«Գուցե Ալիևը ցուցակ է տվել մեր իշխանություններին և ասել՝ այս մարդկանց վնասազերծեք, իզոլյացրեք». Անժելա Էլիբեգովա

«Կարգավիճակ չունեմ, չհասկացա՝ ինչի համար եմ ԱԱԾ հրավիրվել, առավել ևս՝ ինչո՞ւ են առգրավել իմ հեռախոսն ու աշխատանքային համակարգիչը՝ կարևոր նյութերով և աշխատանքային ֆայլերով, ինչո՞ւ է պարալիզացված իմ աշխատանքը հիմա: Որևէ հոդաբաշխ բացատրություն մինչ օրս չեմ ստացել»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովան:

Թե ինչո՞ւ հենց տարիներ շարունակ Ադրբեջանի  հակահայ քարոզչության դեմ պայքարող անձանց սկսեցին կասկածել ատելություն և վիրավորանք տարածող ֆեյք աշխատեցնելու մեջ, Անժելա Էլիբեգովան ունի իր դիրքորոշումն այս հարցում. «Ըստ երևույթին, մենք խանգարում ենք. բարձրացնում ենք անհարմար հարցեր և խանգարում ենք Ադրբեջանի հետ եղբայրական հարաբերություններ հաստատելուն և տնտեսական փոխգործակցությանն իրենց հետ»:

Ադրբեջանի հարցերով փորձագետը հույս ունի, որ շուտով իր բոլոր նյութերը կվերադարձնեն, և չի կորցնի. «Այնուամենայնիվ, զավեշտալի, ուղղակի աբսուրդային իրավիճակ է, երբ ինչ-որ անհասկանալի ֆեյքը դարձել է համար 1 անվտանգության խնդիրն այս երկրում, և ամբողջ պետությունով ընկած ինչ-որ ֆեյք են ման գալիս և չգիտես՝ ինչու՝ ես, իմ կամքին հակառակ, մասնակցում եմ այդ ֆեյքի PR-ին: Այդ ֆեյքը աստղաբաշխական հետևորդների քանակ արագորեն հավաքեց և դարձավ շատ ավելի ճանաչված, քան մինչև այդ էր, ու չգիտես ինչու՝ իմ անունն ասոցիացվում է այդ ամենի հետ, ինչն ինձ համար անընդունելի և վիրավորական է: Պարզ է, չէ՞, որ որևէ ողջամիտ մարդու մտքով չի կարող անցնել, որ ես կարող եմ այդ ֆեյքի հետ կապ ունենալ, բայց ունենք այդ աբսուրդ իրականությունը, երբ հետպատերազմյան Հայաստանում կան ռեալ անվտանգության խնդիրներ, և համակարգն ամբողջովին փլուզվում է, բայց չգիտես ինչու՝ բոլորը կենտրոնացան այդ ֆեյքի վրա, և ձեռքի հետ կենտրոնացան բոլոր այն մասնագետների վրա, որոնք Ադրբեջանի հակահայկական քարոզչության դեմ են պայքարել, Ադրբեջանի հայատյաց գործողությունն են հասցրել աշխարհին: Կարծում եմ՝ հանրությունը պետք է իր հետևություններն անի՝ ինչո՞ւ հենց մենք ենք թիրախավորվել»:

Անժելա Էլիբեգովան չի հիշում, որ անգամ ավտորիտար Ադրբեջանում նման բան տեղի ունենար. «Ամեն դեպքում, դա որևէ կերպ չի խոչընդոտելու այդ ուղղությամբ իմ աշխատանքին: Այո, ամբողջ պատերազմական արխիվն այս պահի դրությամբ ինձ հասանելի չէ, կանգնել է լուրջ աշխատանք՝ մի քանի տարբեր զեկույցների պատրաստման, բայց եթե նույնիսկ դա երկար ձգձգվեց, ես կնստեմ և նորից համառորեն կանեմ այդ ամբողջ աշխատանքը, այսինքն՝ ես չեմ տեսնում որևէ խոչընդոտ, որ ես կարողանամ այդ հարցերը բարձրացնել»:

Նա նկատեց, որ հիմա Ադրբեջանի հակահայ քարոզչության դեմ Հայաստանից պայքար չի տարվում. «Մինչև ԱԱԾ-ից նյութերս չվերադարձնեն, այդ քարոզչության դեմ ինքս կիսատ ուժերով եմ պայքարելու, բայց, այնուամենայնիվ, շարունակելու եմ: Ես ավելի համառ եմ, քան այդ ամբողջ համակարգը, որը հիմա աշխատում է իմ դեմ: Բայց խոսել այն մասին, որ պետական համակարգը ինչ-որ բան անում է այդ ուղղությամբ, ոչ, զրո, այս պահի դրությամբ՝ զրո»:

Միևնույն ժամանակ, ըստ նրա՝ Ադրբեջանում սրվել և ահագնացել է հակահայ քարոզչությունը. «Գնալով այդ ամենը վերածվելու է նաև պրակտիկ ոլորտում սադրանքների և տարատեսակ բախումների: Դրա դեմ պայքարելու համար պետք է աշխատել, մասնագետներին ԱԱԾ չտանել, չեն օգնո՞ւմ՝ գոնե չխանգարեն, որ կարողանանք գոնե ինչ-որ ձևով այս իրավիճակն ուղղել»:

Հարցին՝ եթե Ադրբեջանում ավելի է ահագնանում հակահայ քարոզչությունը, ՀՀ իշխանությունները ինչո՞ւ են փորձում հայ հասարակությանը պատրաստել խաղաղության, իսկ Ադրբեջանի հակահայ քարոզչության դեմ պայքարող փորձագետների հետ այդպես են վարվում, նա պատասխանեց. «Չգիտեմ, գուցե գաղտնի պայմանավորվածությունների շարքի մեջ, որը մեզանից թաքցնում են, և մենք լրիվ միամիտ կերպով ենք իմանում, որ հերթական գաղտնի փաստաթուղթն է ստորագրվել, ու ինչ-որ նոր հանգամանքներ ենք մեզ համար պարզում, կարող է՝ մի օր պարզվի, որ այդպիսի մի ցուցակ էլ կա, որն Ալիևը դրել է մեր իշխանությունների դիմաց և ասել է՝ այս մարդկանց վնասազերծեք և իզոլյացրեք, որպեսզի ինձ այլևս անհանգստություն չպատճառեն. ո՞վ իմանա»:

Նիկոլ Փաշինյանը, այսպես ասած՝ ապաշրջափակման վերաբերյալ ասել է. «Կարծում եմ, որ այդ խնդրի կառուցողական և փոխշահավետ լուծումն այն գործոններից է, որը մեր տարածաշրջանին կարող է բերել երկարատև և կայուն խաղաղություն: Եվ բացի երկարատև և կայուն խաղաղությունից, բերել նաև որոշակի տնտեսական օգուտներ, փոխել մեր տարածաշրջանի ու նաև Հայաստանի տնտեսական դիմագիծը, պոտենցիալը»:

Անժելա Էլիբեգովան նկատեց՝ այդ «կոմունիկացիաների բացումից» շահելու են Ադրբեջանն ու Թուրքիան. «Իրենք արդեն բազմաթիվ լոգիստիկ, տնտեսական պրոյեկտների մասին են խոսում, հաշվարկները ցույց են տալիս, իրենց գալիք ձեռքբերումների մասին են պատմում, իսկ մենք 3 ամիս է՝ սպասում ենք, որ մեզ ինչ-որ մի թիվ ներկայացնի պատասխանատու կառույցը, թե ինչ շահ ունի այս ամենի մեջ Հայաստանը: Իսկ քանի որ այդ շահը չկա և չի կարող լինել, բնականաբար, բան էլ չունեն մեզ ցույց տալու: Առավել ևս, երբ հրապարակվեց քարտեզ, որի վրա ակնհայտորեն երևում էր, որ դեպի Ռուսաստան այդ ամբողջ ճանապարհը գնալու է Ադրբեջանի ամբողջ երկայնքով. Քանի՞ հոգի է համարձակվելու այդ ճանապարհից օգտվել և իր ապրանքները փորձել այդպես արտահանել: Ոչ մի հստակ հետազոտություն այդ հարցում, իհարկե, չկա, և իհարկե, Հայաստանի համար այստեղ որևէ շահ լինել չի կարող, որովհետև Ադրբեջանը և Թուրքիան երբևէ թույլ չեն տալու, որպեսզի Հայաստանը կարողանա տնտեսական արագ թռիչքային զարգացում ունենալ՝ իրենց հաշվին»:

Հարցին՝ այդ դեպքում ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների ոգևորությունը, նա պատասխանեց. «Իրենք նաև մտածում են, որ «Իսկանդերը» կարող է 10 տոկոսով կրակել, այսինքն՝ մենք ի՞նչ տրամաբանություն ենք փնտրում նրանց գործողությունների և մտքերի մեջ»:

Ստեղծված իրավիճակից ելքը նա տեսնում է կոմպետենտ մարդկանց իշխանության գալով, որոնք ըստ փորձագետի՝ հասկանում են՝ ինչ է տնտեսությունը, ինչ է անվտանգությունը, ինչ են դիվանագիտական հարաբերություններն ու բանակցությունները, և կոմպետենտ են իրենց գործի մեջ, ունեն ինստիտուցիոնալ փորձ՝ այդ ամենն էֆեկտիվ անելու:

Դիտարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համար նոր հնարավորությունների մասին է խոսում, նա արձագանքեց. «Հայաթափմա՞ն նոր հնարավորությունների, երբ մտնում են հայկական գյուղեր, մարդկանց ահաբեկում են, դա՞ է «նոր հնարավորություններ»-ը, կամ երբ մարդկանց անասունն են գողանում, հետո մարդիկ բանակցում են, որ հետ ստանան, դա՞ է «նոր հնարավորություններ»-ը, թե՞ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի մասի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցնելը: Մեզ այդ հնարավորությունները պետք չէին, մենք առանց այդ «նոր հնարավորությունների» շատ լավ ապրում էինք: Այսինքն՝ ստեղծել բացարձակ աղետալի իրավիճակ, հետո ասել՝ սա մեզ համար բացում է նոր հնարավորություններ… Ադրբեջանցինե՞ր մեր գյուղերում և քաղաքներում, մարդիկ, որոնք երեկ խոշտանգում էին մեր գերիներին կամ խաղաղ բնակիչներին, այսօր ունենալու են հնարավորություն մտնել մեր գյուղեր, դա՞ է այդ բացվող հնարավորությունը, ինձ պետք չէ նման հնարավորություն»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս