ՌԴ-ի բնակչությունը 15 տարվա ընթացքում առաջին անգամ կրճատվել է ավելի քան 0,5 միլիոնով
ՌԴ-ի բնակչությունը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 146 մլն 238 հազար 185 մարդ: Այդ մասին ասվում է տարվա սկզբի դրությամբ երկրի բնակչության թվաքանակի նախնական գնահատման վերաբերյալ հրապարակման մեջ, որը զետեղվել է «Ռոսստաստ»-ի կայքում։
2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ ՌԴ-ի բնակչությունը հավասարվել է 146 մլն 748 հազար 643-ի, 2019 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 146 մլն 780,7 հազար մարդ, 2018 թվականին՝ 146 մլն 880,4 հազար մարդ, 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ՝ 146 մլն 804,4 հազար մարդ:
Այսպիսով, «Ռոսստաստ»-ի տվյալներից հետեւում է, որ ՌԴ-ի բնակչությունը 2020 թվականի ընթացքում կրճատվել է 510,5 հազար մարդով: Վերջին անգամ այսքան զգալի կրճատում գրանցվել է 2005 թվականին, երբ բնակչությունը 143,8 միլիոնից նվազել էր մինչեւ 143,2 մլն մարդ՝ 2006 թվականի սկզբի դրությամբ:
2019 եւ 2018 թվականներին բնակչությունը կրճատվել է մոտավորապես 100 հազարով: Մինչեւ 2018 թվականը ՌԴ-ի բնակչությունը վերջին անգամ կրճատվել էր 2008 թվակաինի, իսկ դրանից հետո ինը տարի անընդմեջ աճել է՝ հասնելով առավելագույն 146,9 միլիոն մարդու՝ 2019 թվականի սկզբի դրությամբ:
Բնակչության թվաքանակը 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ նվազագույնն է դարձել 2014 թվականից ի վեր, երբ այն կազմում էր 143,7 միլիոն, իսկ Ղրիմի միանալուց հետո 2015 թվականի սկզբի դրությամբ ՌԴ-ի բնակչության թվաքանակն աճել է մինչեւ 146,3 միլիոն (մինչ այդ վերջին անգամ երկրում 146,3 մլն մարդ գրանցվել էր 2001 թվականին, իսկ նվազագույնին հասել է 2009 թվականի սկզբին (142,7 մլն մարդ), հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: