Այն, որ ՀՀ կառավարությունն ամերիկյան ուղղությունն ամբողջությամբ տապալել է, կարծում եմ, փաստ է. Սուրեն Սարգսյան

ԱՄՆ Կոնգրեսի առավել քան հարյուր անդամներ Բայդենի վարչակազմին կոչ են արել կոնկրետ քայլերով սատարել Արցախի գոյատևմանն ու Հայաստանի անվտանգությանը։ Այս նախաձեռնությանը մեծապես աջակցել է Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը:

ԱՄՆ պետքարտուղարին և պաշտպանության նախարարին հասցեագրված նամակում ընդգծվում է ԼՂ շուրջ ստեղծված ճգնաժամի լրջությունը, որն առաջացել է ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով։

Կոնգրեսականներն առաջարկում են ԱՄՆ արտակարգ օգնություն, որն Արցախի ժողովրդին հնարավորություն կտա վերակառուցել իրենց համայնքները և վերակազմակերպել իրենց կյանքը՝ առանց հետագա արյունահեղությունից վախի, ԱՄՆ-ի վերաներգրավումը տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման մեջ, որը հիմնված է ինքնորոշման հիմնարար իրավունքի վրա՝ պաշտպանելով Արցախի անվտանգությունը և բացառելով նոր պատերազմի բռնկումը, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի և հակամարտության կարգավորման գործում նրա՝ որպես օրինական բանակցողի ճանաչում, ԱՄՆ ղեկավարության կողմից հայ գերիների ազատ արձակման ապահովում, Ամերիկյան հաշվետվողականություն, ներառյալ՝ Թուրքիայի և Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների կիրառում, Բաքվին ԱՄՆ օգնության կասեցում և 907-րդ բանաձևի պահանջների կատարում, ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի տնտեսական զարգացմանը և ադրբեջանական ագրեսիայից տեղահանված հայերին օգնության ցուցաբերում, նախագահ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում։

168.amմիջազգայնագետ Սուրեն Սարգսյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք Հայ դատի հանձնախումբը վերցրել է կոնկրետ քայլեր անելու հանձնառությունը, քանի որ Հայաստանի իշխանությունների կողմից այդ ուղղությամբ համարժեք քայլեր այդպես էլ չարվեցին:

Ի պատասխան՝ Սուրեն Սարգսյանը նշեց. «Այն, որ Հայաստանն ամերիկյան ուղղությունն ամբողջությամբ տապալել է, այսինքն՝ ՀՀ կառավարությունը տապալել է ԱՄՆ-ի հետ տարվող աշխատանքներն ամբողջությամբ, սա, կարծում եմ, փաստ է։ Իսկ ինչ վերաբերում է Հայ Դատի գրասենյակին կամ ընդհանրապես համայնքին, ապա համայնքը մշտապես էլ ակտիվ է, լոբբիստներն էլ մշտապես էլ այս կամ այն նախաձեռնությամբ են հանդես գալիս. ունեն իրենց օրակարգը, իրենց պատկերացումները մեր պետության, ազգի ապագայի մասին, ունեն իրենց առաջնահերթությունները և ըստ այդ առաջնահերթությունների՝ կազմակերպում են իրենց աշխատանքը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչ աշխատանք են տանում Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատուները:

Այնպես որ, այո՛, Հայաստանի իշխանություններն այդ ուղղությունը տապալել են, և ինչ-որ առումով լավ է, որ այդ ուղղությունն իր վրա վերցրել է հայ համայնքը»:

Անդրադառնալով Բայդենին ուղղված նամակից սպասվող ակնկալիքներին՝ միջազգայնագետը նշեց, որ այն չի պարունակում որևէ պարտադրական մեխանիզմ, բայց միևնույն ժամանակ, ունի լուրջ քաղաքական նշանակություն.

«Եթե 100 կոնգրեսականներ այս կամ այն հարցով դիմում են վարչակազմին, բնականաբար, դա ուշադրության է արժանանում վարչակազմի և անձամբ նախագահի կողմից՝ մանավանդ, եթե խոսքն այնպիսի նախագահի մասին է, ով քաջատեղյակ է հայկական խնդիրներից, հայ համայնքի առաջնահերթություններից, հայ-ամերիկյան հարաբերություններից, ընդհանրապես, ամերիկյան քաղաքականությունից մեր տարածաշրջանում: Այնպես որ, այս առումով, բնականաբար, ողջունելի նախագիծ է և, բնականաբար, իր քաղաքական ազդեցությունն ունենալու է»:

Քանի որ կոնգրեսականների նամակում նշվում էր տարածաշրջանային կայուն կարգավորման որոնման գործընթացում ԱՄՆ-ի վերաներգրավման մասին, մեր զրուցակցից ճշտեցինք նաև, թե այս առաջարկությունը որքանո՞վ է հեռանկարային։

«Ես կարծում եմ, որ, իհարկե, Միացյալ Նահանգներն ունի նման ցանկություն, առավել ակտիվ ներգրավվածություն ունենալ ոչ միայն մեր տարածաշրջանում, այլև ընդհանրապես ամբողջ աշխարհում, որովհետև մանավանդ Բայդենի վարչակազմը բազմիցս հայտարարել է, որ այն, ինչ արել է Թրամփը վերջին տարիների ընթացքում ԱՄՆ արտաքին քաղաքականության ասպարեզում, լուրջ տապալում է եղել, և առավել ակտիվ, պրոակտիվ ներգրավվածություն Միացյալ Նահանգների նոր վարչակազմը տարբեր տարածաշրջաններում ունենալու է:

Այլ հարց է՝ թե ինչ գործիքակազմ, ինչ հնարավորություններ և կարողություններ ունի Բայդենի վարչակազմը մեր տարածաշրջանում ազդեցություն ունենալու համար, և եթե ճիշտ գնահատենք այդ գործիքակազմը, կհասկանանք, որ հնարավորություններն այդքան մեծ չեն, այդքան լայն չեն՝ մանավանդ վերջին պատերազմից հետո:

Այնպես որ, շատ մեծ ակնկալիքներ առանձնապես ունենալ պետք չէ»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս