«Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը»․ առողջապահության նախարար

Կառավարության այսօրվա նիստին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացնելով COVID-19 համավարակի վիճակագրությունը, տեղեկացրեց, որ վերջին շրջանում կա  հիվանդացության աճ։

«Երեկվա դրությամբ 2922 հետազոտությունից ունենք 491 դրական դեպք, ինչը հետազոտվածների 16 տոկոսն է։ Եթե հունվար-փետրվար ամսին ունեինք թեստավորվածների մեջ 5–7 տոկոսի դրական դեպքեր, ապա, ինչպես տեսնում ենք՝ արդեն 16 տոկոս, և հաջորդ շաբաթ, մեր կանխատեսումներով՝ այս թիվը կավելանա»,-  զեկուցեց առողջապահության նախարարը։

Ավանեսյանը ներկայացրեց, թե ի՞նչ պետք է  անել, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը․

«Պետք է վերադառնանք դիմակների և այլ կանխարգելիչ միջոցառումների խիստ պահպանմանը, և եթե մենք ուզում ենք պաշտպանել մեր հարազատներին, պաշտպանել մեզ նոր սահմանափակումների կիրառումից, ապա պետք է ամեն բան անենք մեր կողմից, որպեսզի կանխենք հիվանդության տարածումը։ Հատուկ ուշադրություն եմ ուզում դարձնենք, որ առաջիկա օրերին՝ մարտի 8-ի հետ կապված, ունենալու ենք բավական շարժի ավելացում և՛ առևտրային կենտրոններում, և՛ հյուրատներում, ուստի խնդրում եմ, հորդորում եմ և վերահսկողական մարմինների էլ առանձնակի ուշադրությունն եմ ուզում հրավիրել, որ տրանսպորտում, առևտրային կենտրոններում, հյուրատներում հստակ հսկողություն իրականացվի։ Անկախ հսկողությունից էլ, մեր կարգապահությամբ պետք է ներդրում ունենանք պաշտպանելու մեր առողջությունը, մեր տնտեսությունը և ստեղծենք հնարավորություն պահպանելու կառավարելի շրջանակներում»։։

Նախարարը տեղեկացրեց, որ այսօրվանից սկսում են 2 հիվանդանոցների ծավալման աշխատանքները, և ներկայացրեց մահճակալների թիվը․

«Ներկայում ունենք 865 ծավալված մահճակալ, որից զբաղված է 808-ը, կավելացնենք մահճակալների թիվը»։

Ինչ վերաբերում է պատվաստանյութերի ձեռքբերմանը, Ավանեսյանը հույս հայտնեց, որ գարնան ընթացքում առաջին խմբաքանակը կունենանք։

Մանրամասները՝ տեսանյութում

 

 

Տեսանյութեր

Լրահոս