Բարի թռիչք
«44-օրյա պատերազմը մեզ խորապես մտորելու, բայց նաև՝ անհապաղ գործողությունների մղեց, և դրանով է պայմանավորված նաև որոշումը՝ ԱԺ-ում անցկացնել խորհրդարանական լսումներ՝ «Գիտությունը՝ որպես անվտանգության և զարգացման հենասյուն» թեմայով»,- փետրվարի 1-ին խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահն ընդգծեց գիտության կարևոր դերակատարումն ապագա անվտանգային համակարգում՝ նշելով. «Այսօր բոլորիս խնդիրն է՝ գտնել այն լուծումները, որոնք հնարավորություն կտան ապագայում, հեռանկարում ունենալ ապահով, անվտանգ պետություն, տարածաշրջանում ամենաանվտանգ երկրներից մեկը, որի նկատմամբ, առհասարակ, ոտնձգություն իրականացնելու պարագայում… Հայաստանը կլինի ամենավերջին պետությունը, որի նկատմամբ հարևան երկրները, առհասարակ, որևէ մեկը, նման դրսևորումներով հանդես կգա:
Սակայն սրան հասնելու համար վերջին պատերազմը ցույց տվեց, որ մենք ունենք բազմաթիվ անելիքներ, մենք պետք է որոշումներ կայացնենք ապագայի համար, և այս առումով երկու բան կցանկանայի առանձնացնել: Մենք պետք է երազենք. եթե չկա երազանք, չի լինելու նաև թռիչք: Աշխարհում խոսում են 4-րդ, 5-րդ սերնդի զինատեսակների մասին. առանձին ոլորտներում մենք պետք է լինենք չափազանց ամբիցիոզ և չվախենանք մեր սեփական երազանքներից ու շարունակենք հավատալ և գործել՝ ըստ այդմ, որովհետև միայն այդ ճանապարհով է, որ մենք մեր բանակը կկարողանանք արդիականացնել:
Առհասարակ, բանակի արդիականացումը, ինտելեկտուալացումը, մեքենայացումն այլընտրանք չունի: Պատերազմը ցույց տվեց, որ մենք հենց այս ճանապարհով պիտի շարժվենք առաջ:
Բայց և մյուս կողմից՝ այո,՛ մեծագույն և երկարաժամկետ նպատակներ ունենալուց զատ՝ շատ կարևոր է հասկանալ, թե որո՞նք են մեր ուժեղ կողմերը. ի վերջո, կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ մենք ավանդաբար ունեցել ենք բազում հաջողություններ, և փորձենք նաև դրանց վրա կառուցել ողջ անվտանգային համակարգը»:
«Երազել»՝ խորհուրդ է տալիս պետական պաշտոնյան. իհարկե, սա անհրաժեշտ խորհուրդ է, եթե իրականությունը, որի համար պատասխանատու է նաև այդ պաշտոնյան, շատերի համար դարձել է անտանելի: Բայց երազելը ռազմավարություն չէ, ու ապացուցված է, որ երազելիս հաճախ առաջանում է այնպիսի հոգեվիճակ, երբ ցանկալին սկսում են իրականի տեղ ընդունել, այսպես կոչված, wishful thinking-ը։ Մենք դրա ականատեսը եղանք պատերազմի 44 օրերին, երբ «Հաղթելու ենք»-ով «Առաջ կպոռայինք, բայց ետ-ետ կերթայինք»:
Նկատենք, սակայն, Մխիթար Հայրապետյանի համար երազելը հին կատեգորիա է. «Երբ ես 18 տարեկան էի… նույնչափ խենթ ու երազող մի հեղափոխական էի»,- ասել էր նա հարցազրույցներից մեկում, ապա նաև՝ ամենատարբեր հանդիպումներում ու գրառումներում շեշտել երազելու կարևորության մասին, խոսել «համարձակ ու հավակնոտ երազելու և ապրելու 365 օր»-երի մասին, այն մասին, որ հեղափոխությունը երազելու հնարավորություն տվեց ժողովրդին, ու որ սփյուռքահայ երիտասարդները պետք է շարունակեն երազել և գնալ այդ երազանքների հետևից:
Թերևս, Մ. Հայրապետյանի երկարաշունչ պաշտոնին պետք է հավելել նաև մեկ շատ կարևոր բառ՝ ամրագրելու նրա կարևոր առաքելությունը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության, սպորտի և երազելու հարցերի հանձնաժողովի նախագահ:
Մխիթար Հայրապետյանը երազելուց հետո խոսում է նաև թռիչքից. ըստ երևույթին, քայլելն այլևս արդյունավետ չէ, ինչպես ցույց տվեց 2018-ին «քայլելով» իշխանության եկած պաշտոնյաների կառավարությունն այս երեք տարիների ընթացքում, ու հիմա արդեն պատգամավորն ու իր թիմը պատրաստվում են թռիչքի:
Բարի թռիչք: