«Միտումնավոր՝ մեր 18-21 տարեկան սերունդը մղեցին մսաղաց, որպեսզի ավելի համոզիչ թվար հաղթելու անհնարինությունը». Սերժ Սրապիոնյան

ԵՊՀ Հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, դոցենտ, բանասիրական գիտությունների թեկնածու Սերժ Սրապիոնյանը որևէ հուսադրող լուր չունի Արցախյան պատերազմի ժամանակ անհետ կորած եղբորորդուց:

«Այն գործունեությունը, որ ծավալում են, այսպես կոչված, պատկան մարմինները, գրեթե որևէ մեկին չի բավարարում: Մենք աշխատում ենք մեր ուժերով գտնել: Ես սկսում եմ մտածել, որ այս ամենը միտումնավոր է արվում: Թող մեղադրանք չհնչի, բայց եթե մարդու որդին զոհվել է դեկտեմբերի 4-ին, նրա աճյունը բերել են Կապան և դա հայտնում են միայն նրա ծառայության ավարտի օրը՝ հունվարի 12-ին, այստեղ ի՞նչ է մնում մտածել. մնում է մտածել, որ ամենաբարձր մակարդակից սկսած, վերջացրած տվյալ ստորաբաժանման հրամանատարներով, որևէ մեկին մազաչափ անգամ չի հետաքրքրում ո՛չ անհայտ կորածների ճակատագիրը, ո՛չ նաև գերեվարվածների ճակատագիրը: Սա ասում եմ ամենայն պատասխանատվությամբ»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ իշխանությունները կեղծել են և՛ զոհվածների, և՛ անհետ կորածների, և՛ գերեվարվածների թվերը:

«Մեր ընտանիքը և մեր ընտանիքի նման բազմաթիվ այլ ընտանիքներ գիտենք, որոնք իրենց ուժերով, իրենց հնարավորություններով փորձում են տեղեկություններ հավաքել, գտնել իրենց անհայտ կորած զավակներին. սա փաստ է»,- ընդգծեց նա:

Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ պատերազմի օրերին որևէ կեղծ տեղեկատվություն չի տրամադրել, ասել է՝ «հաղթելու ենք», ոչ թե՝ «հաղթում ենք»: Սերժ Սրապիոնյանից հետաքրքրվեցինք՝ որպես զինվոր ունեցող քաղաքացի՝ ինչպե՞ս է ընկալել Արծրուն Հովհաննիսյանի մատուցած տեղեկատվությունը, ինչպե՞ս է «հաղթելու ենք» թեզը հասկացել, և ըստ նրա՝ Արծրուն Հովհաննիսյանի տրամադրած տեղեկատվությունն իրականության հետ աղերս ունե՞ր, թե՞ այնուամենայնիվ ապատեղեկատվություն էր:

«Արծրուն Հովհաննիսյանը ինձ նման բազմափորձ և երկար տարիներ ապրած մարդուն նույնպես խաբեց. խաբեց իր դեմքի արտահայտությամբ, իմանալով ճիշտ տեղեկատվությունը՝ խաբեց: Առաջին օրերին ես նույնիսկ գրառում կատարեցի, որ նա հավակնում է լինել մեր օրերի Լևիտանը, և այդ մի գրառման համար ես գլուխս կախում եմ, որովհետև ինձ պետք է պարզ լիներ, որ մեր տղան հոկտեմբերի 18-ին Իջևանի իր զորամասից տեղափոխվեց Իշխանաձոր, Այգեհովիտ, և այնտեղից հաջորդ օրը այլևս տեղեկություն չստացանք:

Արծրուն Հովհաննիսյանի «հաղթելու ենք»-ը, ըստ էության, այն թմրանյութի աստիճանաբար ահագնացող կաթիլն էր, որ ներարկվում էր հայ մարդու մե,ջ և հայ մարդը, որ ի սկզբանե հակված էր հաղթելուն, հավատ էր ընծայում իր բանակի հանդեպ, որովհետև բանակն իսկապես այդպիսին էր, նրան պարզապես պատերազմի ընթացքում անդամահատեցին ապաշնորհությամբ, և նաև՝ դիտավորությամբ, որպեսզի պարտությունը լիներ անբեկանելի: Եթե Արծրուն Հովհաննիսյանը և նրա ամբողջ արբանյակները ճիշտ տեղեկատվություն տարածեին ամենասկզբից, շատ հրամանատարներ կզգաստանային, ավելի լուրջ կմոտենային խնդրին, կպարտադրեին, որպեսզի այդ զորահավաքը, լրահավաքն անպայման կայանար, կպարտադրեին իրեն գերագույն հռչակած հրամանատարին, որը զինվորական գործից հասկանում է այնքան, ինչքան ես՝ տիեզերքից, որպեսզի Ղրիմից իրենց խոստացված օգնությունն առանց որևէ ակնկալիքների ընդունվեր, բանակը համալրվեր, որովհետև նրանք փորձառու մարտնչողներ էին Ղրիմից: Ե՛վ Ղրիմի հայկական համայնքի ղեկավարը, և՛ կամավորների հրամանատարն այդ մասին ասել են, որ 7000 հոգու աջակցությունը չի ընդունվել: Ինչո՞ւ չի ընդունվել. որպեսզի նրանց ոգով, նրանց համարձակությամբ, նրանց կենսափորձով, որոնք կռվել էին, այսպես կոչված՝ ԱԹՍ-ների դեմ, չօգտագործվեր և մեր զինվորները չփրկվեին: Ես հանցագործության մասին հաղորդում եմ տալիս՝ միտումնավոր կերպով, կանխամտածված կերպով մեր 18-21 տարեկան սերունդը մղեցին մսաղաց՝ կործանելու համար, որպեսզի ավելի համոզիչ թվար հաղթելու անհնարինությունը և պարտվելու անխուսափելիությունը»,- ի պատասխան՝ ասաց նա:

Ա․ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նաև ասել էր. «Ինձ համար Շուշիում լիքը բաներ անհասկանալի է, անկեղծ եմ ասում: Նոյեմբերի 6-ին ես եղել եմ Շուշիիում, որից հետո նոյեմբերի 7-ին, 8-ին և 9-ին տրամագծորեն ամեն ինչ մի քանի անգամ փոխվել է՝ ըստ Պաշտպանության նախարարության տեղեկության: 44 օրերի ընթացքում տեղեկությունը բացառապես ստացել եմ ՊՆ-ից, բացառապես Գլխավոր շտաբի օպերատիվից և Պաշտպանության բանակից: Հիմա ուսումնասիրել է պետք, մենք ուզում ենք անմիջապես բոլորս գտնենք ճշմարտությունը, ես ամեն օր ուսումնասիրում եմ առանձին դրվագները, լիքը դրվագներ կան՝ իմ ուղեղում չի տեղավորվում»:

Արծրուն Հովհաննիսյանի այս հայտարարության վերաբերյալ Սերժ Սրապիոնյանն ասաց. «Այս պահին նույնպես Արծրուն Հովհաննիսյանը ստում է և ցինիկաբար է ստում: Երբ լրագրողը Ա․ Հովհաննիսյանին հարց էր տալիս, թե ադրբեջանական աղբյուրներն այլ բաներ են ասում զոհերի, տարածքների վերաբերյալ, Ա․ Հովհաննիսյանը պատասխանում էր, որ ինքը նաև իր սեփական աղբյուրներից է տվյալներ հայթայթում, և իր տվյալները ճշգրիտ են: Եթե հիմա «մոռանում է» իր ասածը, նշանակում է՝ Արծրուն Հովհաննիսյանը հիմա էլ է ստում: Ստում է անխղճորեն, ցինիկաբար և այն նույն նպատակն է հետապնդում, ինչ նպատակ հետապնդում էր պատերազմի օրերին՝ բթացնել հայ ժողովրդի զգոնությունը և խուսափել պատասխանատվությունից: Նա գիտի, որ եթե սպա էր, ռազմական գործիչ էր, ուներ զինվորի պատիվ, պետք է հրաժարվեր այդ նեռական դերը կատարելուց: Որևէ մեկը նրան չի գանահարել, դագանակների տակ չի ծեծել, որ ինքը կանգնի՝ անմեղի դեմքով հաղթական տոնով խաբի մի ամբողջ ժողովրդի՝ բթացնելով նրա զգոնությունը և կազմալուծելով բանակը: Ես վաղը նույնիսկ չեմ զարմանա, որ Արծրուն Հովհաննիսյանը հայտարարի, որ ինքը փորձել է մի քանի անգամ ճշմարտությունը հասցնել ժողովրդին, և նրան պարտադրել են, որ չհասցնի: Այդպիսի բան, չեմ կարծում, թե եղել է, բայց նա ի վիճակի է նաև այդպիսի աղաղակող սուտ ասել»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս