Կառավարության ու Փաշինյանի ոգևորությունը կարճ տևեց. անկում և դատարկություն

Կառավարությունը շատ էր ոգևորվել 2019թ. տնտեսական աճով։ Վարչապետը գլուխ էր գովում, որ իր կառավարությանը հաջողվել է տնտեսական աճի մակարդակով անցնել՝ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ՝ ԵԱՏՄ-ի ու աշխարհի շատ երկրներին։ Բայց այդ ամենը շատ կարճ տևեց։

Վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցած տարվա տնտեսական աճի նախնական ցուցանիշը։ Ըստ այդմ, 2020թ. Հայաստանի տնտեսությունը ոչ միայն չի աճել, այլև էապես նահանջել է։ Նախնական տվյալներով՝ տնտեսական անկումը մեր երկրում կազմել է 7,6 տոկոս։ Շատ ավելի շատ, քան տարածաշրջանում ու գործընկեր բազմաթիվ երկրներում։

Հայաստանի տնտեսությունը 7,6 տոկոսով է նվազել, մինչդեռ՝ Վրաստանում անկումը կազմել է 5,5 տոկոս, Ադրբեջանում՝ 4,3 տոկոս։ Անկման տեմպը մեր երկրում շատ ավելի մեծ է նաև Ռուսաստանի համեմատ։ Ռուսաստանում արձանագրվել է ՀՆԱ 3,1 տոկոս նվազում։ Ամբողջ ԵԱՏՄ-ում անկումը կազմել է 3,9 տոկոս, ինչը գրեթե կրկնակի ցածր է, քան Հայաստանում։

Եթե մեր տնտեսությունն 2019թ. իսկապես հեղափոխական զարգացում էր ունեցել, ապա այսպես չպիտի լիներ։ Մեր տնտեսության անկումն առնվազն ավելի քիչ պիտի լիներ։

Սակայն, ինչպես տեսնում ենք՝ այդպես չէ։

Այդպես չէ, որովհետև 2019թ. արձանագրված աճն ամենևին էլ տնտեսության զարգացումների ու կառուցվածքային բարելավումների արդյունքը չէր։ Դրանից մեր տնտեսության դիմադրողականությունը ոչնչով չէր բարձրացել։ Ընդհակառակը՝ դատելով այսօրվա ցուցանիշներից, տնտեսությունը մի բան էլ կորցրել է դիմադրողականությունը։

Այն փլվեց առաջին իսկ հարվածից։ Դա նկատվեց արդեն անցած տարվա սկզբին, երբ համավարակի հետևանքով ստիպված եղանք գնալ սահմանափակումների և փակել տնտեսությունը։ Դա էլ, թերևս, դարձավ մեր տնտեսության գերեզմանափորը։

Հրապարակելով անցած տարվա տնտեսական աճի նախնական ցուցանիշները, Վիճակագրական կոմիտեն արձանագրել է, որ արդեն երկրորդ եռամսյակում մեր տնտեսությունն աննախադեպ նվազում արձանագրեց։ Անկումը հասավ 13,7 տոկոսի։ Այն պահպանվեց մինչև տարեվերջ։ Երրորդ եռամսյակում տնտեսության անկումը կազմեց՝ 9, իսկ չորրորդում՝ 8,9 տոկոս։

Տարվա արդյունքներով՝ ունեցանք 7,6 տոկոսանոց նվազում։ Մեր ՀՆԱ-ն տարեվերջին կազմեց ընդամենը 12,6 մլրդ դոլար։ 1 միլիարդով պակաս, քան նախորդ տարի էր։

Հիշեցնենք, որ 2019թ. Հայաստանի ՀՆԱ-ն դոլարային արտահայտությամբ 13,6 միլիարդ էր։

Անցած տարի ոչ միայն առաջընթաց չունեցանք, այլև մեր տնտեսությունը 1 մլրդ դոլարով սեղմվեց։

Տնտեսության բոլոր հիմնական ոլորտներում անկում ունենք։ Նվազել է շինարարությունը, գյուղատնտեսությունը, մշակող արդյունաբերությունը։ Կրճատվել է առևտրի ու ծառայությունների շրջանառությունը։

Ռեկորդային բարձր անկում ունենք կացության և հանրային սննդի կազմակերպման ոլորտում։ Այն նախորդ տարվանից պակաս է եղել ավելի քան 45 տոկոսով։

Նվազել է նույնիսկ խաղային բիզնեսի շրջանառությունը։ Այն խաղային բիզնեսի, որը դարձել էր մեր տնտեսության, այդ թվում՝ 2019թ. աճի հիմնական գործոններից մեկը։

Անցած տարի խաղային բիզնեսի ոլորտում կտրուկ անկում է արձանագրվել։ Զվարճությունների ու հանգստի կազմակերպման ծառայությունները կրճատվել են ավելի քան 28 տոկոսով։

Երկնիշ անկում ունենք նաև մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում։

Անկումների այս ցանկը շատ երկար է։ Տնտեսության բազմաթիվ հատվածներ անցած տարի հայտնվեցին կաթվածահար վիճակում։ Գտնվեցին շատ քիչ ճյուղեր, որոնք կարողացան աճով դուրս գալ։ Այդ ճյուղերից մեկն էլ հանքագործական արդյունաբերությունն ու բաց հանքերի շահագործումն էր, որտեղ տարվա կտրվածքով ունեցանք 12 տոկոսանոց աճ։ Թեև աճը շատ ավելի բարձր էր տարվա սկզբին։ Առաջին եռամսյակում գրանցվեց՝ 20, երկրորդում՝ 22 տոկոս աճ։ Հետագայում աճի տեմպը կտրուկ նվազեց, իսկ տարեվերջին նույնիսկ անկում ունեցանք։ Չորրորդ եռամսյակում հանքարդյունաբերության անկումը կազմել է 2,1 տոկոս։

Զգացնել տվեց Սոթքի հանքի շահագործման շուրջ ստեղծված իրավիճակը։ Իրավիճակը, որը շարունակվում է պահպանվել նաև հիմա։

Հասկանալի պատճառներով՝ աճ ունեցանք նաև առողջապահության մեջ, կապի և տեղեկատվության, ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտներում։ Մյուս բոլոր տեղերում ակտիվությունը նվազել է։

Արձանագրված 7,6 տոկոս տնտեսական անկման գործում ամենամեծ նպաստը բերել է առևտուրն ու ծառայությունները։ Այնպես, ինչպես 2019թ. աճի ժամանակ. 2019թ. արձանագրված 7,6 տոկոսանոց աճի մեջ առևտրի և ծառայությունների բաժինը 5,3 տոկոս էր։ Անցած տարվա 7,6 տոկոս նվազման մեջ՝ 5 տոկոս։

Ակնհայտ է, որ մեր տնտեսության՝ ինչպես աճերը, այնպես էլ՝ անկումները մեծապես կապված են առևտրի և ծառայությունների հետ։ Այնինչ, տնտեսության իրական հատվածի մասնակցությունն աճի ու անկման գործում շատ փոքր է։

Անցած տարվա անկմանն արդյունաբերությունը նպաստել է 0,27 տոկոսային կետով։ Շինարարությունն ունեցել է 0,41 տոկոս  մասնակցություն։

Բացասական է եղել նաև գյուղատնտեսության դերը։  Գյուղատնտեսությունն անցած տարվա տնտեսական անկմանը նպաստել է 0,48 տոկոսով։

Այսպիսին են Հայաստանի անցած տարվա ցուցանիշները։ 2019թ. 7,6 տոկոս աճի փոխարեն՝ 2020թ. ունեցանք նույնքան նվազում։ Մինչդեռ նախատեսվում էր 4,9 տոկոս տնտեսական աճ։ Տնտեսական աճի սպասումներն աստիճանաբար նվազեցին, և, ի վերջո, արձանագրվեց շատ ավելի վատ արդյունք, քան կանխատեսվում էր թե՛ ի սկզբանե, և թե՛ տարվա ընթացքում։

Հիշեցնենք, որ անցած տարի կառավարությունը 2 անգամ վերանայեց տնտեսական աճի ցուցանիշը. նախատեսված 4,9 տոկոսից նախ՝ նվազեցրեց մինչև 2, ապա՝ 6,8 տոկոսի։ Բայց չիրականացավ՝ ինչպես առաջին, այնպես էլ՝ երկրորդ կանխատեսումը։ Տնտեսական անկումն ավելի մեծ էր, քան կարծում էր կառավարությունը։ Ի վերջո, այն կանգ առավ 7,6 տոկոսի վրա։

2019թ. բարձր աճից հետո ունեցանք նույնքան բարձր անկում, ինչը նշանակում է, որ մեր տնտեսությունը շարունակում է նույնքան թույլ լինել արտաքին ու ներքին ցնցումների նկատմամբ, որքան եղել է։ Տնտեսական ու կառուցվածքային բարեփոխումների մասին վերջին տարիներին եղած խոսակցությունները բացարձակապես հիմնազուրկ էին։ Այս ընթացքում ոչինչ չենք արել մեր տնտեսության պոտենցիալը բարձրացնելու համար։ Մի բան էլ նույնիսկ թուլացրել ենք՝ անհարկի միջամտություններով ու չկշռադատված քայլերով։ Ահա թե ինչու շատ ավելի մեծ անկում ունեցանք, քան տարածաշրջանի այլ ու գործընկեր երկրները։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս