
Կոպենհագենի օդանավակայանը ավելի քան 30 չվերթ է վերաուղղորդել ԱԹՍ-ների պատճառով. Reuters

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանն առնվազն 31 չվերթ է ուղղորդել դեպի այլ օդանավակայաններ՝ անօդաչու թռչող սարքերի պատճառով: Այդ մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով օդանավակայանի հայտարարությունը։
Օդանավակայանի տվյալներով՝ իրավիճակից տուժել է մոտավորապես 20 հազար ուղևոր։ Դանիայի ոստիկանությունը իր հերթին հայտնել է, որ տեղեկատվություն չունի, թե ով է կառավարել անօդաչու թռչող սարքերը։ Իրավապահնները նաև նշել են, որ հետաքննում են հնարավոր կապը Նորվեգիայում տեղի ունեցած միջադեպի հետ։
Օսլոյի օդանավակայանը նույնպես դադարեցրել է աշխատանքն ավելի քան երեք ժամով՝ անօդաչու թռչող սարքի հայտնաբերման պատճառով։
Ավելի վաղ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի օդանավակայանի կարգավարական ծառայությունը հայտնել էր օդանավակայանի ժամանակավոր փակման մասին։ Ավելի ուշ Reuters-ը, վկայակոչելով Դանիայի ոստիկանությանը, հաղորդել էր, որ օդանավակայանը վերսկսել է աշխատանքը: