Բաժիններ՝

Ստացվում է՝ ընդամենը 2 օր առաջ իրենք որևէ պատկերացում չունեին, թե երկրում համաճարակային իրավիճակը ո՞նց է. քաղտեխնոլոգ

«COVID-19. Աշխարհում վարակվածների թիվը մոտենում է 115,5 միլիոնին», «Կորոնավիրուսով հիվանդացության աճ է գրանցվում. նախարարը հորդորում է վերադառնալ դիմակի կրման խիստ ռեժիմի», «Կորոնավիրուսի դեմ պատվաստման տեղեկաթերթիկները ԵՄ-ում կհայտնվեն մի քանի ամսից», «Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակման 11.385 դեպք են հայտնաբերել»… համավարակի մասին հոդվածների այս ու այլ վերնագրերը վերջին օրերին նորից հայաստանյան պաշտոնական լրահոսի անբաժան մասն են:

Այսօր արդեն Կառավարության նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ վերջին շրջանում կա հիվանդացության աճ, և «պետք է վերադառնալ դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը»:

Հասարակական ու քաղաքական տարբեր շրջանակներում չեն բացառում, որ վերջին շրջանում համավարակի թեման այսչափ շրջանառելը, հնարավոր է, ունենա քաղաքական դրդապատճառներ, իսկ համավարակի մասին նյութերի այդչափ աճը զուտ տեխնոլոգիա լինի՝ իշխանության դեմ կազմակերպվող հանրահավաքների մասնակիցների վրա ազդելու համար:

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ համավարակի քաղաքական նրբերանգներին:

«Ես, իհարկե, չեմ հավակնում առողջապահական նրբությունների մեջ մտնել, բայց իրոք բավականին տարօրինակ իրավիճակ է»,- ասաց նա՝ անդրադառնալով այս պահին համավարակի հայաստանյան քրոնիկային:

Եթե աշխարհում Covid 19-ի թվերի աճը, լոքդաունների վերականգնումը առողջապահական անհրաժեշտությունից զատ՝ դիտարկեց նաև մարքետինգային տեսանկյունից՝ վակցինաների վաճառքի շուրջ մրցակցությամբ պայմանավորված, ապա Հայաստանում չբացառեց, որ հնարավոր են այս առնչությամբ մանիպուլյատիվ դրսևորումները. «Քանի որ արվող թեստերի քանակը ավելացել է, որովհետև մեծ արտագաղթ է սկսվել երկրում (հանրության մի զգալի մասն ուղղակիորեն լքում է, այսինքն՝ ոտքերով է քվեարկում այսօրվա իշխանությանը), իսկ առանց այդ թեստերի՝ չեն թողնում երկրից դուրս գալ, չեմ բացառում, որ այդ պարագայում կարող է ավելանալ որոշակի քանակ»:

Վիգեն Հակոբյանը, սակայն, հավելեց՝ եթե հավատանք Առողջապահության նախարարության ներկայացրած վիճակագրությանը, ապա որոշակի իմունային պատնեշ Հայաստանում արդեն պետք է որ ստեղծված լիներ.

«Ես չեմ բացառում, որ իսկապես հիմա կա մանիպուլյացիա. հերթական անգամ մանիպուլյացիա անել պանդեմիայի շուրջ եղած իրավիճակով, որպեսզի փորձեն սահմանափակել զանգվածային միջոցառումները: Որովհետև, ամեն դեպքում, ռազմական դրությունը, միևնույն է, չի կարողանալու երկար պահի. այդ պարագայում իր մոտ մնալու է մյուս ռեժիմը՝ կարանտինայինը: Կարծում եմ՝ այս թվերով մի կողմից՝ կարող են փորձել վախեցնել, մանիպուլյացնել մարդկանց, որ՝ մի գնացեք զանգվածային միջոցառումների, որովհետև կվարակվեք, մյուս կողմից՝ կսկսեն նորից տուգանել, և այլն»:

Անդրադառնալով այս իրավիճակում իշխանությունների կազմակերպած մարտիմեկյան հավաքին՝ նա իրավիճակը նմանեցրեց Հայաստանում համավարակի տարածման առաջին օրերին.

«Անցյալ տարի աշխարհում արդեն պանդեմիայի մասին խոսում էին, Արսեն Թորոսյանն ու Նիկոլ Փաշինյանն ասում էին՝ ո՞ւմ շունն է կորոնավիրուսը, միտինգներ էին անում Իրանի անմիջական հարևանությամբ՝ Սյունիքի մարզում, իսկ Իրանն այն ժամանակ վիրուսի տարածվածությամբ երկրորդ երկիրն էր, հետո սկսեցին բոլորիս վրա մատ թափ տալ: Հիմա նույնն է ոնց որ թե. մարտի մեկին «զոռով-շառով» երկրի մի ծերից մյուս ծերը բերել են մարդկանց…

Ըստ էության, ստացվում է, որ ընդամենը երկու օր առաջ իրենք որևէ պատկերացում չունեին, թե համաճարակային իրավիճակը երկրում ո՞նց է. այսօր հանկարծ բացահայտեցին, ու կառավարության նիստում սկսվեց նորից նույն պատմությունը»:

«Ըստ իս՝ իշխանությունը երկրորդ անգամ ուզում է նույն գետը մտնել՝ ընդ որում, երկրորդ անգամ այդ գետը այդքան, կարծեք թե, առողջապահական չէ, ինչքան՝ քաղաքական»,- եզրափակեց քաղտեխնոլոգը:

Հիշեցնենք՝ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը, որը ամիսներ շարունակ «քափուքրտինք մտած պայքարում էր» կորոնավիրուսի դեմ, այսօր վարչապետի աշխատակազմի ղեկավարն է և հնարավորություն ուներ Նիկոլ Փաշինյանին զգուշացնելու հանրահավաքի համավարակային հետևանքների մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս