանաբար երբ այս իշխանությունները պարբերաբար ասում են՝ միասնական սակագին, տեսել են փաստաթղթի մեջ միասնական սակագին սահմանումը, բայց չեն հասկացել՝ ինչի՞ն է դա վերաբերում։ Միասնական սակագինը, այդ վերոնշյալ 2016 թ. պայմանագրում, վերաբերում է բացառապես ենթակառուցվածքներից օգտվելու և տարանցման սակագներին, որոնք պետք է միասնական լինեն ԵԱՏՄ-ի շրջանակներում, և ոչ թե՝ գազի վերջնական սակագնին:

Երկրորդ տակտիկական դիլետանտիզմը, որը մենք տեսնում ենք մեկուկես տարվա ընթացքում, այն է, որ ամեն կերպ պաշտոնական Երևանը փորձում է առաջ տանել այն դրույթը, թե Հայաստանի համար Ռուսաստանից մատակարարվող բնական գազի գինը պետք է իջնի, քանի որ աշխարհում էլ բնական գազի գինն իջել է: Ընդ որում, իներցիայով կրկնելով այն դրույթները, որոնք արդիական էին կորոնավիրուսի բռնկման առաջին ամիսների ժամանակ՝ այսպես կոչված, ապրիլյան շոկի ժամանակ, բայց որոնք ամենևին արդիական չեն այսօր:

Անգամ, եթե հիշում եք, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նամակ էր գրել «Գազպրոմի» նախագահ Ալեքսեյ Միլլերին՝ նշելով, որ ամբողջ աշխարհում գազի գինն իջել է, մեզ մոտ ինչո՞ւ չի իջնում՝ առանց հասկանալու, որ գազի գինն առավելապես իջել է այն շուկաներում, որոնք գործում են սփոթային մոդելով։ Այսինքն՝ գործում է բորսային առևտուր, իսկ մեր դեպքում առկա են երկարաժամկետ պայմանագրեր՝ առաջինը, և երկրորդը՝ սփոթային շուկաներում գազի գինը կարող է էապես տատանվել մեկ ժամվա ընթացքում: Եթե ապրիլյան շոկի ժամանակ կորոնավիրուսով պայմանավորված՝ գազի գինը Եվրոպայում հասել էր 40 կամ 50 դոլարի, այսօր արդեն Եվրոպայում հասել է 250 դոլարի:

Այսինքն՝ երբ մենք ասում ենք՝ միջազգային շուկային համապատասխանեցնենք հայաստանյան գները, մենք պետք է պատրաստ լինենք նաև այնպիսի իրավիճակի, որում գործող 165 դոլարը լինելու է շուկայականից ցածր»:

«Երկու պետություն կա այսօր, որոնց հետ Ռուսաստանն իրականացնում է զեղչային գնային քաղաքականություն՝ Մոլդովան և Բելառուսը. Երկու դեպքերում էլ առկա են աշխարհաքաղաքական շատ հստակ նպատակներ»,- հիշեցրեց քաղաքագետը։

Այնուհետև արձագանքելով մեր դիտարկմանը, որ, եթե Հայաստանը ևս աշխարհաքաղաքական առումով հետաքրքրություն ներկայացնի, Ռուսաստանն այդ գնային քաղաքականությունը նաև Հայաստանո՞ւմ կբանեցնի, նա պատասխանեց․ «Անշուշտ, ինչպես դա արվում էր պարբերաբար, և անգամ մինչև այս թավշյա հեղաշրջումը կամ իշխանափոխությունը իջեցնում էր գինը (եթե հիշում եք, 2016 թվականին 15 դոլարով իջեցրեց, պլանավորում էր հետո ևս այլ զեղչային մեխանիզմներ կիրառել)»:

Կրկին անդրադառնալով ՌԴ կողմից վերջին շրջանում պայմանագրի կարճաժամկետ երկարացումներին՝ Վահե Դավթյանը նկատեց. «Իմ խորին համոզմամբ, խնդիրն այն է, որ Ռուսաստանում շատ լավ գիտակցում են, որ Հայաստանն այս պահին գտնվում է անցումային փուլում, և ուզում են հասկանալ, թե, ի վերջո, ո՞ր ուղղությամբ է շարժվելու ներհայաստանյան քաղաքական վիճակը. Կախված դրանից՝ կկիրառվի նաև գազային գործիքը՝ գնի բարձրացման կամ իջեցման տեսքով»:

Տեսանյութեր

Լրահոս