Սա վկայում է այն մասին, որ օրակարգում չկան հարցեր, որոնք արժանի են բարձր մակարդակի հանդիպումների կամ հեռախոսազրույցների. միջազգայնագետ
Օրեր առաջ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ ՀՀ արգործնախարարությունն ուղարկել էր 2018 թվականի հայտնի իրադարձություններից հետո հայ-ամերիկյան հարաբերություններում նոր դինամիկայի մասին պատմող երկար տեքստ, որտեղ կետ առ կետ արձանագրված էին հայկական կողմի ջանքերն ու հաջողությունները:
Օրինակ՝ «ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից հետո երկկողմ հարաբերություններում նոր դինամիկայի մասին են վկայում աննախադեպ քանակի երկկողմ այցելությունները, հատկապես` Երևանից Վաշինգտոն», կամ՝ «2019 թվականը բացառիկ տարի էր հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների պատմության մեջ՝ պայմանավորված, նախ և առաջ, մայիսին Երևանում անցկացված Ռազմավարական երկխոսության անդրանիկ նիստով։ Ռազմավարական երկխոսությունը նշանավորեց հայ-ամերիկյան երկկողմ հարաբերություններում քաղաքական և որակական նոր, ավելի բարձր երկխոսության մակարդակ»։
Թերևս, 2018 թ.-ին հաջորդած այդ դինամիկայի մաս պետք է դիտարկել նաև Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը, սակայն, ֆեյսբուքյան գրառմամբ այս հեռախոսազրույցին հակադրել է վերջին շաբաթների ընթացքում ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի ակտիվ հեռախոսազրույցները հարյուրավոր պետությունների առաջնորդների հետ՝ նկատելով.
«Ի դեպ, հազվադեպ երևույթ է, երբ պետքարտուղարը զանգահարի պետության ղեկավարին: Սովորաբար նա զանգահարում է ԱԳ նախարարին: Մեր ԱԳ նախարարի վերջին զրույցն ամերիկացի պաշտոնյայի հետ եղել է պետքարտուղարի տեղակալի՝ Սթիվեն Բիգենի հետ: Ես սա անվանում եմ դասական “leveling down”»:
168.am-ը Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետքարտուղարի հետ հեռախոսազրույցը ցուցիչ է, որ մեր հարաբերություններն այդչափ լրջությամբ չեն ընկալվում Միացյալ Նահանգների կողմից, կամ գուցե ՀՀ գործող իշխանությունների աշխատանքի թերացո՞ւմն է:
Միջազգայնագետն ասաց, որ չգիտի, թե հեռախոսազրույցի նախաձեռնությունն ումն է եղել՝ հայկակա՞ն կողմինը, թե՞ ամերիկյան, ու այդ պատճառով չի կարող պնդել, թե հետագայում փորձ չի արվի խոսել ավելի բարձր պաշտոնյաների՝ փոխնախագահի կամ հենց նախագահի հետ.
«Համենայն դեպս, մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ աշխարհի շատ երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի համար ոչ առաջնային նշանակություն ունեցող պետությունների առաջնորդներ, արդեն իսկ խոսել են նախագահի կամ փոխնախագահի հետ, իսկ մենք դեռևս այդ մակարդակին չենք գտնվում. ՀՀ վարչապետը խոսել է պետքարտուղարի հետ, պետքարտուղարի տեղակալը՝ մեր արտգործնախարարի հետ, դրանից ավելի բարձր մակարդակի շփումներ չկան»:
Հարցին, թե կարո՞ղ ենք ասել, որ հեռախոսազրույցում պատերազմից հետո տարածաշրջանում տիրող իրավիճակին անդրադարձը վկայում է ամերիկյան նոր վարչակազմի կողմից ԼՂ խնդրի, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների հանդեպ առավելի հետաքրքրվածության մասին, Սուրեն Սարգսյանը պատասխանեց.
«Ընդհանրապես, ԱՄՆ նոր վարչակազմը՝ Բայդենի վարչակազմը, շատ ավելի ակտիվ է լինելու արտաքին քաղաքականության մեջ, քան նախորդ՝ Թրամփի վարչակազմը, և, բնականաբար, այդ առումով ակտիվ ներգրավվածություն լինելու է ոչ միայն՝ մեր տարածաշրջանում, այլև՝ տարբեր տարածաշրջաններում, տարբեր երկրների հետ փոխհարաբերություններում: Այնպես որ, ակտիվությունը պայմանավորված չի լինելու միայն Լեռնային Ղարաբաղով, այլ ընդհանրապես ամերիկյան արտաքին քաղաքականության ակտիվացմամբ»:
Առհասարակ երկկողմ հարաբերություններին անդրադառնալով՝ միջազգայնագետը նկատեց, որ հայ-ամերիկյան հարաբերություններում որևէ դրական դինամիկա չկա. «Ինչպես նկատում եք՝ բարձր մակարդակի շփումներ շարունակում են չլինել, ինչն էլ վկայում է նրա մասին, որ օրակարգում չկան հարցեր, որոնք արժանի են բարձր մակարդակի հանդիպումների կամ հեռախոսազրույցների»:
Լիլիթ Մակունցի նշանակումը կփոխի՞ երկկողմ հարաբերությունների դինամիկան, օրակարգը՝ մեր վերջին հարցին ի պատասխան էլ՝ Սուրեն Սարգսյանը նշեց. «Ոչ, բնականաբար, Լիլիթ Մակունցն այստեղ դեր չունի խաղալու՝ հարաբերությունների խորացման տեսանկյունից. արտաքին քաղաքականությունը որոշում են պետությունների ղեկավարները, և ոչ թե՝ դեսպանները: Դեսպաններն ընդամենն աջակցում են կայացված որոշումների կայացմանը:
Բայց դեսպանի անձը և պրոֆեսիոնալիզմը չափազանց կարևոր է, և ցավով է պետք արձանագրել, որ որոշում է կայացվել Վաշինգտոն գործուղել ոչ պրոֆեսիոնալ դիվանագետի՝ առանց փորձի, առանց այդ ոլորտի գոնե մասնագիտական կրթության»:
Հիշեցնենք՝ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանն առաջինն էր, որ իր տելեգրամյան ալիքում հայտնել էր հանրային լայն արձագանք ստացած լուրը՝ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, որը հայտնի է՝ որպես Նիկոլի անգլերենի ուսուցիչ, շուտով Փաշինյանի որոշմամբ՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու: Եվ քանի որ Միքայել Մինասյանի փոխանցած բազմաթիվ տեղեկություններ հետագայում՝ անկախ իշխանությունների կամքից, հաստատվում են: Այս լուրն էլ անձամբ հաստատեց ինքը՝ Մակունցը: