«ՀՀ արտգործնախարարի հայտարարությունից նույնիսկ Թուրքիայում են զարմացել». Կարեն Հովհաննիսյան
«ՀՀ արտգործնախարարի հայտարարությունից նույնիսկ Թուրքիայում են զարմացել, որ նմանատիպ հայտարարություն է արվել, և կարծես թե ակամայից պատրաստակամություն է հայտնվել սահմանները բացելու վերաբերյալ: Սակայն, իրականում, Թուրքիան և Ադրբեջանը շատ էլ լավ պատճառներ ունեն դեռևս սահմանները փակ պահելու, ինչը մեր շահերից է բխում, և մեզ որոշակիորեն հոգեբանական ճնշումների ենթարկելու: Այսինքն՝ նրանց նպատակը չի իրականացել, և նրանց նպատակն Արցախի հարցը չէ այս փուլում, այլ՝ Զանգեզուրը և Սյունիքի մարզով ցամաքային ճանապարհով կապել Նախիջևանն Ադրբեջանի հետ: Միամիտ պետք է լինել՝ կարծել, թե Թուրքիան ավարտեց այս տարածաշրջանում խնդիրը Հայաստանի հետ, և այժմ Թուրքիան այլ ուղղությամբ պետք է մտածի»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանն ԱԺ-ում ասել է. «Թուրքիան միջազգային հանրության ճնշման ներքո հետզհետե պետք է վերադառնա բնականոն գործընթացի, և նախևառաջ խոսքը գնում է, որ այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ կիրառել շրջափակումը: Ինչպես գիտեք՝ շրջափակումը և սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս-քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, և այլևս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»:
Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Թուրքիան մինչև սահմանների հարցն էլ առաջ էր բերում այն հարցը, որ հայերը պետք է հետ կանգնեն պահանջատիրությունից. «Այնպես որ, Թուրքիան երբեք հանգիստ չի կարող իր տեղը նստել և հարցը համարել փակված, քանի դեռ չունի ցամաքային կապ Ադրբեջանի հետ»:
Դիտարկմանը՝ թեև դուք նշում եք, որ ՀՀ շահերից է բխում, որ Թուրքիան և Ադրբեջանը փակ են պահում սահմանները, սակայն ՀՀ իշխանությունները բոլորովին այլ բան են ասում, Կարեն Հովհաննիսյանն արձագանքեց. «Ես ծանոթ եմ ՀՀ իշխանությունների կարծիքին և համամիտ չեմ դրա հետ, որովհետև Հայաստանի Հանրապետությունը 30 տարի ապրելով երկրաշարժ, արցախյան առաջին պատերազմ և այլն, կարողացել է տարածաշրջանում ունենալ իր դերն ու դերակատարությունը՝ առանց Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանը բաց լինելու: Եվ այնպես չէ, որ, եթե մենք բացենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանը, Հայաստանը հայտնվելու է դրախտում։ Ո՛չ, հակառակը՝ Հայաստանը տնտեսապես և ժողովրդագրական առումով հայտնվելու է ոչնչացման եզրին և դառնալու է Վրաստանի նման երկիր, որտեղ ամեն քայլափոխի տնտեսական գերակայություն ունեցող տարրերը լինելու են թուրքերը և ադրբեջանցիները, և պարզապես ժամանակի խնդիր է լինելու, որպեսզի Հայաստանն այլևս գոյություն չունենա: Այնպես որ, մենք թե՛ տնտեսապես, թե՛ ժողովրդագրական առումով պատրաստ չենք սահմանների բացմանը»:
Ռազմական փորձագետը նկատեց. «Հայաստանի Հանրապետությունը ե՞րբ է եղել շրջափակման մեջ: Եթե մենք խոսում ենք ՌԴ-ից երկաթգծի մասին, ապա այն բացարձակապես կապ չունի ո՛չ Ադրբեջանի, ո՛չ Թուրքիայի հետ, այստեղ խնդիրը Վրաստանի և Աբխազիայի միջև է, և դա է պատճառը, որ երկաթգիծը չի աշխատում»:
Դիտարկմանը՝ Աբխազիան հայտարարում է, որ պատրաստ է մասնակցել Հայաստանի և Ռուսաստանի միջև Աբխազիայի տարածքով երկաթգծային հաղորդակցության վերականգնմանը, նա արձագանքեց. «Իրականում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում. փորձ է կատարվում նաև խաղարկության մեջ դնել այս պահին Աբխազիան: Այսինքն՝ ՀՀ իշխանությանը ոչ ուղիղ հակադրվում է խաղացող երկիրը, որ այդքան էլ այդպես չէ, որ Ռուսաստանի հետ կապը միայն Ադրբեջանի միջոցով կարող է լինել: Եվ ընդհանրապես, ես համաձայն չեմ այն մտքի հետ, որ պետք է ճանապարհները բացվեն: Ո՛չ ՀՀ-ում, ո՛չ էլ Ադրբեջանում պատրաստ չեն դրան: Ադրբեջանի ցանկությունները շատ մեծ են. Նախիջևանի հատվածում գարնանը կարևոր դիրքերի նկատմամբ վերահսկողություն իրականացնելն է: Ադրբեջանի ցանկությունը հիմա ոչ թե ճանապարհ բացելն է, այլ ունենալ անվտանգության գոտի, որով կանցնի այդ ճանապարհը: Այսինքն՝ եթե նախկինում խնդրում էին՝ տրանզիտ ճանապարհ լինի, որի համար իրենք կվճարեն, և այլն, հիմա բոլորովին այլ պահանջներ են ի հայտ գալու, և նա պահանջելու է բուֆերային գոտիով իր ճանապարհը: Այնպես որ, Ադրբեջանը շատ մեծ հավակնություններ ունի»:
Անդրադառնալով սահմանազատման աշխատանքներին, նա ընդգծեց, որ GPS համակարգով այդ սահմանազատումներ կոչվածն իրականացնելու ժամանակ մի սարքը մեկ սահման է ցույց տալիս, մյուս սարքը՝ մեկ այլ բան. «Երկու տարբեր ֆիրմաների հեռախոսներ տարբեր են ցույց տալիս: Անհասկանալի է ոչ միայն այդ երկու սարքերի տարբերությունը, այլ ընդհանրապես GPS-ի օգտագործումը, որովհետև դա մասնավոր ընկերություն է, և միջազգային պետական սահմանները չեն տեղայնացվում և սահմանազատվում ինչ-որ կազմակերպությունների տրամադրած տվյալներով: Դրանք, որպես կանոն, տեղի են ունենում երկարատև բանակցությունների արդյունքում, միջազգային փորձագետների ներգրավմամբ, միջնորդ կողմերի ներգրավմամբ: Հետխորհրդային շատ-շատ երկրներում դեռևս սահմանազատման պրոցես է գնում, սակայն այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում՝ այս հապճեպ գործողությունները ոչ մի տրամաբանության մեջ չեն տեղավորվում: Ադրբեջանցիները թե՛ Զոդի հատվածում, թե՛ Սյունիքում սահմանազատումը կատարել են հեռախոսներով»:
Նա ընդգծեց, որ Հայաստանի ներկայիս իրավիճակում հայտնված ցանկացած երկրում տեղի է ունեցել իշխանափոխություն. «Այսինքն՝ կապիտուլյացիա ստորագրած իշխանությունը գնացել է, եկել է միջանկյալ իշխանություն, որը կարճ ժամկետում ձևավորել է իշխանություն: Գալով Հայաստանի իշխանությանը՝ ես կարծում եմ, որ ընդհանրապես, Ադրբեջանը մեր իշխանությանը վերաբերվում է՝ որպես պարտված իշխանության, սա շատ կարևոր հանգամանք է, և օրինակ՝ Ալիևի խոսելաձևը, մեր իշխանության նկատմամբ նրա լկտի պահվածքը բերում է նրան, որ նա փորձում է հոգեբանական ճնշումներ բանեցնել: Պետք է ասեմ, որ դա ստացվում է. Չգիտեմ՝ մեր իշխանության վրա դա ազդո՞ւմ է, թե՞ ոչ, բայց գոնե մեզ վրա դա զգացվում է: Այս առումով՝ պետք է լինի այնպիսի իշխանություն, որը ոչ մի կապ չունի այդ փաստաթղթի հետ, այս իշխանության ներսում չի եղել և մաս չի կազմել այս քաղաքականությանը, և ոչ մի տեղից իրեն, օրինակ, Ալիևը չի կարող հոգեբանական ճնշման ենթարկել: Եթե որևէ ժամանակ ասի՝ դու պարտված ես, տվյալ իշխանությունը կասի՝ ոչ, նախկին իշխանություններն էին պարտված, բայց ես պարտված չեմ, ես եկել եմ, որ հաղթեմ»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում