Բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով․ Վարորդները բողոքում են
Վարորդները կրկին դժգոհում են՝ հերթական անգամ բարձրացել են և՛ բենզինի, և՛ բնական սեղմված, և՛ հեղուկ գազի գները։
Բենզինի գինը, մեկ շաբաթ է, տատանվում է 360-410 դրամի սահմաններում՝ դեկտեմբեր ամսին արձանագրված 340 դրամի փոխարեն, հեղուկ գազը 200 դրամ է՝ 170-180 դրամի փոխարեն։
«Եվ թանկացնում են, և խաբում»,- նշում են վարորդները։
Սա, մասնագետների խոսքով, պայմանավորված է նավթի գնի բարձրացմամբ։
ՀՀ վիճակագրական կոմիտեի փոխանցմամբ էլ՝ 2021թ. փետրվարին հունվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 2.3%-ով։ 2021թ. փետրվարին 2020թ. փետրվարի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են 6.6% և 17.1%-ով, իսկ 2020թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է, համապատասխանաբար, 5.4% և 6.2% գնաճ:
«Ցանկացած գնի տատանում, եթե դեպի վեր է լինում, միշտ էլ մարդիկ բողոքում են։ Օրեր առաջ եմ Ռուսաստանից վերադարձել, այնտեղ նույնպես բենզինի և դիզելային վառելիքի գները բարձրացել են՝ կապված նավթամթերքի միջազգային գների աճի հետ։ Ռեգուլյար տեսակի բենզինը 42-43 ռուբլի էր, որը մոտավորապես 300-310 դրամ է կազմում։ Այնտեղ գները կախված են նաև նրանից, թե որ շրջանում ես։ Մի մարզում բարձր է, մյուսում՝ ցածր, սակայն միջինն իմ նշած գնի սահմաններում է տատանվում։
Հայ սպառողները բողոքում են հեղուկ գազի գնի բարձրացման համար։ Որոշ տեղերում 200-220 դրամ է դարձել մեկ լիտրը, սակայն որոշ տեղերում մնացել է 190 դրա արժեքը։ Երևի հին ներկրածների գինը նույնն է մնացել, իսկ նորի դեպքում արդեն թանկացրել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Ինչ վերաբերում է սեղմված գազի որակի հետ կապված դժգոհություններին՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահը նշեց, որ այստեղ կապ ունեն նաև եղանակային պայմանները։
«Ցուրտ ժամանակ, երբ մեքենան տաքացնում ես, դրա վրա էլ է ծախսվում գազը, ինչպես նաև խցանումների ժամանակ դանդաղ վարելիս։ Չնայած, որոշ տեղերում հնարավոր է՝ իրոք խնդիրներ կան, չեմ բացառում։ Ես ինքս դժգոհ չեմ, որովհետև մի քիչ բարդ է հիմա խաբելը։ Երբ նախկինում գազը ճնշումով էր, այդ ժամանակ խաբել ստացվում էր, որովհետև տաք ժամանակ քիչ էր լցվում, սառի ժամանակ՝ շատ, իսկ հիմա կիլոգրամով է լցվում՝ անկախ նրանից՝ տա՞ք է եղանակը, թե՞ սառը։ Այնպես որ՝ խաբելու հետ կապված տատանումներ քիչ են լինում, իսկ որակի առումով, հնարավոր է՝ ինչ-որ խնդիրներ լինեն, նայած, թե որտեղից է ներկրված, և այլն»,- հավելեց Կարեն Չիլինգարյանը։