Բաժիններ՝

«Պետությունը կարող է հայրենասիրության դասեր տալ՝ դադարելով ստել ու սկսելով ծառայել մարդկանց». Լև Շլոսբերգ

Ռուս քաղաքական գործիչ, իրավապաշտպան, լրագրող Լև Շլոսբերգը կարծում է, որ, երբ դպրոցական ծրագրերում սկսում են տեղ գտնել հայրենասիրության դասերը, դա նշանակում է, որ պետության մեջ ինչ-որ բան այնպես չի գնում:

«Եթե երեխաներին պետք է սովորեցնել սիրել հայրենիքը, դա նշանակում է, որ հայրենիքը չի սիրում իր երեխաներին: Հայրենասիրությունը հայրենիքի նկատմամբ սերն է: Դա մարդու անձնական զգացմունքների, անձնական մտատանջությունների խնդիրն է: Հայրենիքը պետություն չէ, ոչ էլ իշխանություն: Հայրենիքը այն հողակտորն է, որի հետ մարդուն կապում են կյանքի ակունքները: Իսկ եթե երեխաներին մանկությունից սովորեցնում են սիրել պետությունն ու իշխանությունը, դա հայրենասիրություն չէ, այլ լոյալության ու հնազանդության դաստիարակում»,- ասում է Շլոսբերգը:

Նրա խոսքով՝ այս դեպքում կյանքի այն ճակատագրական պահերին, երբ վճռվում է հայրենիքի ճակատագիրը, այդ կերպ դաստիարակված մարդը, ընտրելով հայրենիքի սիրո և պետության նկատմամբ լոյալության միջև, կարող է դավաճանել հայրենիքը, քանի որ հայրենիքի հանդեպ սերը երբեմն պահանջում է գնալ պետության և իշխանության դեմ:

«Հայրենասիրության պարտադրված դաստիարակումը պետության քաղաքական սնանկության ահազանգն է ցանկացած դարաշրջանում և ցանկացած երկրում: Եթե ժողովուրդը ոչ մի պատճառ չունի սիրել պետությունը, ապա պետք է մտածել՝ նրան բռնի կերպով սիրել պարտադրելո՞ւ, թե՞ պետության՝ մարդկանց նկատմամբ վարած քաղաքականությունը փոխելու մասին: Արդյո՞ք բռնի սերը մարդուն կարող է բարի ու մարդասեր դարձնել»,- նկատում է իրավապաշտպանը:

Վերջինս պնդում է՝ հայրենիքի նկատմամբ սերը բացառապես անձնական զգացմունք է, և այն չի տիրաժավորվում դասագրքերով, նախագահների, Խորհրդարանների ու կառավարությունների, համագումարների ու կուսակցությունների որոշումներով:

«Հայրենասիրությունը ծնվում է ազատությունից, մարդու իրավունքներից ու ազատություններից, բարեկեցությունից ու ինքնաբավությունից, մերձավորի և օտարի նկատմամբ սիրուց: Հայրենասիրությունը չի կարող ձևավորվել աղքատությունից ու չքավորությունից, ստորացումից ու վիրավորանքներից, մարդուն անտեսելուց, ստից»,- ասում է ռուս լրագրողը:

Նա նշում է, որ պետությունը կարող է հայրենասիրության դասեր տալ՝ դադարելով ստել ու սկսելով ծառայել մարդկանց:

«Այդ ժամանակ դպրոցներում պետական հայրենասիրության դասեր տալու գաղափարը ոչ մեկի գլխում չի հղանա, քանի որ երեխաները պարզապես կիմանան, որ հայրենիքն իրենց սիրում է»,- ասել է Լև Շլոսբերգը:

Թարգմանեց և հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728