Ես չէի կարող մտածել, որ ուսյալ մարդը, հնարավոր է, դուրս գա հրապարակ, խեղկատակի նման ինչ-որ շարժումներ անի և հայտարարի սև և սպիտակ ջրբաժանի մասին. Շուշան Պետրոսյան

«Մենք 88-ի սերունդն ենք, մենք շփացած սերունդն ենք, երբ կարողացանք բոլորս առանց զենքի, առանց կանոնավոր բանակի, դուրս գալ հրապարակ, դուրս գալ 75 տարվա երկաթե վարագույրի դեմ. մի բուռ Հայաստան, ու հաղթել՝ մեր պահանջն ի ցույց դնելով աշխարհին, և որը շղթայական ռեակցիա եղավ ամբողջ Սովետի պատմության մեջ:

Եվ այսօր այս վիճակն ինձ համար անհասկանալի է, այսինքն՝ եթե հեղաշրջումն արվեց Ֆեյսբուքով, այսօր միտինգներին էլ են ուզում Ֆեյսբուքով մասնակցել, բոլոր այն մարդիկ, ովքեր դեմ են, այս հեղաշրջման հետևանքներից հետո, իրենց առաջին նախընտրությանը՝ ինչով որ մայիսին դուրս եկան հրապարակ: Սխալ է, այդպես չի լինում. այդպես նստած տանը՝ չի կարող փոխվել ինչ-որ բան, և երկիրը ծախածները չեն կարող իրենց աթոռներից պոկվել և հեռանալ:

Այսինքն՝ որևէ, ըստ էության, պոռթկում ես չեմ տեսնում, որն ինձ բարկացնում է: Եվ վախենալու է այս ամեն ինչը. Ամեն օր մի քիչ Հայաստան ենք կորցնում»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց երգչուհի, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Շուշան Պետրոսյանը՝ անդրադառնալով հասարակության մոտ առկա՝ հաճախ անտարբեր մոտեցմանը երկրում կատարվող իրադարձությունների հանդեպ:

Փետրվարի 20-ի՝ «Հայրենիքի փրկության շարժման» մեծ հանրահավաքին ընդառաջ՝ կոչի փոխարեն՝ նա հարց է ուղղում հանրությանը. «Ձեզ դո՞ւր է գալիս այս վիճակը, այս անարժանապատիվ վիճակը, որ միշտ հաղթանակած ենք եղել, երկու պատերազմ հաղթած, հաղթած սերունդը՝ մենք, որ օրինակ էինք՝ բոլոր խնդիրներով ծառացած, բայց մենք ունեինք կանոնավոր բանակ, որն այսօր լուծարում են, որովհետև իրենց համար կարևոր չէ բանակ ունենալը:

Այսօր խեղում են ծրագիրը դպրոցական, եկեղեցին, որը միշտ եղել է, երբ պետականություն չենք ունեցել նույնիսկ, եկեղեցի ենք ունեցել, քարկոծում են եկեղեցին. էս ովքե՞ր են սրանք, ի՞նչ կապ ունեն ինձ հետ, ի՞նչ կապ ունեն այդ արարածները մեզ հետ, մեր երկրի հետ:

Իրենք օտար են, որովհետև որևէ բնիկ նման կերպ չի կարող վարվել, կամ պիտի Հուդա լինես, որ 30 արծաթով ծախես երկիրը, կամ պիտի լինես օտար:

Եթե օտար չեն, սարսափելի մեղքի տակ են, 5000-ից ավել զոհ, երեխեքի արյունն է իրենց ձեռքերին, բոլորի, ոչ միայն մարդիկ, ովքեր հասցրին այս ամեն ինչը այդ վերջաբանին, այլ մարդիկ, ովքեր աջակցում են այդ ամենին, բոլորը անխտիր, ովքեր աջակցում են այսօրվա իշխանությանը, մասնակիցն են այդ երեխաների կոտորածին»:

Շուշան Պետրոսյանը անդրադառնալով երեք տարի առաջ Նիկոլ Փաշինյանի գործունեությանը՝ հիշեցրեց «հպարտ» բառը՝ նկատելով, որ նա մեղք բարձրաձայնելով եկավ:

Լրագրողի հարցին ի պատասխան՝ անդրադառնալով արվեստի ու մտավորականության ներկայացուցիչների մասնակցությանը հայտնի իրադարձություններին՝ նա նշեց, որ իր տպավորությամբ՝ մի մասը արտիստների ոչ թե այդ արարածին էին ընտրում, այլ իր դեմ ակցիա էին անում»: Երգչուհին խոսեց նաև Հայկ Մարությանի մասին. «Ես շատ լավ հիշում եմ Հայկ Մարությանի՝ մեր ընկեր Հայկոյի ելույթները, որը առիթ բաց չէր թողնում այս կամ այն լրատվականով ասելու, որ ես…. ինչիս էր պետք, ես պիտի գնայի, ես պիտի երգեի… Ես ամեն օր նայում եմ իր սքեթչերը ու նույն միտքն է իմ մեջ՝ մի տարբերությամբ՝ ես երկրիս ծառայել եմ և ծառայում եմ մինչև հիմա. իր ծառայությունը դեռ չեմ տեսել, վերելակնե՞րը, չէ՛, ես ավելի կարևոր բան եմ հիշում, որ ինքը մի ամբողջ ազգ բաժանեց սևերի ու սպիտակների և դա արեց հրապարակավ»:

Լրագրողի դիտարկմանը, թե Հայկ Մարությանը խելքը կհասնե՞ր նման բան անել, թե դա մեծ պլանի մաս էր, Շուշան Պետրոսյանն արձագանքեց. «Ի տարբերություն հայկմարությանների, ես իմ կարծիքը, էդքան ոգի ունեմ, հաստատ, որ իրենց երեսին ասեմ, և իրենք գիտեն դա. հիմա ես չեմ քննարկի իր մտային կարողությունները, բայց ես իրեն, ինչպես յուրաքանչյուր հումորով մարդու, համարում եմ ինտելեկտուալ մարդ:

Իր հետ կապված զավեշտ է, ինձ համար պարադոքս է՝ ո՞նց կարող էր մեր ընկեր Հայկոն, որ բավականին ինտելեկտուալ շրջապատի մեջ էր… ես չէի կարող մտածել, որ ուսյալ մարդը, հնարավոր է, դուրս գա հրապարակ, խեղկատակի նման ինչ-որ շարժումներ անի և հայտարարի սև և սպիտակ ջրբաժանի մասին, որը եղավ շատ որոշիչ և ողբերգական հասարակությունը հիվանդացնելու համար»:

Անդրադառնալով սահմանային վերջին ճշգրտումներին՝ նախկին պատգամավորը շեշտեց՝ պետք է ինչ-որ քայլերի գնալ.

«Պիտի վերջապես հարմարավետ կոմպյուտերային անկյունիկներից դուրս գալ փողոց, և ես այդ կոչը անում եմ՝ դո՛ւրս եկեք. փետրվարի 20-ին եկեք հրապարակ, ես էլ եմ այնտեղ լինելու և շատ-շատերն են այնտեղ լինելու: Մարդիկ, որոնք զգում են ողբերգությունը, հրատապությունը այս չարիքից ազատվելու, խնդրում եմ, թողեք ձեր հարմարավետ անկյունները և եկեք հրապարակ. կարևոր է երկիրը պահելու համար, և ինչո՞ւ չէ՝ Արցախը մի օր վերադարձնելու համար: Ես այդ երազանքով ապրում եմ»:

Տեսանյութեր

Լրահոս