Սարգսյանը բացեց փակագծերը
Այն, ինչ տեղի է ունենում հայաստանյան ներկայիս քաղաքական տիրույթում՝ դուրս է բոլոր քաղաքական նորմերից ու դասագրքային իրողություններից, քանզի յուրաքանչյուր հաջորդ քայլը գրեթե տրամագծորեն հակասում է նախորդին։ Այլ խոսքով՝ ամեն ինչ խառնվել է իրար, և երկրում ստեղծվել է անկառավարելի քաոս, որն աստիճանաբար հանգեցնում է հավերժական տեղապտույտի։
Ընդունված է ասել, որ խոսքն ուժ ունի, և հաճախ մեկ պարզ ու շիտակ խոսքը հազար ոսկի արժե։ Երեկ ուշ երեկոյան եթեր հեռարձակվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը: Սա հարցազրույց էր, որն ի սկզբանե նախանշված էր կյանքի կոչել դեռևս նախորդ տարի, սակայն ամենատարբեր հանգամանքների պատճառով այն տեղի ունեցավ միայն երեկ։ Երկարատև լռությունից հետո նախագահ Սարգսյանը վերջապես որոշեց պատասխանել քաղաքական օրակարգում կուտակված բազմաթիվ հարցերի: Տեղին է ընդգծել, որ բուն հարցազրույցից առաջ տեղի ունեցավ մի հատկանշական փաստ․ իշխանական «գվարդիայի» ներկայացուցիչները, երբ հրապարակվեց Երրորդ նախագահի հարցազրույցի անոնսը, իրար հերթ չտալով, ամենատարբեր էքստրավագանտ ու կոնսպիրոլոգիական մեկնաբանություններ ու տարբեր կարծիքների տեղատարափ սկսեցին՝ չիմանալով, թե իրականում կոնկրետ ինչ տրամաբանության մեջ է ընթացել բուն հարցազրույցը։ Ասել է թե՝ ստեղծված իրավիճակում կարևորը ոչ այնքան բուն բովանդակությունն է, ասելիքը, այլ այն, որ իրենք «թեմայի» մեջ են և պատրաստ են ցանկացած պարագայում «հակադարձել» ու հերթական անգամ բարձրաձայնել սեփական գոյության մասին։
Նախագահ Սարգսյանի խոսքը, ինչպես բոլոր մյուս դեպքերում, կշռադատված էր ու հստակ, նա հանգամանալից փորձեց ձևակերպել ու տալ հստակեցումներ այն հարցերին ու մեկնաբանություններին, որոնք կուտակվել էին այս երեք տարիների ընթացքում։ Ըստ էության՝ Սարգսյանն առաջին անգամ բացեց փակագծեր, թե իր նախագահության տասը տարիների ընթացքում ինչ են բանակցել Արցախի խնդրի բանակցային սեղանին։ Կարելի է ասել՝ հանրությունն առաջին անգամ հրապարակավ տեղեկացավ այն մասին, թե իրականում ինչ ասել է՝ Կազանյան փաստաթուղթ, և, թե ինչ հանգուցալուծման ու վերջնական ինչպիսի կարգավորման էր հանգեցնելու տվյալ փաստաթղթի իրականացումը։
Հարկ է նշել, որ նախագահ Սարգսյանն իր հարցազրույցի առաջին հատվածում շեշտադրումը կատարեց հենց բանակցությունների, դրանց առանցքային ու կարևոր դերի մասին Արցախի հարցի լուծման մեջ։ Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ վերահաստատեց այն պնդումը, որ բանակցությունների տրամաբանությունը եղել է միայն Արցախի կարգավիճակի երաշխավորման և միջազգային երաշխիքներ ստանալու հարցը։
Հարցազրույցից պարզ է դառնում, որ Սարգսյանի վարած բանակցությունների արդյունքում ունենալու էինք կամ հստակ կարգավիճակով Արցախ, կամ միջանկյալ, որն իր մեջ պարունակում էր մի շարք առավելություններ և, ըստ էության, ոչ պակաս շահավետ պայմաններ էր տալու հայկական կողմին (խոսքը հայտնի 5+2 բանաձևի մասին է, որով 5 շրջանների վերադարձվելուց հետո Քարվաճառի և Բերձորի շրջանները հանձնվելու էին մի շարք նախապայմանների և կետերի իրագործելուց հետո միայն)։
Սրան զուգահեռ՝ մենք տեսանք, թե ինչի բերեց հասցրեց ՀՀ-ին և Արցախին Նիկոլ Փաշինյանի՝ «սեփական կետից» բանակցություններ սկսելու հայտնի հայտարարությունը։ Ըստ էության դրանք ոչ թե կետ, այլ՝ կետեր էին, որոնցից յուրաքանչյուրի իրականացումը հայ ազգի համար ունեցավ կործանարար ու անդառնալի հետևանքներ։ Նախ ամեն գնով բանակցությունը տապալած Փաշինյանն իր պրիմիտիվ ալեգորիաներով և ոչ մի հիմք չունեցող հայտարարություններով ձախողեց 30 տարվա արված աշխատանքը, ինչը հանգեցրեց 44-օրյա ողբերգությանը, իսկ դրանից հետո ձևախեղեց ոչ միայն Արցախի քարտեզը, այլև այսօր փաստացի ռիսկի տակ է դրել ՀՀ պետական սահմաններն ու անվտանգության հարցը։ Այս ամենից հետո, երբ փաստում ենք մինչև 2018 թիվը գոյություն ունեցող իրողությունը և դրանից հետո տեղի ունեցած հակահայկական դեպքերի շարունակականությունը, գալիս ենք այն եզրակացության, որ նախագահ Սարգսյանի այն պնդումը, թե այն, ինչ տեղի ունեցավ 2018 թվականին, «հակաղարաբաղյան շարժում» էր, բացարձակ ճշմարտություն է։
Արմեն Հովասափյան
Հ․Գ․ Հավելենք, որ իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի անունը ոչ մի անգամ չարտաբերեց, ավելին, որակեց՝ որպես «խզբզված անհեթեթություն» ու «կապիտուլյանտ»։