Ինչո՞ւ է Ադրբեջանը Որոտանի հատվածում խախտում պայմանավորվածությունը և խրամատավորվում

Երեկվանից լուրեր են տարածվում, որ չնայած այն պայմանավորվածությանը, որով Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը հսկվելու է սահմանապահների կողմից, թշնամին սկսել է դիրքերի ամրապնդում:

Գորիսի փոխհամայնքապետ Մենուա Հովսեփյանը մասնավորապես տեղեկացրել էր .

«Այս ապիկար և թլպատված իշխանությունը և սատանային վաճառված իշխանիկներն ասում էին, որ Գորիս-Որոտան-Շուռնուխ ճանապարհը մեր և թշնամու կողմից սահմանապահներն են հսկելու, կարիք չկա խրամատավորվելու։  Բայց արի ու տես, որ թուրքի լամուկները այսօրվանից սկսել են խրամատներ փորել. դա նշանակում է, որ թշնամին իրականացնում է դիրքերի ամրապնդում և GPS-ով գծված սահմանների հստակեցում, դա նշանակում է, որ թշնամին ճանապարհները հատում է ու պատրաստվում պատերազմի»։

Շուռնուխի համայնքապետ Հակոբ Արշակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց մոտ դեռ նման միջադեպեր չեն արձանագրվել, սակայն լսել է նման տեղեկություններ Որոտանի հատվածի մասին.

«Մեզ մոտ նման բաներ չկան: Նոր էլ գյուղում մեխանիզատորն ասեց, որ թուրքերը տրասով ինչ-որ  տեխնիկա էին տանում դեպի  Որոտան»:

Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանը հաստատեց տեղեկությունները, իսկ նպատակների մասին մեր հարցադրմանն ի պատասխան՝ նկատեց.

«Եթե ինքը իրավունք չունի այնտեղ խրամատ քանդի, ըստ պայմանավորվածության, սահմանապահներն իրավունք չունեն խրամատ քանդեն, իսկ եթե խրամատ է քանդում, ստացվում է՝ կամ ինքնապաշտպանություն է անում, կամ էլ ուզում է հարձակվի.  չեմ կարող ասել»:

Նա հորդորեց մեր հարցադրումների պատասխանները ստանալ պետության ղեկավարությունից, Պաշտպանության նախարարությունից, Ազգային անվտանգության ծառայությունից:

Պաշտպանության նախարարությունից մեզ ուղղորդեցին դիմել Ազգային անվտանգության ծառայություն: ԱԱԾ-ից խոստացան մեր հարցին պատասխանել ավելի ուշ: Պատասխանը ստանալուն պես՝ կհրապարակենք այն:

 

Տեսանյութեր

Լրահոս