Ինչո՞ւ վերջին պահին փոխվեց ծրագիրը, և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը չայցելեց Հայաստան

Ինչպես հայտնի է, մարտի 1-ին կայացավ Եվրոպական խորհրդի նախագահի, եվրոպացի ամենաբարձրաստիճան պաշտոնյայի՝ Շառլ Միշելի այցը Վրաստան, որից հետո՝ մարտի 2-ին, նա երկօրյա այցով մեկնեց Ուկրաինա:

Առաջին հայացքից սա, թվում է, թե պարզապես դիվանագիտական լուր է, սակայն իրականությունը բոլորովին այլ է:

Դեռևս շաբաթներ առաջ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին առաջինը բարձրաձայնեց այս այցի մասին, և լուր տարածվեց, որ Շառլ Միշելի այցը լինելու է տարածաշրջանային, այդ թվում՝ ենթադրվում էր, որ Եվրոպական խորհրդի նախագահը գալու է նաև Հայաստան:

Ըստ ամենայնի, Բրյուսելը հետագայում փոխել է Եվրոպական խորհրդի նախագահի այցի ծրագիրը, և Հայաստան այցը փոխարինվեց Ուկրաինա այցով:

Թերևս, այս իշխանությունները հույս էին կապում, որ այս այցով կկարողանան դուրս գալ միջազգային դիվանագիտական բլոկադայից, որում փաստացի հայտնվել են, որովհետև կապիտուլյացիայից հետո Նիկոլ Փաշինյանը, բացի պարտադրված եռակողմ հանդիպումներից եվրասիական և ՀԱՊԿ ձևաչափերով, որևէ երկկողմ արտաքին քաղաքական ակտիվություն չունի:

Այս առումով Շառլ Միշելի հնարավոր այցը կարող էր Հայաստանի ներսում հրամցվել՝ որպես պատերազմի արդյունքների նաև դիվանագիտական լեգիտիմացում և իր հեղինակության ամրապնդում: Այնինչ եվրոպական շրջանակները, հասկանալով, որ այս այցը շահարկվելու է ՀՀ իշխանությունների կողմից, և չցանկանալով մխրճվել ներքաղաքական պայքարի մեջ, գերադասեցին պարզապես փոխել այցի ձևաչափը և շրջանցեցին Երևան գալը՝ փաստացի Փաշինյանի դեմ ծայր առած այս ընդդիմադիր պայքարում չաջակցելով նրան:

168.am-ի տեղեկություններով՝ իհարկե, Փաշինյանը շատ է նեղվել այս փաստից ու Արտաքին գործերի նախարարությանն է մեղադրել Շառլ Միշելի այցի ձախողման մեջ: Նույնիսկ զայրույթի գագաթնակետին հանձնարարել է փոխել Բրյուսելում մեր դեսպանին, թե իբր վերջինս է ձախողել է այցը, սակայն հետո հանգստացել է:

Բոլոր դեպքերում, Շառլ Միշելի՝ Հայաստան չկայացած այցը հերթական լարվածությունն է մտցրել Փաշինյան-ԱԳՆ հարաբերություններում:

Տեսանյութեր

Լրահոս