Նոյեմբերյան համաձայնագիրը հակամարտության կարգավորման մասին չէ. այն  կրակի դադարեցման մասին է. Ալեքսանդր Իսկանդարյան

«Չեմ կարծում, որ բուն ղարաբաղյան հակամարտության առնչությամբ կարող են ինչ-որ շատ լուրջ փոփոխություններ լինել. համաձայնագիրը ոչ միայն ստորագրվել, այլև իրագործվել է»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Բանախոսի կարծիքով, սակայն, կշարունակվի ադրբեջանական այն ռազմավարությունը, երբ փնտրում են հայերի ցավոտ տեղերը և ճնշում դրանց վրա. «Դա տարածքների, գերիների հարցն է. Ինչ-որ դեպքերում երևում է, որ դա միտումնավոր ճնշում է, որովհետև որոշ դեպքերում նրանք վերցնում են տարածքներ, որոնք պետք չեն, և պահում են գերիներ, որոնք իրականում պետք չեն»:

Քաղաքագետը հիշեցնում է՝ «Նոյեմբերյան համաձայնագիրը հակամարտության մասին չէ. այն  կրակի դադարեցման մասին է. Ղարաբաղի կարգավիճակի, երաշխիքների հետ կապ ունեցող և այլ հարցերի մասին այնտեղ բառ չկար»:

Ըստ այդմ՝ կարծում է, որ կարգավորմանն ուղղված ձևաչափը կարող է թարմացվել, փոխգործակցության ձևաչափ գտնելու փորձեր կլինեն: Նկատում է՝ ամենահավանական տարբերակներից մեկը Մինսկի խմբի պահպանումն է՝ ֆորմալ այն ձևաչափում, որում կա:

Քաղաքագետ Ալեքսանդր Մարկարովը, անդրադառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանն ու դրանով պայմանավորված քաղաքական իրավիճակին՝ նկատում է. «Իշխանությունների համար խնդիրը մի կողմից եղել է՝ բավարարել այն միջազգային սպասելիքները, որոնք եղել են հայտարարության ֆոնի վրա, մյուս կողմից՝ մինիմալիզացնել այն վնասը, որը նրանք կստանան երկրում՝ այն տեսանկյունից, որ առնվազն պետք է պահեն իրենց իշխանությունը՝ ամբողջ ֆոնի վրա, որը մենք ունեինք նաև կորոնավիրուսի, տնտեսական իրավիճակի հետ կապված:

Արտաքին միջավայրը, ըստ էության, փոխվում է այն տեսանկյունից, որ մենք ունենք իրավիճակն այլ կերպ գնահատող Իրանը, բացարձակապես փոփոխված Թուրքիայի կարգավիճակը մեր տարածաշրջանում և  Ռուսաստանի ներգրավվածությունը, բառիս բուն իմաստով,  խաղաղապահների տեսքով՝ արդեն անմիջապես Ղարաբաղում»:

Ալեքսանդր Մարկարովի համոզմամբ՝ հիմա պետք է փորձել քայլեր իրականացնել՝ առնվազն պահելու այն, ինչ-որ մնաց Ստեփանակերտի իշխանության տակ, ստեղծել գուցե նոր օրակարգը՝ կապված այն տարածքների հետ, որոնք դիտարկվում են, որպես այն մասը, որն անարդար ձևով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ. «Եթե չեմ սխալվում, մոտակա օրերին, այդ թվում՝ նաև պետք է Արցախում քննարկվի այն հարցը, թե ի՞նչ կարգավիճակ պետք է ստանան այն տարածքները, որոնք դիտվում են որպես օկուպացված՝ նախկին ԼՂԻՄտարածքի մասին, և հարցը շրջանների մասին»:

Ամփոփելով ընդհանուր իրավիճակը՝ քաղաքագետը նշեց՝ ստատուս-քվոն փոխվում է, փոխվում են միջազգային փոխհարաբերությունները, և այս իրավիճակից անհրաժեշտ է գտնել ելքը. «Որտե՞ղ է ելքը. Մինսկի խումբը շարունակում է հանդես գալ՝ որպես միջազգայնորեն ճանաչված ձևաչափ, բայց այս ձևաչափն ինչին պետք է հասնի, եթե մենք շարունակում ենք պնդել, որ մենք ունենք  որոշակի կարմիր գծեր, այդ կարմիր գծերից քիչ բան է մնացել: Հաջորդ կարմիր գիծը հիմա փորձում  են գծել՝  ասելով, որ ինքնորոշման հարցը հանդես է գալիս՝ որպես հիմք կարգավորման համար, ի՞նչ կարգավորման՝ դա էլ է հարց»:

 

Տեսանյութեր

Լրահոս