ՍԴ-ն վաղուց կարծիք է հայտնել, թե որ դեպքում կարող է բացահայտվել լրագրողական աղբյուրը. Արա Ղազարյան. «Փաստինֆո»

Անանուն աղբյուրների հղում կատարելու արգելքի ստանդարտ սահմանումը կարող է խնդրահարույց լինել, որովհետև միջազգային իրավունքում նույնիսկ անօրինական կերպով ստացված տեղեկությունը կարող է իրավաչափ համարվել, եթե հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում կամ խիստ հրատապ է։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է միջազգային իրավունքի մասնագետ, փորձագետ Արա Ղազարյանը։

Նշենք, որ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ շրջանառության մեջ են դրել «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարել նոր նախագիծ, որով առաջարկում են սահմանափակել տեղեկատվության ազատությունը՝ արգելելով անանուն աղբյուրներին հղում անելը։ Հեղինակները գտնում են, որ անհայտ ծագումնաբանությամբ աղբյուրների տարածումը՝ դրանց հղում կատարելու միջոցով, կարող է առաջացնել ազգային անվտանգությանը սպառնացող ռիսկեր և պնդում, թե առաջարկվող փոփոխությունները չեն կարող դիտարկվել որպես խոսքի ազատության սահմանափակում կամ ԶԼՄ-ների ազատ գործունեության խոչընդոտում։ Առաջարկվող փոփոխությունների մասը վերաբերում է լրատվամիջոցների ֆինանսական թափանցիկության պահանջին։ Նախագիծը բուռն քննարկումների տեղիք է տվել մասնագիտական հանրության շրջանում, մասնավորապես լրագրողական համայնքը գտնում է, որ դա սահմանափակում է խոսքի ազատությունը։

Արա Ղազարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ խոսքը չի գնում սովորական իմաստով անանուն աղբյուրներին, խոսքը վերաբերում է առցանց հարթակում գործող բջջային հավելվածներին, օրինակ՝ թելեգրամին, որոնք որպես կանոն իրացնելով լրատվական գործունեություն՝ անհատական տվյալներ չեն հաղորդում։

«ՍԴ-ն վաղուց կարծիք է հայտնել, թե որ դեպքում կարող է բացահայտվել լրագրողական աղբյուրը, ուստի՝ այս օրենքի նախագիծը չի վերաբերում այդ լրագրողական աղբյուրներին»,- նշեց Ղազարյանը։

Միևնույն ժամանակ փորձագետն արձանագրեց, որ օրենքով ստանդարտ սահմանումը կարող է խնդրահարույց լինել, որովհետև միջազգային իրավունքով նույնիսկ անօրինական կերպով ստացված տեղեկությունը կարող է իրավաչափ համարվել, եթե հանրային մեծ հետաքրքրություն է ներկայացնում կամ խիստ հրատապ է։ Փորձագետը գտնում է, որ օրենքով ընդհանուր ստանդարտ սահմանելու փոխարեն ավելի լավ կլիներ, եթե մասնավոր դեպքերով կոնկրետ գործերով դատարանները լուծեին այդ հարցը։

«Եթե դա խանգարելու է ինֆորմացիային, ազատ խոսքին, ուրեմն՝ պետք չէ։ Որևէ կարգավորում, որն ինֆորմացիային, ազատ խոսքը նեղացնելու է, կաշկանդելու է՝ պետք չէ։ Սա լրագրողական ազատության ընդհանուր սկզբունքն է՝ միջազգային իրավունքում»,- նշեց Ղազարյանը։

Ինչ վերաբերում է ֆինանսական թափանցիկության կարգավորմանը, փորձագետը նշեց, որ այն չի հակասում առևտրային գաղտնիքի սկզբունքին և կարգավորումը լավն է, որովհետև այստեղ դա հակակշռում է ինֆորմացիայի բազմազանության, բազմախոհության հանրային շահով։

«Շատ հաճախ հենց սեփականատերերով է որոշվում ինֆորմացիայի բազմազանությունը և եթե մի քանի լրատվամիջոցների սեփականատերերը նույնն են, ապա դա հանգեցնում է սինդիկացման՝ ըստ ԵԽ-ի։ Դրանից տուժում է հանրային շահը՝ ինֆորմացիա ստանալու և, որ դա տեղի չունենա, հասարակությունը պետք է կարողանա վերահսկել, իմանալ, թե ովքեր են սեփականատերերը։ Քանի որ դա հանրային գործունեություն է, նորմալ է, որ լրատվամիջոցը հաշվետու լինի, թե ովքեր են սեփականատերերը»,- նշեց նա՝ հավելելով, որ դա առևտրային գաղտնիության շահին, որը լեգիտիմ է, չի հակասում, պարզապես վստահությունը պետք է փոխադարձ լինի։

Դիտարկմանը, որ հարկային խողովակներով ԶԼՄ-ները տեղեկացնում են ֆինանսական աղբյուրների մասին, Ղազարյանը նշեց, որ սա իրական սեփականատիրոջ բացահայտման պահանջ է, ի վերջո ԶԼՄ-ները կարող են ներկայացնել ոչ թե իրական սեփականատիրոջը, այլ՝ անձի, որը հարկային օրենսդրության իմաստով ձևական դրածո է։

Տեսանյութեր

Լրահոս