Արմեն Սարգսյանն ինքն իրեն հակասում է. գործա՞րք, թե՞ ճնշում

«Հանրապետության նախագահը որոշել է չստորագրել հրամանագրի նախագիծը: Միաժամանակ, առաջնորդվելով Սահմանադրության 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հանրապետության նախագահն առանձին դիմումով դիմելու է Սահմանադրական դատարան «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով»,- քիչ առաջ տարածած հաղորդագրության մեջ ասել էր ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը՝ այսպիսով վերջ տալով վերջին օրերի հարցերի հարցին՝ կմնա՞ Օնիկ Գասպարյանը ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնում, թե՞ ոչ:

Փաստորեն՝ չի մնա:

Մի քանի օր իրեն պետականամետ ներկայացրած Արմեն Սարգսյանը երեկ հանկարծ հիվանդացավ, նրան այցելեց Նիկոլ Փաշինյանը, ինչպես հետո հենց ինքն էլ հայտարարեց՝ տեսակցելու նպատակով, իսկ այսօր եղավ այս որոշումը:

Ի դեպ, այստեղ կարևոր է հիշեցնել, որ որոշումից առաջ նա իր տանը առանձին հանդիպումներ է ունենում խորհրդարանական ընդդիմադիր համարվող ուժերի հետ՝ «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանի, և ապա՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ:

168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի հայտարարությանը, սահմանադրագետ Արամ Վարդևանյանն ասաց, որ Արմեն Սարգսյանի կողմից տարածված հայտարարության մեջ առնվազն որոշակի անորոշություն կա՝ արդյո՞ք հենց հրամանագրի վերաբերյալ է դիմում ներկայացվելու Սահմանադրական դատարան (ՍԴ), թե՞ ոչ, որովհետև երկրի  նախագահը նման իրավիճակում մի քանի լիազորությամբ է օժտված, այն է՝ դիմել ՍԴ, ստորագրել համապատասխան հրամանագիրը, կամ չստորագրել:

«Եթե Արմեն Սարգսյանը հրամանագիրը միաժամանակ նաև չի ներկայացնում ՍԴ, ապա եռօրյա ժամկետը լրանալուն պես այն մտնում է ուժի մեջ, այսինքն՝ համարվում է ստորագրված, և դա կլինի, մեղմ ասած, բավականին խայտառակ իրավիճակ Հանրապետության նախագահի գործողությունների տեսանկյունից»,- ասաց սահմանադրագետը:

Արամ Վարդևանյանը, սակայն, նշեց, որ հայտարարության մեջ նշված է, որ Արմեն Սարգսյանը դիմում ներկայացնելու է ՍԴ՝ խնդրո առարկա օրենքի վերաբերյալ:

«Եթե ինքնին նախագահը գտնում է, որ այդ օրենքի դրույթը, որը, ըստ կառավարության՝ վերաբերելի է Գլխավոր շտաբի պետի պաշտոնավարման դադարեցման առաջարկին, ապա այդ պարագայում ինչպե՞ս հրամանագիրը կարող է չվիճարկվել Սահմանադրական դատարանում, որովհետև պատկերացրեք՝ եթե «Զինծառայության և զինվորականի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչվի, ստացվում է, որ որոշակի ժամանակ անց արձանագրվելու է, որ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելը եղել է հակասահմանադրական: Այդ կասկածը, այդ ռիսկն ունենալու պայմաններում ինչպե՞ս չդիմել ՍԴ, ես չեմ պատկերացնում»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Նրա խոսքով՝ սա կլինի նախագահի կողմից դրսևորած բավականին լուրջ անգործության դրսևորում:

Հարցին, թե սա կարո՞ղ ենք դիտարկել՝ որպես Արմեն Սարգսյանի վրա ճնշման արդյունք՝ հաշվի առնելով երեկ տեղի ունեցած Փաշինյանի հետ նրա հանդիպումը, Արամ Վարդևանյանն ասաց՝ դա ակնհայտ է:

«Այստեղ երկրորդ կարծիք չկա: Ճնշումը կար, հստակ էր: Դա բնական էր, քանի որ, կարելի է ասել՝ դա այս իշխանության ոճն է մշտապես: Բավական է միայն հիշել, թե ինչ էր կատարվում Սահմանադրական դատարանի, առհասարակ դատական համակարգի շուրջ, այլ տիրույթներում՝ ևս: Սա նորություն չէ: Հարցն այն է, որ Սահմանադրության պահպանման սահմանադրական լիազորությունը ճնշումներով չպետք է ընկրկվի, ստորադասվի»,- նշեց սահմանադրագետը՝ հավելելով, որ Սահմանադրության գերակայությունը նաև հենց սրանում է:

Ըստ Արամ Վարդևանյանի՝ այստեղ նաև ինքնահակասման իրավիճակի ենք ականատես լինում, քանի որ առարկություններով վերադարձնելու հիմքը եղել էր հենց Նիկոլ Փաշինյանի հրամանագրի նախագծի՝ առերևույթ հակասահմանադրական լինելը:

Հարցին, թե արդյո՞ք այսօր վկայակոչած օրենքը Արմեն Սարգսյանն իր հայտարարության մեջ վկայակոչել էր, Արամ Վարդևանյանը պատասխանեց՝ անուղղակիորեն:

 

 

Տեսանյութեր

Լրահոս