Ճապոնիան և ԱՄՆ-ը համաձայնության են եկել մեկ տարով երկարաձգելու ամերիկյան ռազմակայաններ պահելու պայմանները
Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության են եկել երկրում ամերիկյան ռազմակայաններ պահելու ծախսերի բաշխման պայմանները երկարաձգելու մինչեւ 2022 թվականի մատի 31-ը (Ճապոնիայում հաջորդ ֆինանսական տարվա վերջը): Այդ մասին ասված է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության ՝ փետրվարի 17-ին տարածած հաղորդագրության մեջ:
«Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները համաձայնության են եկել մեկ ֆինանսական տարով երկարաձգելու ծախսերի բաշխման ներկայիս պայմանները,- ընդգծված է հաղորդագրության մեջ:- Կողմերը նաեւ համաձայնության են եկել շարունակելու բանակցությունները հետագա շրջանում ծախսերի բաշխման շուրջը»:
Ինչպես փետրվարի 17-ին մամուլի ասուլիսում հայտնել է Ճապոնիայի պաշտպանության նախարար Նոբուո Կիսին, «ծախսերը, որոնք ճապոնական կողմը կկրի 2021 ֆինանսական տարում, կկազմեն 201,7 միլիարդ իեն (շուրջ 1,9 միլիարդ դոլար)»: Ավելի վաղ ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի նախկին օգնական Ջոն Բոլտոնն իր հրապարակված հուշագրություններում հայտնել է, որ Վաշինգտոնը 2019 թվականին Տոկիոյից պահանջել է երկրում ամերիկյան ռազմակայաններ պահելու համար տարեկան հատկացնել 8-ական միլիարդ դոլար՝ 4,4 անգամ ավելի, քան այժմ:
ԱՄՆ-ի ախկին նախագահ Դոնալդ Թրամփն, ինչպես ասված է գրքում, իր օգնականին կարգադրել է սպառնալ Ճապոնիայից ամերիկյան զորքերի լիակատար դուրսբերմամբ, եթե վերջինս հրաժարվի ավելացնելու ծախսերը: Ամերիկյան ռազմակայաններ պահելու՝ Ճապոնիայի ծախսերը 2020 ֆինանսական տարում (կավարտվի 2021 թվականի մարտի 31-ին) կկազմեն 199,3 միլիարդ իեն (ավելի քան 1,8 միլիարդ դոլար): Ճապոնիան վճարում է այդ օբյեկտների հետ կապված բոլոր կոմունալ ծախսերը, ինչպես նաեւ տեղում վարձված անձնակազմի աշխատավարձերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: