ԵԱՀԿ-ն դեռ չի կարողանում ներգրավվել տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակը հանգուցալուծելու գործին․ փորձագետ
Երևանում կայացավ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հանդիպումը ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հետ, որի արդյունքներով նախարարները հանդես եկան հայտարարություններով։ Անն Լինդեն ներկայացրեց, թե որն է լինելու ԵԱՀԿ առաջնահերթությունը Ղարաբաղյան տարածաշրջանում պատերազմից հետո։ Նա նշեց, որ այս տարի, որպես ԵԱՀԿ գործող նախագահ, ողջունում է ՄԽ համանախագահների աշխատանքը և ԵԱՀԿ անձնական ներկայացուցչի ջանքերը՝ գտնելու երկարաժամկետ կայուն լուծում այս առճակատման հարցում։ Եվրոպացի պաշտոնյան ասաց, որ մի քանի հարցեր լուծման կարիք ունեն։ Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն և միջազգային հանրությունը՝ որպես ամբողջություն, կարևոր դեր ունեն խաղալու՝ անմիջական իրավիճակին անդրադառնալու և առաջ ընթանալու գործում։
«Էական է, որ ցանկանում եմ ընդգծել, այս փուլում կարևոր է հարգանք դրսևորել միջազգային իրավունքի հանդեպ, ներառյալ՝ միջազգային մարդասիրական իրավունքը։ Ես ուզում եմ շեշտել նաև վստահության կառուցման միջոցների անհրաժեշտությունը, ինչպես նաև միջազգային դերակատարների մասնակցությունն ապահովելու հարցում»,- Երևանում նշեց ԵԱՀԿ գործող նախագահը։
Հիշեցնենք, որ նախօրեին Անն Լինդեն այցելել էր Բաքու, որտեղ բարձրացրել էր ԵԱՀԿ ՄԽ աշխատանքը վերականգնելու, ինչպես նաև ռազմագերիների վերադարձի անհրաժեշտության հարցը։ Եվրոպացի դիվանագետը, բնականաբար, տարբեր հարցերի վրա շեշտադրումներ արեց Երևանում և Բաքվում։ Երևանում նա կարևորեց նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարության իրագործումը, իսկ Բաքվում՝ հարգանքը միջազգային մարդասիրական իրավունքի ուղղությամբ։
Ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը մեզ հետ զրույցում ասաց, որ ԵԱՀԿ-ն փաստորեն կողմերին որևէ լուրջ առաջարկ չունի անելու, բացի բոլորիս հայտնի ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքը, հատուկ ներկայացուցչի դիտորդական առաքելությունն ու ավանդական վստահություն ձևավորելու միջոցառումները։
Ըստ նրա, պարզապես դժգոհելով, որ ԵԱՀԿ ներկայությունը հակամարտության տարածաշրջանում բավարար չէ, հնարավոր չէ արդյունքի հասնել:
«Իմ տպավորությամբ՝ սա պարզապես անհրաժեշտ այց էր՝ առանց լուրջ պատրաստական աշխատանքի ու հիմքի, առանց ստեղծարարության։ Վերջին չորս և ավելի ամիսների ընթացքում բազմաթիվ հայտարարություններ են հնչել, որ ԵԱՀԿ ՄԽ բանակցությունները պետք է վերսկսվեն, հատուկ ներկայացուցչի գրասենյակն իր աշխատանքը պետք է վերականգնի, սակայն գործնականում, փաստորեն, դիվանագիտությունն այդ ուղղությամբ չի գործում, և ի հակառակ դրան՝ աշխատում են ու ընթանում եռակողմ բանակցությունները։ Ակնհայտ է, որ ԵԱՀԿ ՄԽ-ն չի կարողանում գործուն դերակատարություն ունենալ, և ես ավելի վաղ ևս ուշադրություն եմ հրավիրել այդ հանգամանքի վրա, որ այս հակամարտության կարգավորման համար շատ ավելի հեղինակավոր և բարձրաստիճան ներգրավմամբ հարթակ է հարկավոր»,- ասաց Ալեքսանդր Սկակովը՝ շարունակելով՝ ինչպես երևում է և ակնկալվում էր, այլ առաջարկ չկա, իրավիճակին համահունչ առաջարկ չկա, բայց իրավիճակը փոխվել է, և հարցերը քննարկվում ու կարգավորվում են այլ խաղացողների ներգրավմամբ։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵԱՀԿ պաշտոնյան և ընդհանրապես Արևմուտքը չի մերժում նոյեմբերի 10-ի հրադադարի հայտարարությունը։
«Սակայն մտավախություններ կային դրանից անմիջապես հետո, որ այդ հայտարարությունը կդրվի կասկածի տակ, որոշ խնդիրներով ու վերապահումներով դա ներկայումս ընդունվեց, քանի որ այն ապահովել է հրադադար կողմերի միջև։ Պետք է հաշվի առնել նաև, որ ոչ բոլոր գործընթացներն են մեզ համար ակնհայտ ու հրապարակային։ Ուստի լիովին հասկանալի է, թե ինչպես են ցանկանում վերագործարկել ՄԽ աշխատանքը, դեռ տեսանելի չէ, ակնհայտ է, որ այդ ուղղությամբ ջանքեր ներդրվում են, և կուլիսում ինչ առաջարկներ են արվում, դժվար է գուշակել։
Սակայն բոլոր ջանքերը ԵԱՀԿ ՄԽ-ն վերականգնելու ուղղությամբ են, Արևմուտքը սպասում է՝ երբ կողմերը կհամաձայնեն աշխատել ՄԽ-ի հետ, սակայն այդ ընթացքում եռակողմ մակարդակով այլ հարցեր են քննարկվում և պայմանավորվածություններ ձեռք բերվում։ Այս իրավիճակը տարօրինակ է, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն հայտնվել է ավելորդի կարգավիճակում, և դրա գործառույթները, անկախ արդյունքներից, ցանկանում են վերականգնել։
Հասկանալի է, որ տեղի է ունեցել այնպիսի փոփոխություն, որից արմատական վերանայումներ պետք է արվեն, բայց դրանք դեռ չեն երևում՝ կա նոր իրավիճակ և առաջարկվող հին օրակարգ, որը տեղին չէ։ ԵԱՀԿ-ն դեռ չի կարողանում ներգրավվել տարածաշրջանի հետպատերազմյան իրավիճակը հանգուցալուծելու գործին, և այս այցը դա ցույց տվեց»,- ասաց Սկակովը։