Չեմ բացառում, որ Ռուսաստանը ներքին գներով այլևս հրաժարվի մեզ զենք վաճառել. Արտակ Զաքարյան
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն օրերս ծավալուն անդրադարձ էր կատարել Արցախյան վերջին պատերազմին ու այդ պատերազմում մեր կրած պարտության պատճառներին։
Նախագահ Սարգսյանը հարց էր ուղղել պատերազմը վարած իշխանությանը՝ հետաքրքրվելով, թե ինչո՞ւ «Իսկանդերը» չի կրակել պատերազմի 3-4-րդ օրը։
Թեև Սերժ Սարգսյանը հարց էր ուղղել այդ զինատեսակն օգտագործելու ժամանակի և տեղի ընտրության վերաբերյալ, սակայն գործող իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանը երեկ իր տված հարցազրույցում նախընտրեց ոչ թե այդ հարցին պատասխանել, այլ Սերժ Սարգսյանի տված հարցի բովանդակության հետ կապ չունեցող հարց ուղղել Սերժ Սարգսյանին։
«Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը.- Ա.Ս.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»,- հարցել էր Փաշինյանը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Զաքարյանը Նիկոլ Փաշինյանի հարցադրումը որակեց անորակ իշխանության հերթական անբովանդակ հայտարարություն, որի պատասխանը գտնելն անիմաստ է դառնում։
«Այս կապիտուլյանտն այնքան սիրեց Արցախը, որը Արցախի 70 տոկոսն այլևս մերը չէ։ Սիրելով Արցախը՝ խեղդեցին ինքն ու իր թիմը։ Ինչ վերաբերում է «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելուն, ապա դա անհավանականության տեսությունից է։ Ենթադրենք՝ մեկ հրթիռը պայթեց 10 տոկոսով, և այդ մեկ հրթիռի հետ ինչ-որ մի բան այն չի եղել, իսկ մյուս հրթիռների հետ ինչ է եղել»,- ասաց պաշտպանության նախկին փոխնախարարը։
Նշենք, որ 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, հարցին՝ հնարավո՞ր է արդյոք՝ «Իսկանդերի» հրթիռը պայթի 10 տոկոսով, ինչպես ասել է Փաշինյանը, նշել էր. «Տեխնիկապես հնարավոր է, բայց դա միայն կարող է հաշվարկել այն մարդը՝ ում վրա կրակել են: Միայն Ադրբեջանը կարող է ասել՝ քանի տոկոսն է պայթել»:
Շարունակելով «Իսկանդերի» հրթիռի 10 տոկոսով պայթելու մասին Փաշինյանի ասածի և իրականության միջև կապ գտնելու թեման, Արտակ Զաքարյանը նշեց, որ Փաշինյանի ասածը մեկ բառով բնորոշում է սուտ, հետևապես պետք չէ փորձել իրականության հետ աղերսներ գտնել։
«Բացի այդ, այս հարցն ի՞նչ կապ ուներ Սերժ Սարգսյանի ասածի հետ. նախագահը հարցնում է՝ ինչո՞ւ ճիշտ ժամանակին, ճիշտ կուտակումների դեպքում չի կիրառվել այս զինատեսակը, այնպես որ՝ Փաշինյանի երեկվա ասածը հերթական անգամ ուղղված էր Հայաստանի պետականության դեմ։ Այս կապիտուլյանտը դարձավ ռուսական ամենակարևոր զինատեսակներից մեկի քննադատը, չերաշխավորողը, վատ կարծիք տվողը»,- ասաց Զաքարյանը՝ որպես իշխանության անհասկանալի գործողությունների շղթայի շարունակություն ներկայացնելով Շուշիի առեղծվածը։
«Անհասկանալի է, թե այս իշխանությունն ինչո՞ւ է Շուշիի ուղղությամբ աշխատեցրեց «Իսկանդերը»։ Բայց մինչ այդ հարցին պատասխանելը՝ պետք է հասկանալ, թե այդ ինչպե՞ս քայլերով հակառակորդը եկավ-հասավ Շուշի»,- ասաց նա։
Պաշտպանության նախկին փոխնախարարը կարծում է, որ Փաշինյանի այս ասածից հետո հայ-ռուսական ռազմավարական գործընկերությունը կարող է կանգնել լրջագույն խնդրի առաջ՝ ընդհուպ՝ Ռուսաստանը կարող է հրաժարվել Հայաստանին ներքին գներով սպառազինության վաճառքից։
«Սա ոչ միայն բացառված չէ, այլ շատ հավանական է, չեմ բացառում, որ հրաժարվի դրանից, ինչը ձեռնտու է միայն թուրք-ադրբեջանական տանդեմին։ Պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական մամուլը երեկվանից հրճվանքի մեջ է։ Ռուսաստանին ասում են՝ դե տեսեք, թե գերիներին վերադարձնելու ձեր ջանքերին ի պատասխան՝ ինչպես է Փաշինյանը ձեզ շնորհակալություն հայտնում»,- ասաց Զաքարյանը։
Ինչ վերաբերում է Փաշինյանի հարցազրույցի ընթացքում նրա կողմից արված մեկ այլ դիտարկման, ըստ որի՝ իշխանության գալուց հետո իրենք Հայաստանում շուրջ 23 տոկոսով՝ շուրջ 50 մլրդ դրամով, ավելացրել են պաշտպանական, ռազմական ծախսերը, և իրենց առաջին գործողություններից մեկը եղել է հենց Զինված ուժերի մարտունակության բարձրացումը, Արտակ Զաքարյանը պատասխանեց.
«2018 թվականի բյուջեն հաստատվել է 2017 թվականի դեկտեմբերի վերջին, և Հանրապետական կուսակցության մեծամասնության կողմից Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագծով՝ բյուջեն արդեն 24 տոկոսով աճել էր նախորդ տարվա համեմատ, և այդ աճի ճնշող մեծամասնությունն ուղղված էր ռազմական և ոչ թե՝ քաղաքականության մշակման ծախսերին, այնպես որ՝ սա ևս մեկ սուտ է։ Հաջորդը՝ ի՞նչ մարտունակության բարձրացման մասին է խոսում՝ մարտունակության վրա ի՞նչ են ավելացրել՝ ելա՞կը, առանց հրթիռների ինքնաթիռնե՞րը, թե՞ բարձրացված աշխատավարձերը, որոնք նույն բանակի ներսում մեկից կտրում, տալիս են մյուսին»,- ասաց Զաքարյանը։
Պաշտպանության նախկին փոխնախարարից հետաքրքրվեցինք նաև բանակի մարտական և թվային կազմի օպտիմալացման մասին, ինչի մասին հայտարարել է Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Զաքարյանը նշեց, որ նախքան բանակի կազմի օպտիմալացման կամ ընդլայնման մասին խոսելը՝ պետք է հասկանան, թե վաղը մեր Զինված ուժերն ի՞նչ խնդիր են լուծելու, ի՞նչ ռեսուրս ունես դրա համար, բացի այդ՝ ո՞վ է լինելու քո թիկունքը, աջակիցը, թշնամին կամ ռազմավարական գործընկերը՝ տարածաշրջանում։
«Եթե այս հարցերը պարզաբանված չեն, իսկ չեն, ապա խոսել օպտիմալացումից՝ նշանակում է՝ մեր բանակը կամաց-կամաց ցրել, հետևաբար՝ պետք է կամ ասեն, որ մեր սահմաններն ամբողջությամբ տալու ենք ՌԴ-ին կամ ՆԱՏՕ-ին, և մեզ ընդամենը պետք են սահմանապահներ, կամ պետք է ապացուցեն, որ մեր պետությունը պաշտպանված է սեփական ուժերով. սրանք ոչ առաջինն են անում, ոչ երկրորդը։ Մյուս կողմից՝ աբսուրդ է, որ ռազմական դրության մեջ գտնվող երկրի պաշտպանության նախարարը խոսում է բանակում օպտիմալացում անելու մասին»:
Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում