Կյանքը դատարկ ու անիմաստ է առանց սիրո
Կյանքը դատարկ ու անիմաստ է առանց սիրո: Մեր ամեն օրը լավ առիթ է՝ սեր տալու և ստանալու համար: Չնայած ոմանք կարծում են դրա ժամանակը միշտ էլ կա, բայց այսօր ու հենց այս պահը լավագույն պահն է՝ Սեր դրսևորելու համար: Քանզի ամեն ուշացած բան ժամանակից դուրս է ու իմաստազրկված:
Սերը լավագույն շնորհն է, որ Աստված տվել է մարդկությանը: Ու որքան շատ ենք սիրում, այնքան ավելի երջանիկ ենք դառնում, այնքան կյանքը ավելի ենք գեղեցկացնում ու հարստացնում:
Աստվածաշնչում ասվում է. «Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ սիրեք միմյանց. ինչպես ես ձեզ սիրեցի, դուք էլ միմյա՛նց սիրեցեք: Եթե դուք միմյանց սիրեք, դրանով բոլորը պիտի իմանան, որ դուք իմ աշակերտներն եք» (Հովհ. 13:34-35):
«Սիրում եմ». այս կախարդական բառը երբեմն կյանքեր է փրկում, անիմաստը՝ իմաստավորում ու ապրեցնելու մեծ ցանկություն առաջացնում: Այն մարդիկ, ովքեր գիտեն այս շնորհի ներգործությունը, երբեք չեն զլանում սիրելիներին պարբերաբար հիշեցնելու իրենց սիրո մասին:
«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կորնթ. 13: 4-7):
Աստված մեզ սովորեցրել է սիրել ու սեր տարածել: Այո՛, շատ կարևոր է սիրել, բայց առավել կարևոր է նաև տիզերքում Սեր տարածել: Ու այդ ամենին միայն մեկ մարդու սիրով հնարավոր չէ հասնել: Տիեզերքում հավերժ սիրո մթնոլորտ ապահավելու համար, մեզանից պահանջվում է Աստծուն նմանվել ու Նրան մեր մեջ կրել:
Հիշեք՝ սիրելը խորը գիտակցումն է այն բանի, որ ողջ մարդկությունը, բնությունն ու Աստված մի ամբողջ միասնություն են դառնում: Ու եթե որոշում եք չսիրել, նշանակում է՝ հրաժարվում եք սիրել նաև ինքներդ ձեզ:
qahana.am