Բաժիններ՝

«Այնպես են անելու, որ իրենց ծանոթներն աշխատեն. կայքում որոշ կետեր զբաղված ցույց կտան, որ իրենց մարդիկ գնան, կանգնեն»

Շրջիկ առևտրի կետերն այս տարվանից կգործեն միայն քաղաքապետարանի թույլտվությամբ: Երևանի քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանի փոխանցմամբ՝ ավելի քան 10 տարի օրենքով սահմանված է եղել շրջիկ առևտրի կետերի միջոցով առևտուր իրականացնելու հնարավորություն, սակայն կարգ գոյություն չուներ: Կատարելով օրենքի մեջ փոփոխություն՝ ավագանուն լիազորություն է տրվել որոշել՝ ինչպես իրականացնել գործունեությունը:

Ըստ այդմ, շրջիկ առևտրի իրականացման համար քաղաքում 52 կետ է առանձնացվել ու կահավորվել:

Գործունեության սկսելու համար տնտեսվարողները նախ պետք է թղթային կամ էլեկտրոնային դիմում-հայտ ներկայացնեն քաղաքապետարան՝ կցելով անհրաժեշտ փաստաթղթերը.

1) տեղական տուրքի վճարման անդորրագիր (50 հազար դրամ),

2) դիմումատուի պետական ռեգիստրի գրանցման վկայականի պատճեն,

3) տրանսպորտային միջոցի հաշվառման վկայագրի պատճեն,

4) շրջիկ առևտրի կետի լուսանկարներ,

5) իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի պատճեն,

6) Եթե դեռ չունեք շրջիկ առևտրի մեքենա, ապա քաղաքապետարան նախ պետք է ներկայացնել էսքիզային տարբերակը, ստանալ արտաքին տեսքի վերաբերյալ եզրակացություն, որը ևս կցվում է դիմումին:

Եթե քաղաքացին ունի արդեն իսկ պատրաստի շրջիկ առևտրի կետը, որի վրա արդեն իսկ փակցված է գովազդ, ապա, երբ դիմում եք, դիմումն ինքնին մակագրվում է նաև արտաքին ձևավորման և գովազդի վարչություն: Այսինքն՝ գործընթացը կատարվում է միաժամանակ:

Հայտը ներկայացնելուց հետո 6 օրվա ընթացքում շրջիկ առևտրի կետը պետք է զննություն անցնի։ Թույլտվությունը տրամադրվում կամ մերժվում է դրանից հետո՝ 4 օրվա ընթացքում:

Առևտրի և սպասարկումների վարչության պետի տեղակալ Էդուարդ Ամիրաղյանի խոսքով էլ՝ շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն ապրանքների պահպանման և մանրածախ առևտրի, ինչպես նաև ծառայությունների մատուցման համար համապատասխան սարքավորումներով: Բացի այդ, ավտոմոբիլները և (կամ) դրանց կցորդները կարող են ունենալ մինչև 10 մետր երկարություն, 2,5 մետր լայնություն և 3 մետր բարձրություն: Շրջիկ առևտրի կետերը պետք է ապահովված լինեն էլեկտրաէներգիայի արտադրման անկախ համակարգով:

Թույլտվությունը ստանալուց հետո արդեն պետք է ընտրել վայրը: Ամրագրել տեղը հնարավոր է միայն էլեկտրոնային եղանակով: Այդ նպատակով գործարկվել է arevtur.yerevan.am հարթակը: Տեղերը հատկացվել են հիմնականում բուհերի, մարդաշտ վայրերի և կայարանների հարևանությամբ: Կենտրոնում ամրագրումն արվում է 1 օր, Արաբկիրում՝ 2 օր, և մյուս վարչական շրջաններում՝ մինչև 3 օր ժամկետով: Չեղարկել ամրագրումը հնարավոր չէ: Առևտրի շրջիկ կետերը կգործեն օրական 14 ժամից ոչ ավելի՝ մինչև ժամը 23:00-ն: Այն տնտեսվարողները, որոնք չեն պահպանի չափորոշիչները կամ կգործեն առանց թույլտվության՝ կտուգանվեն:

Առանց թույլտվության կամ պայմանները խախտելու դեպքում առաջին անգամ նախատեսվում է 100 հազար դրամի չափով տուգանք, իսկ կրկնելու դեպքում՝ 500 հազար դրամի: Տուգանքներին գումարվում է նաև տարհանումը:

«Շարժական սրճարանների միության» հիմնադիր Արեն Մելիքյանը 168.am-ի հետ զրույցում՝ խոսելով որոշման մասին, ասաց, թե որքան էլ որոշ կետերի հետ համաձայն չլինեն, արդեն դժվար ինչ-որ բան փոխվի:

Նրա փոխանցմամբ՝ նախկինում տուրք չի եղել՝ ոլորտի կարգավորված չլինելու հետևանքով:

«Հիմա պետք է լիցենզիա տան, և, եթե այն ստանում է շրջիկ կետը, մտնում է էլեկտրոնային հարթակ, դիմում է գրում: Ամեն օր տարբեր տեղեր կարող է լինել: Խոստացել էին, որ կետերն օժտված կլինեն հոսանքով, բայց նմանատիպ բան չեն արել: Ներկառուցված գեներատորով են աշխատելու, ասում են՝ այնպիսին պետք է լինի, որ անձայն լինի, սակայն դա շատ թանկ է ու ոլորտի համար նպատակահարմար չէ: Անձայն գերենատորի գինը սկսվում է 6000-7000 դոլարից, իսկ այդքան գումարի դեպքում կարող ես ինչ-որ փոքրիկ շինությունում բիզնես ունենալ, ոչ թե շրջիկ կետ»,- նշեց Արեն Մելիքյանը:

Նա նաև կասկած հայտնեց՝ էլեկտրոնային եղանակով տեղեր ամրագրելու որոշման հետ կապված:

«Այնպես են անելու, որ իրենց ծանոթներն աշխատեն, այսինքն՝ կայքում որոշ կետեր զբաղված ցույց կտան, որ իրենց մարդիկ գնան, կանգնեն»:

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանն էլ հայտնեց, որ իրենց կողմից ներկայացված որոշ առաջարկներ ընդունվել են․ օրինակ, այն, թե ինչ է վաճառվելու:

«Մենք նաև առաջարկել էինք, որ այն կետերը, որտեղ պետք է գան, կանգնեն շրջիկ առևտրի մեքենաները, նախօրոք ՀԷՑ-ի հետ պայմանավորվածություն լինի, ինչ-որ հատուկ սարքեր տեղադրված լինեն, որ, երբ մեքենան գա, կանգնի, ուղղակի լարը միացնի հոսանքի սնուցման բլոկին:

Դրսում այդպիսիք կան. ինչ-որ սարք է, տեղադրում ես, կոպեկ գցում՝ ըստ ժամաքանակի, ինքն ավտոմատ հոսանքի սնուցումը տալիս է: Այդ փուլին չհասանք՝ կորոնավիրուսի և պատերազմի պատճառով»,- մանրամասնեց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս