«Եթե նախկինում որևէ մեկը նման բան ասեր, կմտածեի՝ հոգեկան շեղումներ ունի». Տեղ համայնքի ղեկավար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փետրվարի 15-ին հրապարակված ցուցակով Սյունիքի մարզի մի շարք համայնքներ դարձան սահմանամերձ։ Տեղ համայնքը նույնպես ներառվել է այդ ցանկում։

168.am հետ զրույցում Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը փակագծերը չբացելով՝ նշեց, որ Սյունիքում տեղի ունեցող վերջին իրադարձություններից հետո իրենք էլ Պաշտպանության նախարարության  հետ միասին փորձում են լուծել անվտանգության խնդիրները։

«Տեղ համայնքն ուղղվածություն ունի անասնապահության և դաշտավարության, մենք հիմնականում, որպես արոտավայրեր, օգտագործում էինք այդ տարածքները, որոնք հիմա հանձնվել են թշնամուն։ Այս պահի դրությամբ բնակչությունն այդ պահով նեղված է, արոտավայրերի լուրջ խնդիր ունենք, խոսքը վերաբերում է ձմեռային արոտավայրերին։ Ինչ վերաբերում է  ամառային արոտավայրերին, ապա ժամանակը կգա, կտեսնենք՝ ինչ է լինելու։  Որ ասեմ՝ այս պահին ժողովուրդը խուճապահար է, չէ, խուճապահար չէ, արտագաղթի պահով էլ՝ առայժմ արտագաղթող չկա, բայց կարծես թե միտումներ եմ նկատում, կարող է լինի»,- ասաց Ներսես Շադունցը։

Ըստ նրա, եթե Տեղ համայնքը դիտարկենք՝ որպես Արցախի Հանրապետությանը սահմանակից, ապա այն նախկինում էլ էր սահմանամերձ, իսկ եթե դիտարկենք՝ որպես Ադրբեջանին սահմանակից, ապա սահմանամերձ չէր, քանի որ սահմանը Տեղ համայնքից մինչև սեպտեմբերի 27-ը գտնվում էր 120 կմ հեռավորության վրա։ Արցախի 44-օրյա պատերազմից և նոյեմբերի 9-ի եռակողմ փաստաթղթի ստորագրումից հետո Տեղ համայնքը և 6 գյուղեր դարձել են սահմանամերձ։

Անդրադառնալով  Տեղ համայնքից այլ գյուղեր կամ մարզկենտրոն գնալու ճանապարհների անվտանգությանը, Ներսես Շադունցն ասաց.

«Եթե աչքերդ փակ քշես կամ մեքենայից դուրս չնայես, կիմանաս, որ այն սովորական ամենօրյա ճանապարհն է, որով մենք միշտ գնում էինք Կապան կամ Քաջարան, եթե, իհարկե, ճանապարհին չկանգնեցնեն ու ասեն՝ այս կամ այն հատվածում արագ քշեք կամ մի կանգնեք։ Իսկ մնացածը, որ ասեմ՝ ինչ-որ մեկը խոչընդոտում է՝ չէ, բայց երբ նայում եմ այդ ճանապարհների ցուցանակներին՝ ադրբեջաներով գրված «Բարի գալուստ Ադրբեջան», դա արդեն ճնշող է, նյարդայնացնող, մի հարյուր մետր ճանապարհի հատված ունեն, բայց գրել են՝ բարով եք եկել Ադրբեջան»։

Նրա խոսքով՝ երբևէ չի մտածել, որ ադրբեջաներենով ցուցանակ կհայտնվի Սյունիքում, ավելին՝ եթե նախկինում որևէ մեկն իր մոտ նման բան ասեր, կմտածեր, թե տվյալ մարդը հոգեկան շեղումներ ունի։

«Ոչ մեկի մտքով չէր անցնում, որ նման բան կլինի, մենք նույնիսկ պայքարում էինք, թշնամուց 20-25 կմ հեռու էինք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագրի 1-ին կետով, որտեղ հստակ նշված էր, որ ով որտեղ կանգնած է, մնում է նույն տեղում՝ բացի Բերձորի, Ակնայի և Քարվաճառի շրջաններից։ Ինձ համար մինչև այժմ զարմանալի է, թե ինչու այդ ամենը վերաբերեց Կուբաթլուի ու Զանգելանի շրջաններին, դա Գորիսի, Կապանի ու Մեղրիի հատվածներին չպետք է վերաբերեր։ Մենք այդ հարցը քննարկեցինք, բայց այդպես էլ անպատասխան մնաց։ Առաջին համաձայնագրով, ինքս՝ որպես ՀՀ շարքային քաղաքացի, գյուղացի մարդ, կարդում եմ այդ համաձայնագրի առաջին կետը ու ասում եմ՝ չպետք է այսպես լիներ»,- ընդգծեց Տեղ համայնքի ղեկավարը։

Ինչ վերաբերում է իշխանության տարբեր ներկայացուցիչների հայտարարություններին, որ ճանապարհներն  ապաշրջափակելուց հետո առևտուր կանեն, կամ, օրինակ, Նախիջևանով կգնան Իրան ու Ռուսաստան, Ներսես Շադունցն ասաց, որ ով նման բան ասել է, առաջինն էլ նա իր ընտանիքը կվերցնի ու կգնա առևտրի։

«Ես թուրքին չեմ հավատում, որքանով պատմությունն ուսումնասիրել եմ, անկախ այն հանգամանքից՝ շա՞տ եմ կարդացել, թե՞ քիչ, չեմ տեսել, որ թուրքն իր ասածին հավատարիմ մնա։ Թե այդ ծրագրի հեղինակներն ովքեր են, դրանք թե ինչպես են ասում, որ լավ է լինելու՝ չգիտեմ, տա Աստված, ես սխալվեմ, բայց չգիտեմ, ինչպե՞ս կարելի է թուրքին վստահել։ Հինգ օր առաջ թուրքն ասել է՝ բոլորը՝ բոլորի դիմաց փոխանակում ենք գերիներին, բայց հետո դրժել է խոսքը, ժողովուրդ, դրանց ինչպե՞ս կարելի է  հավատալ։ Ախր այս տարիների ընթացքում մենք ինչո՞ւ դրանում չհամոզվեցինք, էլ ի՞նչ պետք է անեն մեզ հետ, որ համոզվենք»,- եզրափակեց Ներսես Շադունցը։

 

Տեսանյութեր

Լրահոս