«Մոտեցա ու Ավինյանին ասեցի՝ ուզում եմ Ձեզանից լսել՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ենք մեր հողերը առանց կռվելու զիջելով՝ նվիրում թուրքերին». Մուշեղ Մարդոյան

«Եկել է ժամանակը, որ պատմեմ, թե ինչ եմ տեսել իմ աչքերով, այն դավաճանությունների մասին, թե ինչպես ենք նվիրել մեր սուրբ  հողերը՝ Քարին տակը, Շուշին: Ես ուզում էի, որ մեր ազգը մի քիչ ուշքի գա այս ամենից հետո, բայց տեսնելով, թե ինչ է կատարվում Հայաստանում, Ադրբեջանում, ուր են տանում մեզ, որ Հայաստանի կառավարությունն ուզում է  եղբայրանալ թուրքերի հետ, իսկ Ալիևն ասում է, թե Հայաստանի հողերը իրենց պատմական հողերն են: Փաստորեն, ուզում է Հայաստանն էլ խլել մեզանից, իսկ Էրդողանն ուզում է Էնվեր փաշայի գործը տանել մինչև վերջ, ես չկարողացա դիմանալ, արդեն պետք է պայթեի, դրա համար որոշեցի կիսվել իմ ազգի հետ»,- ֆեյսբուքի իր էջում հրապարակված տեսանյութում օրեր առաջ պատմել է պատերազմի ժամանակ Արցախում կռված Մուշեղ Մարդոյանը՝ հայտնելով, որ իր կյանքի մեծ մասն ապրել է Հայաստանից դուրս՝ Սփյուռքում:

«Պատերազմի ժամանակ գնացել եմ Ղարաբաղ, եղել տարբեր վայրերում: Հիմա կպատմեմ Քարին տակի և Շուշիի դավաճանությունների մասին: Նոյեմբերի 4-ին՝ ցերեկվա 2-ի կողմերը, երբ շատ թեժ մարտ էր, խրամատներից դուրս եկան ՄՈԲ-ի զինվորականները և նահանջելով շարժվեցին դեպի Շուշիի ճանապարհը:  Ընկերներով գժված գոռում էինք, թե՝ տղերք, էս ի՞նչ եք անում, ո՞ւր եք գնում, նրանք պատասխանում են, որ կատարում են իրենց հրամանատարի հրամանը՝ գնդապետ Բարխուդարյանի: Ու նահանջելով գնացին: Քարին տակում մնացինք մենք՝ 5 ընկերներով, որոնցից 4-ն իմ նման Սփյուռքից էին, 2-ը՝ ծնունդով քարինտակցիներ: Մնացինք մենք՝ 5 հոգով, Քարին տակի հրամանատար Բաղդասարը, ևս 2 հոգի քարինտակցիներ և 18-20 տարեկան մեր առյուծ երեխեքը, ու այդպես սկսեցինք պայքարել մինչև երեկո: Հրամանատար Բաղդասարին երբ հարցնում ենք, թե՝ էս ի՞նչ եղավ, ինչո՞ւ մեզ թողեցին՝ դուրս եկան, էս ի՞նչ է կատարվում, ասում էր՝ ես ի՞նչ անեմ, տղերք, իրենց հրամանատարն է հրամայել, որ դուրս գան, ինձ էլ խոսք են տվել, որ օգնության է գալու նոր զորք: Այդպես էլ ոչ մի օգնություն չեղավ: Երեկոյան, երբ արդեն վերջանում են մեր փամփուշտները, սնարյադները, Բաղդասարը, ով 90-ականներին էր կռվել հերոսաբար,  մղկտալով, լացելով ասում էր՝ տղերք անհնար է, մենք գյուղը տվինք, չենք կարող պահել, բայց ես իրավունք չունեմ թողնել այս 18-20 տարեկան երեխեքին, որ զոհվեն այստեղ, պետք է փրկեմ, հանեմ էս երեխեքին:

Ու ինքը կազմակերպեց մեր դուրս գալը: Մնալով, փաստորեն, 5 հոգով, իմ քարինտակցի ընկերներն այն տղամարդկանցից են, որ լացել չգիտեն, ոռնում էին, որ թողնում են իրենց տները, իրենց սրբությունները: Ու այդպես ոռնալով՝ մեր մեքենայով դուրս ենք եկել: Կրակի տակով, դժոխքի միջով մի կերպ դուրս ենք պրծել այդտեղից: Մնալու տեղ չունեինք, գիշերը գնացինք Ստեփանակերտ՝ «Արմենիա» հյուրանոց: Այդ դաժան գիշերը անցկացնելով հյուրանոցում՝ առավոտյան իջել ենք ներքև՝ 1-ին հարկ, ռեստորանում սուրճ խմելու և որոշելու հետագա մեր քայլերը: Մեր տղաներից մեկն ասաց՝ տղերք, հլը տեսեք՝ ո՞վ է մեր հետևը նստած: Շուռ եկա, տեսա, որ Տիգրան Ավինյանն էր նստած նախաճաշում իր ընկերների հետ՝ 4 հոգով:

Մոտեցա, բարևեցի, նստեցի դեմ առ դեմ ու Ավինյանին հարց տվեցի, ասեցի՝ ուզում եմ Ձեզանից լսել, հասկանալ՝ ի՞նչ է կատարվում, ինչո՞ւ ենք մեր հողերը առանց կռվելու, առանց պայքարի՝ զիջելով հետ գնում, նվիրում թուրքերին: Իմ երեսին նայելով՝ ասաց՝ չեմ հասկանում, թե ինչի մասին է խոսքը: Ասի՝ օրինակ, Քարին տակի մասին: Ասեց՝ ի՞նչ եք ասում, այդտեղ մերոնք են: Այդ պահին, ճիշտն ասած՝ չհասկացա, թե մերոնք ովքեր են, բայց իր՝ 100 տոկոս համոզված պատասխանից հետո ասի՝ դե որ այդպես համոզված եք, որ մերոնք են, հիմա հելնենք, իրար հետ գնանք, տեսնենք՝ ովքեր են այնտեղ: Հետո մոտեցան քարինտակցի իմ ընկերները ու բացատրեցին, թե ինչի մասին է խոսքը: Պարզ էր, որ ինքը մեզ հետ չի գա, ու անհասկանալի էր, թե ինչու է ինքը գտնվում Ստեփանակերտում: Ով որ գիտի՝ Քարին տակը ինչ վայր է, որտեղ որ թուրքերը պետք է կոտորվեին, ու կապ չուներ քանակը, զենքը՝ 1000, 5000, 10.000, նրանք Դժոխքի ձորում պետք է կոտորվեին: Մեր հաղթանակը, ոնց որ միշտ՝ պետք է սկսվեր Քարին տակից: 100, 200 տոկոս համոզված էի, որ այնտեղ ջարդելու ենք ու գնալու ենք առաջ: Ախպերս, դու Ստեփանակերտ ի՞նչ ես անում, որ դու չգիտես՝ Քարին տակն արդեն ում մոտ է»,- նշեց նա:

Հաջորդիվ Մուշեղ Մարդանյանը ներկայացրեց պատմության շարունակությունը:

«Իհարկե, ինքը չեկավ, բայց մեզ հետ ուղարկեց իր գրասենյակի անձնակազմի ղեկավարին՝ Վարագ Սիսեռյանին՝ ասելով, տղերք ջան, գնացեք Շուշիի հրամանատար Սեյրան Օհանյանի մոտ ու տեսեք՝ ինչ եք անում: Ինձ համար անսպասելի ու անակնկալ էր, թե ոնց՝ Սեյրան Օհանյան: Չէ՞ որ դուք՝ իշխանություններդ, Սեյրան Օհանյանին Մարտի 1-ի գործով եք մեղադրում: Այդ դաժան Մարտի 1-ի գործով, որտեղ որ սպանվել են Հայաստանի մեր քաղաքացիները: Դուք ինչպե՞ս եք վստահում այդ մարդուն Շուշիի պաշտպանությունը: Վարագ Սիսեռյանը մեզ տարավ Շուշի՝ մեր մեքենայով: Եկանք Շուշի, մեծ բանկի շենք էր, շտաբը գտնվում էր բանկի պադվալային հարկում՝ բունկերում, որտեղ որ Սեյրան Օհանյանը, չգիտեմ ինչո՞ւ, 10 հոգով, թիկնապահներով այնտեղ էր: Իսկ բանկի տարածքում ես տեսա 2 մեքենա՝ իմ մտածելով՝ «Տիգր»: Մտանք բունկեր, Վարագը մեզ ծանոթացրեց Օհանյանի հետ: Իմանալով, որ մեզանից 2-ը քարինտակցի են, ասաց՝ տղերք ջան, տեղանքը շատ լավ գիտեք, գնացեք, որտեղ որ գերեզմանոցներն են, իմ օգնականը՝ Սեյրան անունով, այնտեղ է՝ իր ջոկատով, նրա հետ մեկտեղ արդեն որոշեք՝ որտեղ է հարկավոր դիրքավորվել: Գնացինք, տեսանք իր օգնականին, ջոկատը՝ մաքսիմում 20-30 հոգի, հարցրինք՝ որտե՞ղ են դիրքավորված, ու մեր տղերքը զարմացան, որ ամենակարևոր երեք վայրից՝ ժայռի գլխին, որտեղ որ ներքևից՝ Քարին տակից, հնարավոր էր բարձրանալ, ոչ մեկը չէր պաշտպանում: Մենք գնացինք, այդ տեղերը դիրքավորվեցինք: Նրանց կողմից ինտենսիվ ռմբակոծություն էր ժայռի գլխին: Այնտեղ սաղ վախից պախկվել էին, որ պաշտպանվեին: Ժայռի վրայից հեռադիտակով նայեցինք, որ թուրքերը զբոսնում էին գյուղի մեջ՝ առանց վախի: Կրակոցներից մոտ 10-15 հոգի ճանապարհի վրա պառկեցին: Դա իր աչքով տեսավ Վարագ Սիսեռյանը: Մեր տղաների աշխատանքի ինչ-որ մի դրվագ դաժե նկարեց իր հեռախոսով: Հավանաբար տեսնելով, թե ինչ է կատարվել Շուշիում, վերադառնալով Երևան՝ Սիսեռյանը դիմում գրեց՝ դուրս եկավ: Շատ հարգելի էր»:

Մուշեղ Մարդոյանը պատմեց, որ Սեյրան Օհանյանն իրենց հարցրել է, թե ինչի՞ կարիք ունեն, պատասխանել են, որ մեքենայում զենքերը դնելու տեղ չունեն: Տարբեր վայրերում, որ թողել գնացել էին, այդ զենքերը վերցրել՝ լցրել են մեքենան.

«Ասացինք, որ մեր փամփուշտները քիչ են, ինչքան հնարավոր է՝ մեզ պատրոններ, սնարյադներ շատ տան: Ասացինք նաև, որ՝ ձեր ռացիայի հետ կապ է պետք: Ասացին՝ գնացեք, ամեն ինչ կկազմակերպենք: Մի քանի ժամ հետո, տեսնելով, որ ոչ մի օգնություն չկա, ոչ մի բան չեն բերում, Վարագ Սիսեռյանն ասաց՝ տղերք ջան, ձեզանից մեկը թող իմ հետ գա՝ գնանք, ինչ պետք է՝ բարձենք մեքենան, բերենք: Մեր տղաներից մեկը իր հետ գնաց, մոտ 1 ժամ հետո մեկը մոտեցավ մեզ՝ ժայռի վրա, թե՝ մի մեքենա եկավ, ասաց, որ ձեզ համար ապրանք ա բերել, թափեց ու փախավ: Ասինք՝ բա խի՞ չի բերել վերև, թե բա՝ վախեցավ: Մեզանից մի 200 մետր էր հեռու, ասինք՝ ծանր է, բայց քարշ տանք՝ կբերեմ: Գնացինք՝ տեսնենք, բերել են բուխանկա հաց, 5 լիտրանոց ջրեր, լիքը պահածո: Մեր վրդովմունքին չափ ու սահման չկար: Այդ ամեն ինչը թողեցինք, հետ եկանք: Մութն ընկնում էր, մեր ընկերը մենակ հետ եկավ մեքենայով, որ ոչինչ չէր բերել, իրեն ասել են, որ ինչ պետք է՝ ուղարկել են: Այդ պահից արդեն պարզ դարձավ, թե ինչ է կատարվում: Տեսանք, որ ժայռի ձախ հատվածից «Ուրալ»-ներ են շարժվում դեպի  Շուշի: Փաստորեն, մեր թիկունքից մտնում էին Շուշի: Դրանից մի ժամանակ հետո արդեն կրակոցներ սկսվեցին Շուշիի մեջ:

Դա նոյեմբերի 5-ի երեկոյան էր: Մենք լսում էինք, որ միայն մենք ենք կրակում: Փամփուշտներն էլ արդեն պրծել էին, մի քանիսն էր մնացել ամեն մեկիս մոտ: Տեսանք, որ մենակ ենք մնացել, գժվել կարելի էր: Տղերքն ասում էին՝ չի կարող նման բան լինել: Երեկ նվեր տվեցին Քարին տակը, էսօր Շուշի՞ն են տալիս: Ասինք՝ գնանք ստուգենք, ո՞նց կարող է սենց բան լինել, որ մենակ մենք ենք մնացել: Գոռալով՝ տղերք, Սեյրան, մենք ենք, ոչ մի արձագանք: Նոյեմբերի 5-ի երեկոյան թուրքերը պառադով մտան Շուշի: Մթության մեջ, որ 4 կողմը վառվում էին մեքենաներ, տեխնիկա, Աստծո օգնությամբ դուրս պրծանք: Ինֆորմացիա տվեցին ամսի 6-ի առավոտյան, որ ձորի ձախ կողմում մերոնք են, հանկարծ չկրակեք, դուրս եկավ, որ այնտեղ մեզ արդեն սպասում էին թուրքերի սնայպերները: Մեզ հետ մոտ 200 հոգանոց զորքը շարժվեց, թուրքերը սկսեցին մաղել:

Այդտեղ շատ վիրավորներ ու զոհեր տվեցինք: Մի կերպ դուրս պրծնելով՝ մեր ընկերներին տարանք հոսպիտալ, հետո տեղափոխեցինք Երևան՝ այն մտքով, որ 2 օրից հետ կգնանք, ու ստորագրվեց այդ պայմանագիրը: Իմ խելացի, ուժեղ ազգ, մենք աղետի դեմ ենք, թուրքերն ուզում են մեր հայրենիքը խլել, ոչնչացնել մեզ, որ դառնանք անտեր ազգ: Եկեք համախմբվենք՝ մի կողմ դնելով բոլոր տարաձայնությունները, եկեք մի բռունցք դառնանք: Այսօրվա իշխանությանը պաշտպանում են միայն նրա համար, որ տեսնում են՝ միտինգին ովքեր են: Չկա 3-րդ տարբերակը. կան նախկինները, որ կերել են ազգին, և կան այս իմպոտենտները: 3-րդ տարբերակը՝ հայ ազգի նվիրյալները, չկան: Խնդրում եմ, եկեք համախմբվենք»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս