Բաժիններ՝

Փոքր տարիքում ցանկալի՞ է գնահատել երեխային, թե՞ ոչ, և ի՞նչ հետևանք կարող է այն թողնել երեխայի կյանքում. Հոգեբանները՝ մինչև 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակը չգնահատելու որոշման մասին

Կառավարությունը փետրվարի 4-ի նիստում ընդունեց Հանրակրթության պետական նոր չափորոշիչի ձևավորման և հաստատման կարգը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը նշել էր, որ սույն կարգով կանոնակարգվում են հանրակրթության պետական չափորոշչի և առարկայական ծրագրերի և չափորոշիչների ձևավորման ու հաստատման գործընթացները և ՀՀ հանրակրթության համակարգում դրանց ներդրման հետ կապված հարաբերությունները:

Փոխնախարարի խոսքով՝ ավագ դպրոցին նպաստելու է մոդուլային ուսուցումը, ինչը հնարավորություն է տալու ավագ աստիճանում ունենալ կարճաժամկետ դասընթացներ, քան մեկ տարին է:

«Շատ կարևոր է նախագծային ուսուցման ներդրումը 7-րդ դասարանից սկսած, ինչը հնարավորություն է տալու զարգացնել սովորողի ստեղծագործական, ինքնուրույն կարողությունները: Այս ամենն ունենում է նաև գնահատման կարգի փոփոխություն: Մասնավորապես, միավորային գնահատումը պետք է գործի 5-րդ դասարանի երկրորդ կիսամյակից, այսինքն՝ տարրական դասարաններում հրաժարվում ենք միավորային գնահատականների ձևից: Նաև առաջարկել ենք հրաժարվել անբավարար գնահատականային շեմից և 10-միավորանոց սանդղակում բոլոր միավորները համարել առաջընթաց»,- ասել էր Ժաննա Անդրեասյանը:

Նա տեղեկացրել էր, որ սեպտեմբերից փորձարկելու են չափորոշիչները, իսկ այն վերջնական դպրոցներում կներդրվի 2023 թվականից:

Ծնողների մի մասը բացասաբար է վերաբերվում այս որոշմանը։ Նրանց կարծիքով՝ գնահատականը պարտավորեցնող է, և երեխաները չեն ոգևորվի, եթե ընդհանրապես չգնահատվեն, ու դա կհանգեցնի նրան, որ չեն սովորի:

Մյուսների կարծիքով էլ՝ հրաշալի գաղափար է, որովհետև ավելորդ մրցակցություն է, գնահատական ստանալն ինքնանպատակ է դառնում, ու երեխան անգիր անելով է կրթություն ստանում։

Հոգեբան Լիլիթ Պետրոսյանի խոսքով՝ եթե գնահատականն առկա է, ապա այն ինքնանպատակ չպետք է լինի:

«Մեր դպրոցներում այնպես է ստացվել, որ շեշտը դրվում է ոչ միայն նրա վրա, որ պետք է սովորել, կարևորը գիտելիքն է, այլ շեշտադրում կատարվում է նրա վրա, որ գնահատականը պետք է բարձր լինի, թվանշանն ավելի կարևոր է, քան գիտելիքը: Երբ արժեհամակարգը փոխվի, անգամ գնահատականը կարելի է չհանել: Բայց, առհասարակ, փոքր տարիքում այն բավականին մեծ դեր է խաղում:

3-6 տարեկանում երեխային գնահատելը հանգեցնում է նրան, որ երեխայի մոտ կարող է ձևավորվել կա՛մ մեղքի զգացում, կա՛մ ինքնուրույնություն՝ լավ կամ վատ գնահատականից կախված, ու դրա հիման վրա շատ բաներ են փոխվում՝ ինքնագնահատական, ինքնաընկալում և այլն: Շատ փոքր տարիքում այնքան էլ ցանկալի չէ երեխաներին գնահատական դնել, որովհետև դա ազդում է նաև երեխաների փոխհարաբերությունների վրա: Մեկն ավելի բարձր ստատուս է ունենում իր հասակակիցների մեջ, մյուսը՝ ոչ, ու սա կարող է հետևանք թողնել երեխայի կյանքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լիլիթ Պետրոսյանը:

Հոգեբանի խոսքով՝ այս դեպքում կարևոր է թե՛ ծնողի, թե՛ ուսուցչի ճիշտ մոտեցումը:

«ԿԳՄՍՆ-ի կողմից կարելի է ուսուցիչների համար վերապատրաստման ծրագրեր մշակել, ինչպես նաև դպրոցներում գտնվող հոգեբանների համար, որ աշխատեն երեխաների հետ: Պետք է անընդհատ թրեյնինգներ լինեն, վերահսկողություն՝ ևս»,- նշեց Լիլիթ Պետրոսյանը:

Հոգեբան Իրինա Ծատուրյանի խոսքով էլ՝ առհասարակ գնահատականից կախում ունենալը հոգեբանության մեջ համարվում է ոչ ճիշտ, բայց երեխային գնահատելը պետք է ընկալենք՝ որպես առաջմղման, մրցակցության ձև:

«Եթե ուսուցիչը կարողանա ապահովել այն, ինչ պահանջվում է արդի մանկավարժության կողմից՝ լավ կլինի: Նա գնահատական չի դնում, բայց կարող է ասել՝ գիտե՞ս, եթե քո վրա աշխատես, ավելի բարձրին կհասնես: Երեխային գնահատական տալով հանդերձ՝ պետք է հասկացնել, որ ինքն  իրեն այդ գնահատականը պետք է տա: Ունե՞նք թրեյնինգ, թե ոնց առանց գնահատականի մեծացնել մի մարդու, որը կսովորի մանկուց ինքն իր գնահատականը տալ: Եթե դա կապահովվի՝ խնդիր չկա: Մեր ուսուցիչներն իրենք են գնահատականներից ահավոր կախված»,- եզրափակեց հոգեբանը:

Հավելենք, որ հարևան Իրանում, արդեն մի քանի տարի է՝ գնահատականներ դնելու կարգը հեռացրել են: Կիրառվում է նկարագրական մեթոդը, այսինքն՝ գրում են՝ լավ է կամ վատ է: Գնահատական կա միայն ավագ դպրոցներում:

Վրաստանում ևս մինչև 5-րդ դասարանի առաջին կիսամյակ գնահատական չեն դնում աշակերտներին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս