«Այդ «շուստրիությունը» պահեք իշխանական ժողովների համար․․․ հետևանքներն անխուսափելի ու անկանխատեսելի են լինելու»․ Գևորգ Թամամյան
Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առավոտյան գործի գնալիս որոշեցի լսել երեկվա ԱԺ քննարկումները, որ վերաբերվում էին առաջարկվող Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքին:Ինչ ասեմ: Շատ տխուր էր: Չափազանց տխուր:
Եզրակացությունս մեկն է, այն մտահոգությունը, որ հայտնել էի մի երկու ամիս առաջ, որ ներկա իշխանությունը գնալով ավելի է բարդութավորվելու ու փորձելու է դառնալ ավտորիտար, ամեն օր ավելի իրատեսական է դառնում: Նախկինում ազատության և արժեքների համար «պայքարողները», այսօր նախկինից էլ ավելի զզվելի կերպով պայքարում են այդ արժեքների և ազատությունների դեմ:
Եթե ավելի առարկայական. նորանշանակ ԿԳՄՍ նախարարին հարցնում են, ինչու եք որոշել բուհերի կառավարման խորհուրդները դարձնել վերահսկելի, ինչու եք որոշել, որ բուհերի կառավարման խորհրդում պիտի լինի 9 անդամ, որից 5-ը նշանակի Կառավարությունը, իսկ 4-ը՝ բուհը, իսկ նա պատասխանում է, որ եթե իրեն լսեին, ապա բոլոր 9 անդամներին էլ կնշանակեր պետությունը:
Հասկանում եք, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այսինքն, ըստ հարգարժան նախարարի, պետությունը դա նույն իշխանությունն է: Իսկ բուհե՞րն էլ պետությունը չեն, ըստ ձեր կուռ տրամաբանության։ Ես իրոք չեմ հասկանում, իշխանությունն իրոք մտածում է դիմացինները հիմա՞ր են։ Հիասթափեցնեմ ձեզ: Այդ «շուստրիությունը» պահեք իշխանական ժողովների համար: Այո, խորհրդի բոլոր անդամներին էլ պետք է նշանակի պետությունը, բայց ոչ իշխանությունը
Դուք փորձում եք բուհերը դարձնել օրվա իշխանության կցորդ, իսկ թվում էր, թե պետք է հակառակ ճանապարհով գնայիք:
Հիշեցնեմ ձեզ, պարոնայք իշխանավորներ, պետությունը՝ դա առաջին հերթին քաղաքացիներն են, մարդիկ, որ ամեն օր արժեք են ստեղծում: Հույս ունեի, որ պետության և իշխանության տարբերությունը պետք է պարզ լիներ Կառավարության համար: Իսկ թե չգիտեք ինչպես բուհերի խորհուրդներ ձևավորել, որ արդյունավետ լինի, անկեղծ խորհուրդ կտամ կարդալ Ուիլիամ Հասելթայնի “World Class” գիրքը, շատ կօգնի, հավատացեք:
Պատգամավորի հաջորդ հարցին, թե այս ամենով սահմանափակվում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը, նախարարը սկսեց յուրովի մեկնաբանել Սահմանադրությունը և ինքնավարությունը: Թողնենք մի կողմ այն հարցը, որ պետական պաշտոնյաները պետք է դադարեն յուրովի մեկնաբանել օրենքներն ու Սահմանադրությունը, և փորձեն այն կարել օրվա իշխանության օրակարգին: Ուղղակի հիշեցնեմ ինքնավարություն բառի հոմանիշները՝ ինքնիշխանություն, անկախություն:
Էդպես եք մեկնաբանել, որ մեր երկիրը այս օրին է հասել!
Իմիջիայլոց, իսկ ինչո՞ւ եք այդ նույն օրինագծում, գիտական կազմակերպությունների խորհուրդը որոշել, որ լինի 8 հոգուց, որից միայն 3-ը կնշանակի Կառավարությունը։ Ինչո՞ւ այդ նույն սկզբունքը չեք դրել բուհի դեպքում։ Ուղղակի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ: Որովհետև գիտական կազմակերպությունները ձեզ այդքան էլ հետաքրքիր չե՞ն։ Որովհետև այս օրենքի նախագածի հեղինակների (այսինքն՝ իշխանության) հիմնական նպատակը մեկն է՝ կառավարելի բուհերի ղեկավարներ ու գրպանային բուհեր ունենալը! Չէ՞ որ առջևում ընտրություններ են լինելու, չէ՞ որ դեռ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեք, որ պաշտոններ չեն ստացել! Մոռացե՞լ եք, բոլորովին վերջերս ինչպես էիք ամեն արժան-անարժանի խցկում բուհերի խորհուրդներ։ Մոռացե՞լ եք, ինչպես էիք փորձում ձեր նախարարներին կարգել նոր խորհուրդների նախագահներ։
Սա՞ է կրթության զարգացման ձեր տեսլականը։ Ասեմ՝ իմանաք, եթե փորձեք այս օրինագիծը այս տեսքով անցկացնել, հետևանքներն անխուսափելի ու անկանխատեսելի են լինելու! Հիշեք, նույնիսկ հասարակարգեր են փոխվում, բայց բուհերը կանգուն են մնում»։