Տարածաշրջանային ապաշրջափակման բանակցությունների ընթացքում բազմաթիվ խնդիրներ կարող են ի հայտ գալ և երկարաձգել որոշումների կայացումը. վրացի վերլուծաբան
Արցախյան պատերազմից հետո Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը հետաքրքրված են տարածաշրջանում տնտեսական ու կոմունիկացիոն շուտափույթ ապաշրջափակմամբ, որի ուղղությամբ իրենց աշխատանքն են սկսել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները: Այս պրոյեկտներն իրականացնելու համար Թուրքիան և Ադրբեջանը առաջարկել են տարածաշրջանային համագործակցության վեցակողմ պլատֆորմ՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի և Ադրբեջանի մասնակցությամբ:
Ըստ որոշ տեղեկությունների՝ ներկայումս ակտիվորեն քննարկվում է, թե կոնկրետ ինչ ճանապարհներ ինչ աշխարհագրությամբ կգործեն, և ինչպես է պետք բանակցել անհրաժեշտ բոլոր համաձայնությունները ստանալու համար: Սակայն ամենաթեժ քննարկումները դեռ առջևում են, քանի որ Թբիլիսին բացառում է ուղիղ կերպով ցանկացած համագործակցություն Մոսկվայի հետ, սակայն ձևավորվելիք պրոյեկտները նվազեցնելու են Վրաստանի տարանցիկ շահույթները, որի վրա էլ Ռուսաստանն ու մյուս խաղացողները գուցե փորձեն շեշտը դնել բանակցություններում:
Հիշեցնենք, որ հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ նշվում էր, որ 3 երկրների փոխվարչապետների համանախագահությամբ ստեղծվում է աշխատանքային խումբ, որի առաջին հանդիպումը կայացավ հունվարի 30-ին, և այդ օրը ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ այսօր հաստատվեցին առաջիկա աշխատանքների համար ձևավորվող հանձնաժողովների հայկական պատվիրակության կազմերը: Նախատեսվում է, որ աշխատանքային խումբը մինչև 2021 թ. մարտի 1-ը կողմերի կողմից ամենաբարձր մակարդակով հաստատման կներկայացնի Ադրբեջանի և Հայաստանի տարածքով իրականացվող միջազգային փոխադրումների կազմակերպման, իրականացման և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ նոր տրանսպորտային ենթակառուցվածքների օբյեկտների վերականգնման և կառուցման միջոցառումների իրականացման ցանկ և ժամանակացույց։
Տարածաշրջանային ապաշրջափակման հարցում թե Ռուսաստանը, և թե Ադրբեջանն ու Թուրքիան ունեն իրենց նախընտրելի ճանապարհները և աշխատում են այդ ուղղությամբ: Թեև խոսվել է Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքով բեռնափոխադրումներ և տրանսպորտային հաղորդակցություն դեպի Ռուսաստան և Իրանի Իսլամական Հանրապետություն ձևավորելու մասին, կայուն տպավորություն է, որ Հայաստանը սեփական օրակարգն այս ծրագրերում չունի և կարծես տրվել է ընդհանուր հոսքին ու շարժվում է այդ ուղղությամբ կամ ունակ չէ առաջ մղել սեփական շահերը Ռուսաստանի և Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում: Տեղացի մասնագետների մեծ մասը քննարկվող պրոյեկտներում Հայաստանի համար միայն վտանգներ է տեսնում: Թեև մինչ հաղորդակցությունների ձևավորումը տարածաշրջանային խաղացողների միջև երկարատև բանակցություններ են ընթանալու, և դեռ հայտնի չէ, թե ինչ ուղիով կընթանան բանակցությունները, որքան կտևեն, ինչ ներքաղաքական ու աշխարհաքաղաքական զարգացումներով կուղեկցվեն, և արդյունքում՝ քննարկվող պրոյեկտներից որոնք կիրականացվեն կամ կչեղարկվեն:
Գրեթե կասկած չկա, որ գլխավոր պրոյեկտներից մեկն Արևմտյան Ադրբեջանից Հայաստանի միջով դեպի Նախիջևան ու Թուրքիա հաղորդակցության ձևավորումն է լինելու: Այս երթուղին կանցնի Կասպից ծովի ափին գտնվող Բաքվի նավահանգստից Արցախի տարածքով, կձգվի մինչև Նախիջևան, այնտեղից երթուղին կշարունակվի դեպի Թուրքիա, իսկ հետո Միջերկրական ծովով՝ դեպի Եվրոպա: Ուշագրավն այն է, որ տեղեկություն հայտնվեց այն մասին, որ օրերս Անկարայից 2017 թվականին բացված Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթուղային ճանապարհով բեռներ են ուղարկվել Ռուսաստան:
Վերջերս հաղորդվեց նաև այն մասին, որ նույն այս երթուղով Թուրքիա-Չինաստան բեռնափոխադրումները պարբերական են դարձել: Սակայն Ադրբեջանն ու Թուրքիան նախատեսում են թեթևացնել Կարս-Թբիլիսի-Բաքու երթուղին նախիջևանյան դեռ ձևավորվելիք երկաթուղային հաղորդակցության հաշվին, քանի որ վրացական ուղին էապես երկար է, հետևաբար՝ ոչ այնքան շահավետ, ըստ որոշ մասնագետների: Բնականաբար, այստեղ Վրաստանի տարանցիկ դերակատարությունը կնվազի, և ռուսական կողմը նախատեսում է դրա փոխարեն՝ Վրաստանին գրավել աբխազական երկաթուղու հեռանկարով, որով Ռուսաստանը երկաթուղային կապ կստանա Հայաստանի հետ: Չէ՞ որ այս փուլում Վրաստանը տարածաշրջանում տարանցիկ գլխավոր երկրներից մեկն է, սակայն նոր պրոյեկտները սպառնում են դուրս մղել Վրաստանին իր այդ դերից, եթե Վրաստանը լիարժեքորեն չներգրավվի վեցակողմ պլատֆորմին:
Վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում ասաց, որ Վրաստանն իր բոլոր հարևանների հետ հակված է խորացնել թե քաղաքական, տնտեսական ու տարանցիկ հարաբերությունները: Ըստ նրա՝ Ռուսաստանն այս բանակցություններից օգտվելով՝ կփորձի Վրաստանից ցանկալի որոշումներ ստանալ պրոյեկտների մասով, սակայն ամեն բան միայն առաջին հայացքից է այդքան պարզ թվում, քանի որ Վրաստանին չի կարող չմտահոգել Ռուսաստանի շարունակական ամրապնդումը տարածաշրջանում:
Վերլուծաբանի խոսքով, նախ՝ քննարկումները դեռ ամենանախնական փուլում են և կարծես դեռ ակտիվորեն մեկ պրոյեկտ է քննարկվում, սակայն ակնկալվում է, որ այլ ճյուղեր ու հարցեր ևս կսկսեն քննարկել այն կողմերը, որոնք տարածաշրջանից կոնկրետ ակնկալիքներ ունեն:
Սակայն Վրաստանը, ըստ նրա, անվտանգային խնդիրներ, կորցրած տարածքներ ունի, սա բարդ հարց է Վրաստանի համար:
«Չեմ կարող ասել, թե երբ ու ինչպես կընթանան բանակցություններ, և ինչ դերից և ինչ շահույթներից կարող է Վրաստանը զրկվել։ Դա մասնագետները կգնահատեն համապարփակ կերպով, սակայն դեռ կտեսնենք, թե պլատֆորմն ինչպես միս ու արյուն կստանա, քանի որ, ի վերջո, տարածաշրջանում հակասությունները, խնդիրները շատ են, Ղարաբաղյան հակամարտության շուրջ տարաձայնությունները ու բոլոր խնդիրները լուծված չեն, ու դրանք անտեսել հնարավոր չէ, դրանք զգացնել են տալու:
Այս փուլում պլատֆորմների մասին հայտարարությունները միայն դեկլարացիաներ են, իսկ բուն աշխատանքի, կազմակերպման և բանակցությունների ընթացքում տարաձայնություններն ի հայտ են գալու, և դրանք կարգավորելու, հաղթահարելու համար բավականին երկար ժամանակ է հարկավոր լինելու: Իհարկե, պետք է հուսանք, որ դրանք կհարթվեն, որ, ի վերջո, Հայաստանի համար հնարավորություններ կստեղծվեն՝ անվտանգության ապահովմանը զուգահեռ: Սակայն, կարծում եմ՝ դեռ մեծ աշխատանք կա առջևում իրականացնելու, և այս ամենում իր դերակատարությունը ԵՄ-ն և Արևմուտքն ունենալու են, քանի որ խոսքն այնպիսի պրոյեկտների մասին է, իսկ եթե Վրաստանից են ակնկալվում քայլեր, դրանց, այսպես թե այնպես, կցվելու է նաև ԵՄ-ն գոնե խորհրդատվական մակարդակով, լինելով դաշնակից Վրաստանի համար: Կարծում եմ՝ իրավիճակը ռեգիոնում դեռ խնդրահարույց է, և պրոցեսից շատ բան է կախված լինելու»,- ասաց Ցինցաձեն: