Բաժիններ՝

6 հոգով էինք մնացել գյուղում. Օկուպացված Այգեհովիտի բնակիչը՝ կորցրած տան, այգու և ներկա խնդիրների մասին

Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով օկուպացվել է նաև Քաշաթաղի շրջանի Այգեհովիտ գյուղը:

Ռուբեն Սամսոնյանը, ով ընտանիքի հետ այնտեղից դուրս է եկել հոկտեմբերի 18-ին, այժմ բնակվում է Արարատի մարզի Այգեստան գյուղում՝ կիսաքանդ տանը, ունի սոցիալական խնդիրներ:

«Ավերակ տուն է, կաթում է, ահավոր վիճակ է: Վարձ չենք վճարում, տվել են՝ մի կերպ ապրենք, մինչև տեսնենք՝ ինչ է լինելու: Տանտերը Ֆրանսիայում է, գալու է՝ տունը քանդի, նորից սարքի:

5 անչափահաս երեխա ունեմ, կինս օստեոխոնդրոզ հիվանդությունն ունի, սեպտեմբերի 27-ին բերել էի հիվանդանոց՝ բուժման համար, այն էլ պատերազմը սկսվեց՝ հետ վերադարձանք ու մինչև վերջ մնացինք: Կամավորներին  էինք օգնում, տեղավորում էինք մեր տանը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռուբենը:

Մեր զրուցակիցը նշեց՝ արցախյան երկրորդ պատերազմը շատ է տարբերվել առաջինից:

«Աչքս վիրահատել էին, մի աչքիս ոսպնյակը փոխված է, դրա համար չկարողացա մասնակցել պատերազմին, և օգնությունս թիկունքում է եղել: Սակայն, կարող եմ ասել, որ արցախյան երկրորդ պատերազմն առաջինից տարբեր էր: Առաջինին ես մասնակցել եմ և պայմանագրային զինծառայող էի: Երկրորդ պատերազմում, օրինակ, Ջաբրայիլում թուրք չենք տեսել: Լրիվ «Սմերչ» էր խփում, «Գրադ», անօդաչուներն էին… 6 հոգով էինք մնացել գյուղում՝ ես, կինս, գյուղապետն ու ևս մի քանի գյուղացի: Մենք գյուղն ամենավերջինն ենք լքել: Հոկտեմբերի 18-ին երբ դուրս եկանք,  հենց առավոտյան գյուղում «Ուրալին» խփել էին, 15 զինվոր մեջը մահացել էր»,- պատմեց Ռուբենը:

Ընտանիքը հիմա ունի աջակցության կարիք, և ինչպես նշեց ընտանիքի հայրը՝ հիմնականում գումարի անհրաժեշտություն կա:

«Մասնագիտությամբ վարորդ եմ, այս պահին ոչ կինս է աշխատում, ոչ ես: Այգեհովիտում այգեգործությամբ էի զբաղվում, ունեի 400 ծառ արքայախնձոր և 6000 մետր թզի այգի: Համայնքապետարանն օգնում է, օգտվել ենք նաև կառավարության կողմից հատկացվող սոցիալական աջակցության ծրագրից: Մենք հիմա ամենաշատը գումարի կարիք ունենք, որ կարողանանք որոշ խնդիրներ ինչ-որ չափով լուծել»,- ասաց նա:

Ընտանիքին օգնել կարող եք՝ կապ հաստատելով նշված հեռախոսահամարով՝ 094-61-30-83:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս