Ադրբեջանում և Թուրքիայում ունեն կոմֆորտի զգացում առ այն, որ Հայաստանի այս իշխանությունների ներկայության պայմաններում կարելի է հասնել ցանկացած զիջումների. փորձագետ
168.am-ը երեկ անդրադարձել էր Որոտանին մերձ հատվածում ադրբեջանական կողմից դիրքերի ամրապնդման գործողություններին: Այս առնչությամբ ներկայացրել էր նաև ՀՀ Ազգային Անվտանգության ծառայության դիրքորոշումը .
«Ադրբեջանական կողմն իրենց վերակարգերի տեղակայման վայրերում իրականացնում է անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ: Հավելենք, որ նշված ուղղություններում ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերի կողմից իրավիճակը վերահսկվում է, և անհանգստանալու առիթներ չկան»:
Հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում փաստն արձանագրվեց՝ որպես հերթական սպառնալիք Հայաստանի անվտանգությանը:
Ստեղծված իրավիճակին ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել էր նաև «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի՝ ռազմական գծով խորհրդական Տիգրան Աբրահամյանը:
«ԱԱԾ-ն արդեն հաստատել է, որ նման աշխատանքներ իրականացվում են։ Սա դեռ սկիզբն է, Ադրբեջանն աստիճանաբար բարելավելու, կահավորելու է իր ուղեկալները, հենակետերն ու դիտակետերը, սահմանային անհրաժեշտ ենթակառուցվածքներով ապահովելու ողջ սահմանագիծը։
Որքան բարելավվի և առավելություն ապահովի, այնքան ավելի ռիսկային են դառնալու սահմանային տարբեր բնույթի միջադեպերը։
Արցախի և Հայաստանի սահմանային հատվածում այս գործընթացի հետևանքներն ամենատարբեր փուլերում տեսել ենք, դժվար չէ կռահել, թե ինչ պրոցեսներ են լինելու, ինչ ինտենսիվության, և որպես արդյունք՝ ինչ ենք ունենալու»։
168.am-ի հետ զրույցում Տիգրան Աբրահամյանը բացեց փակագծերը՝ ներկայացնելով, թե ինչպիսի սցենար կհաջորդի ադրբեջանական կողմի «անվտանգության ապահովմանն ուղղված աշխատանքներ»-ին. «Ադրբեջանը նման ամրաշինական աշխատանքներից հետո ունենում է սադրանքների իր պլանավորած սցենարները՝ ըստ իրավիճակի: Այսինքն՝ պայմանավորված նրանով, թե յուրաքանչյուր փուլում ինչպիսի պատրաստություն կունենա Ադրբեջանը սահմանային տարբեր հատվածներում, դա վերածվելու է ճնշման գործիքների՝ ընդդեմ Հայաստանի և Արցախի, որի նպատակը տարբեր հարցերի շուրջ իր համար ցանկալի զիջումների հասնելն է»:
Թե որքանով էր համարժեք ԱԱԾ տարածած հայտարարությունը Որոտանում առկա իրավիճակին՝ մեր դիտարկմանը փորձագետն արձագանքեց. «ԱԱԾ-ն խնդիր ունի թույլ չտալու հանրային անհանգստություն, խուճապային տրամադրություններ և այլն, և այդ հայտարարությունն այդ տրամաբանության մեջ եմ դիտում»:
Սակայն փորձագետի համար անհասկանալի են Պաշտպանության փոխնախարարի՝ այսօր Եռաբլուրում արված հայտարարությունը. «ՊՆ բարձրագույն ղեկավարությունը կամ չի գիտակցում իրավիճակի ողջ լրջությունը, կամ գիտակցված ձևով մարդկանց տանում է մոլորության, որովհետև նույնիսկ միջին վիճակագրական գիտակից քաղաքացու այդ ճանապարհներով անցնելն ու նվազագույն դիտարկումներն իսկ արդեն ցույց են տալիս ադրբեջանցիների հնարավոր սադրանքների կամ դրա ռիսկերի մասին»:
Հիշեցնենք՝ ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը, այսօր «Եռաբլուր» պանթեոնում պատասխանելով լրագրողների հարցին, թե Պաշտպանության նախարարությունը պարզե՞լ է արդյոք՝ ինչ ինժեներական աշխատանքներ են կատարում ադրբեջանցիները Որոտանի հարակից տարածքներում, նշել էր. «Կա Սյունիքի հարցերով զբաղվող աշխատանքային խումբ, դրա շրջանակներում մենք պատշաճ տեղեկատվություն կտանք։ Սյունեցիները բացարձակ անհանգստանալու կարիք չունեն»:
Տիգրան Աբրահամյանը շեշտեց՝ խնդիրը միայն սյունեցիները չեն. «Սա ուղղակի Հայաստանի տարածքային ամբողջականությանը, անձեռնմխելիությանն ուղղված վտանգների մասին է, և այս պարագայում, ցավոք, այս որակի իշխանություններից առանձնապես սպասելիքներ չունեմ, որովհետև այս իշխանությունը, բացի որոշակի պոպուլիստական բնույթի հայտարարություններից, որևէ ռեալ քայլ՝ ինչպես այս, այնպես էլ՝ մնացած բոլոր ուղղություններով, չի իրականացնում»:
Փորձագետին խնդրեցինք անդրադառնալ նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «ԼՂ հակամարտությունն ավարտված է. Տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ պետություններին հրավիրում ենք Զանգեզուրի միջանցքը շահագործելու»:
«Ադրբեջանում և Թուրքիայում ունեն կոմֆորտի զգացում առ այն, որ Հայաստանի այս իշխանությունների ներկայության պայմաններում կարելի է հասնել ցանկացած զիջումների: Սա, ցավոք, մենք տեսանք և՛ պատերազմի ավարտն ազդարարող եռակողմ հայտարարության կետերում, և՛ դրանից հետո, երբ իշխանությունը խոստովանեց, որ, ըստ էության, բացի նոյեմբերի 10-ի հայտարարությունից, կան նաև այլ գաղտնի պայմանավորվածություններ, և բնական է, որ այսպիսի իշխանությունից, որն արդեն իսկ օրինակներով ցույց է տվել, որ կարող է հանրությունից գաղտնի զիջումներ անել, ցավալիորեն պետք է սպասել նաև այլ բնույթի զիջումներ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը:
Նկատենք՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն արձագանքել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններին՝վստահեցնելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում որևէ միջանցքի ստեղծման մասին խոսք չկա:
«Զանգեզուրն անվանելով «ադրբեջանական պատմական տարածք» և հղում կատարելով մտացածին «միջանցքի»՝ Ադրբեջանի նախագահը նմանօրինակ սադրիչ հայտարարությամբ դիտավորյալ տապալում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կյանքի կոչումը: Նման հռետորաբանությունը հակասում է Ադրբեջանի ստանձնած պարտավորություններին, այն անթաքույց մարտահրավեր է միջազգային իրավունքին և որևէ կերպ չի նպաստում տարածաշրջանում կայունության հաստատմանը, ինչը սպառնալիք է տարածաշրջանի բոլոր պետությունների համար»,- ասել էր ՀՀ ԱԳՆ խոսնակը: