Բաժիններ՝

Վայոլեթ Գիբսոն․ Իռլանդիան վերականգնում է Մուսոլինիի դեմ մահափորձ իրականացրած կնոջ պատիվը: Հուշատախտակ Դուբլինում

Դուբլինի կենտրոնում՝ Մարիոնի հրապարակում գտնվող կարմիր աղյուսներով նրբաճաշակ մի առանձնատան պատին, շուտով մի հուշատախտակ կտեղադրվի՝ ի պատիվ Վայոլեթ Գիբսոնի՝ իռլանդացի այն կնոջ, ով 1926 թվականին մահափորձ կատարեց Բենիտո Մուսոլինիի դեմ։ Քաղաքային խորհուրդը հավանություն է տվել այն նախագծին, որով առաջարկվում է ճանաչել անգլիական հոգեբուժարանում 1956 թվականին իր մահկանացուն կնքած այդ կնոջ հակաֆաշիստական հանձնառությունն ու անհատական սխրագործությունը։

1926թ. ապրիլի 7-ին՝ Վիրաբուժության համաշխարհային վեհաժողովի աշխատանքների մեկնարկից հետո, Մուսոլինին գտնվում էր Հռոմի Կապիտոլիումի հրապարակում։ Ամբոխի մեջ նրան էր սպասում ճերմակ մազերով սևազգեստ ու փոքրամարմին մի կին, որը շալի տակ ֆրանսիական ատրճանակ էր պահել։ Կանգնած լինելով շինարարական կառույցներից մեկի մոտ՝ Գիբսոնը հաջողեց երկու-երեք անգամ կրակել Մուսոլինիի ուղղությամբ։ Առաջին գնդակը քերծեց Մուսոլինիի քիթը, սակայն, փրկվեց, քանի որ, հենց այդ պահին բարձրացրել էր ձեռքն ու թեթևակի թեքել գլուխը՝ մի խումբ ուսանողների ողջունելու համար։ Գիբսոնին նկատելով՝ ներկաները վրա էին հասել։

L'Irlanda riabilita la donna che sparò a Mussolini

Հետաքննության հիմքում նախ և առաջ դրվեցին քաղաքական շարժառիթները։ Ենթադրվում էր, որ այդ կնոջն ինչ-որ մեկը արմատական հայացքներ էր թելադրել, ապա զինել նրան։ Կարճ ժամանակում, սակայն, Հատուկ դատարանը ներում շնորհեց նրան՝ հիմք ընդունելով ենթադրյալ հոգեկան հիվանդությունը, և որոշում կայացվեց Վայոլեթ Գիբսոնին ուղարկել Անգլիա, որտեղ նրան անմիջապես ընդունեցին Նորդհեմփթոնի Սբ․ Էնդրյուի հոգեբուժարանում։ Սակայն Գիբսոնն այնտեղ, մինչ մահկանացուն կնքելը, մնաց 30 տարի։ Այդուհանդերձ, արդյո՞ք նա անհավասարակշիռ անձնավորություն էր։

Կարդացեք նաև

Լորդ Աշբորնի դուստր Վայոլեթի պատիվը վերականգնելու համար մղվող պայքարը, որը ներկայացվել էր Վիկտորիա թագուհուն, հետևապես՝ նաև անգլոիռլանդական ազնվականությանը, սկսվեց շնորհիվ ոչ միայն վերջին տարիներին Ֆրենսիս Սթոներ-Սաունդերսի «Կինն, ով կրակեց Մուսոլինիի վրա» գրքի, այլև տարբեր կինոփառատոների ժամանակ ներկայացված փաստագրական ֆիլմի, որը շուտով կներկայացվի նաև Իռլանդիայի փոքր էկրաններին։

Գիբսոնը դարի բռնկուն կանանցից էր, ով 1902 թվականին ընդունել էր կաթոլիկություն, և ինչպես դարի շատ կանայք, նա էլ իրեն այդ ժամանակների սովորությունների գերի էր զգում։ Բացի այդ, Նորդհեմփթոնի արխիվներում գտնվել են Ուինսթոն Չերչիլին հասցեագրված տարբեր նամակներ, որոնք գրել է Գիբսոնը հոգեբուժարանում անցկացրած տարիների ընթացքում։ Ենթադրվում է, որ Գիբսոնը Չերչիլի հետ ծանոթ է եղել մանուկ հասակից, ինչպես և այդ ժամանակվա արքայադուստր Եղիսաբեթի հետ, ով այժմ Անգլիայի թագուհին է։ Նամակները, այնուամենայնիվ, երբեք չէին հասել իրենց հասցեատիրոջը։

Corriere della sera 

Թարգմանությունը՝ Հայկ Պողոսյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս