Եթե պարոն Փաշինյանի մոտ թեկուզ փոքր-ինչ պատասխանատվություն է պահպանվել սեփական երկրի հանդեպ, ապա նա պետք է հեռանա իշխանությունից․ Զատուլին
«Պարոն Փաշինյանի ստեղծած քաոսից ելքերը շատ տարբեր կարող են լինել, և երևակայությունը կարող է տարբեր սցենարներ ուրվագծել»,- այս մասին այսօր Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի ակումբում կազմակերպված տեսակամուրջի ժամանակ ասաց ՌԴ Պետական Դումայի ԱՊՀ գործերի և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի անդամ, Սփյուռքի և ինտեգրման ինստիտուտի (ԱՊՀ երկրների ինստիտուտի) տնօրեն, Արտաքին քաղաքականության և պաշտպանության խորհրդի անդամ, Ռուսաստանի Դաշնության Հանրային խորհրդի անդամ Կոնստանտին Զատուլինը՝ անդրադառնալով Հայաստանի հեղափոխական իշխանությունների արտաքին ու ներքին քաղաքականության բոլոր ձախողումներին։
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի «անկասկած անհաջող և անտեղի կա՛մ կատակը, կա՛մ անեկդոտը» ռուսական «Իսկանդերների» որակի մասին, իհարկե, դարձավ համբերության վերջին կաթիլը ոչ նրանց համար, ովքեր համբերության բաժակը լցրել են, այլ հենց Հայաստանի զինվորականների համար, որոնք այդ մասով իրենց հայտարարությամբ հանդես եկան։
Ըստ նրա՝ տարօրինակ կլիներ մտածել, որ ընդհանրապես ամեն բան սկսվել է մեկ շաբաթ կամ տասն օր առաջ՝ «Իսկանդերի» մասին հայտարարություններով պայմանավորված. ամեն բան շատ ավելի վաղ է սկսվել՝ 2018 թվականից, և շարունակվել է անցյալ տարվա սեպտեմբերին, այսինքն՝ 2018 թվականին տեղի ունեցավ, այսպես կոչված, թավշյա հեղափոխությունը, որի արդյունքում իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանը, ով մինչև 2018 թվականի վերջ, չունենալով աջակցություն խորհրդարանում, հաջողությամբ ղեկավարում էր Հայաստանի իրադարձությունները, դարձավ վարչապետ, անցկացրեց ընտրություններ, օգտագործելով ինքնահրաժարականի մանյովրը և խորհրդարանի ինքնալուծարումը, ապահովեց մեծամասնություն խորհրդարանում։
Իսկ այդ ողջ ժամանակահատվածը, Զատուլինի որակմամբ, լցված էր սեփական քաղաքական մրցակիցների դեմ պայքարով, իրեն նախորդող ղեկավարների նկատմամբ մեղադրանքներով, որ Հայաստանին այլ տեղ են ուղղորդել, և թեկուզ պարոն Փաշինյանը, պետք է հանուն արդարության նշել, որ հավատարմության խոստումներ էր տալիս հայ-ռուսական հարաբերություններին և պայմանավորվածություններին, որոնք նախկին իշխանությունների օրոք էին ձեռք բերվել Հայաստանի ու Ռուսաստանի միջև, որոնք վերածել էին Հայաստանը Կովկասում Ռուսաստանի դաշնակցի և Կովկասում միակ երկրի, որը ՀԱՊԿ և ԵԱՏՄ անդամ է։
Փաշինյանը, ըստ բանախոսի, ինչպես շատերը կասկածում էին, թեև դուրս չեկավ այդ համաձայնագրերից, բայց ճգնաժամը, որը առաջացավ նման իշխանափոխությունից հետո, արտացոլվեց նաև հայ-ռուսական հարաբերությունների վրա։
«Երկար ժամանակ հարկավոր եղավ ճանաչման համար, այդ ճանաչումը ոչ մի դրական բանի չի հանգեցրել, քանի որ ավելորդ անգամ համոզմունք է ձևավորվել, որ հայկական կողմից մենք գործ ունենք, և ես միայն Փաշինյանին նկատի չունեմ, այլ նրա կառավարության մարդկանց, գործ ունենք կողմնակալ մարդկանց հետ, կամ ոչ կոմպետենտ, կամ պատահական։ Փաշինյանի կառավարության ընթացքում ես հաշիվն եմ կորցրել, թե քանի անգամ են փոխվել Անվտանգության ծառայության ղեկավարները։ Ո՞ւր է Փաշինյանի ԱԱԾ առաջին պետը, պարոն Վանեցյանն այսօր ընդդիմության ամենաակտիվ դեմքերից է, ով պահանջում է Փաշինյանի հրաժարականը։ Դա արդեն բնութագրում է»,- ասաց Զատուլինը։
Սակայն, բանախոսի կարծիքով, իրավիճակը խորացավ նրանով, որ չհասնելով էական արդյունքների ներքաղաքական կյանքում՝ Փաշինյանը որոշեց գերազանցել անցյալի հերոսներին իր հայրենասիրությամբ և սկսեց հայ-ադրբեջանական հարաբերություններում խնդիրներ հարուցել, այսինքն՝ մի կողմից՝ վստահության ճգնաժամ ստեղծելով հիմնական դաշնակցի հետ, չունենալով որևէ պատկերացում, թե ինչ է կատարվում և ինչպես է պետք վարել դիվանագիտությունը, չհասկանալով ռազմական գործից, պարոն Փաշինյանն այս ամենը հանգեցրեց մի իրավիճակի, երբ Ադրբեջանում մտածեցին, որ հասունացել է հարմար պահը, որպեսզի իրականացնեն ռևանշ, և սկսեցին պատերազմ, որը Հայաստանը պարտվեց և այնպես պարտվեց, որ կորսվել է ոչ միայն բանակցային ռեսուրսը, այլև շրջանները, որոնք 1994 թվականին Ղարաբաղի ողջ երկայնքով զբաղեցվել էին հայկական ուժերի կողմից, և ԼՂԻՄ-ի մի մասը կամ Արցախի Հանրապետության՝ Հադրութի շրջանն ու Շուշի քաղաքը։
«Այսինքն՝ նախկինում այն, ինչ ձեռք էր բերվել հանուն նրա, որպեսզի բանակցությունների ընթացքում գործը հասցվի Ղարաբաղի ճանաչմանը, կորսվեց դադարեցնելու համար ռազմական գործողությունները, որոնք Փաշինյանի օրոք լիովին տապալված էին։ Ի դեպ, պարոն Փաշինյանը, որը 2018 թվականի գարնանն իշխանությունը ստացավ սկուտեղի վրա, քանի որ Սերժ Սարգսյանը պարզապես հրաժարվեց դիմադրել պարոն Փաշինյանին և ամբոխին, չնայած ակնհայտին, երկարաձգում է քաղաքական ճգնաժամը, այն փակուղի է մտցնում և հրահրում է քաղաքացիական առճակատում և քաղաքացիական պատերազմ նրանով, որ հրաժարվում է ճանաչել սեփական պատասխանատվությունը և հեռանալ իշխանությունից, հրաժարվում է, թեև հայտարարում է՝ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իրականում շահարկում է՝ թույլ չտալով անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Նա նշում է, որ ժողովուրդը պետք է որոշի միայն, բայց իրականում իր համար երաշխիքներ է պահանջում: Այսինքն՝ ընտրությունների արդյունքում սեփական իշխանության պահպանում, Գլխավոր շտաբի պետի հրաժարական կամ հեռացում՝ ցույց տալու համար, թե ով է տանտերը, և որ նա կարող է նույնիսկ զինվորականի վիզը ոլորել։ Այսօրվա իրավիճակը որևէ հույս չի ներշնչում և իրավիճակը կարող է տարբեր կերպ զարգանալ՝ պարոն Փաշինյանի շահումն այս իրավիճակում դեմագոգի դիկտատուրայի անխուսափելի հաստատումը կլինի, որն օգտագործելու է մտացածին իրականությունը համացանցում, ինչպես նա դա սովորաբար անում է՝ սեփական նպատակներից ելնելով՝ հանրային կարծիքը մանիպուլյացնելու համար»,- ասաց Զատուլինը։
Նա նաև նշեց, որ Փաշինյանի պարտությունը կարող է տարբեր լինել՝ կամ համաձայնություն արտահերթ ընտրությունների, և ոմանք նույնիսկ մտածում են, որ ոչ թե մեծամասնություն, այլ հարաբերական մեծամասնություն կարող է ունենալ խորհրդարանում, կամ իրավիճակի անվերահսկելի, անկանխատեսելի զարգացում։ Նրա խոսքով՝ Փաշինյանի ստեղծած քաոսից ելքերը շատ տարբեր կարող են լինել, և երևակայությունը կարող է տարբեր սցենարներ ուրվագծել։
«Բայց եթե պարոն Փաշինյանի մոտ թեկուզ փոքր-ինչ պատասխանատվություն է պահպանվել երկրի հանդեպ, և եթե հայ ընտրողի, հայ ժողովորդի մոտ կա պատկերացում, որ մարդիկ պետք է պատասխանատու լինեն իրենց քայլերի համար, ապա, իհարկե, այս դեպքում հարցն այն է, որ Փաշինյանը պետք է հեռանա իշխանությունից, և դա կստեղծի պայմաններ, որպեսզի մարդիկ, որոնք վստահությունը չեն կորցրել, փորձեն ինչ-որ կերպ վերականգնել Հայաստանի հնարավորությունները՝ պաշտպանունակությունը, կարգավորել ներքաղաքական կյանքը, որպեսզի այն չգնա կոնֆլիկտից՝ կոնֆլիկտի, մի հանրահավաքի հրապարակից՝ մյուս հրապարակը»,- ասաց Կոնստանտին Զատուլինը։