«Ռազմական խնդիրներ մեր երկիրը չունի, մենք հե՛նց այսօր էլ պատրաստ ենք հաղթել թշնամուն». Հայկ Միրզոյան

Մշակութային գործիչ, արցախյան վերջին պատերազմի մասնակից Հայկ Միրզոյանի կարծիքով՝ պետք է ոչ թե քննարկել Հայաստանի գործող իշխանությունների ասածները, այլ արհամարհել նրանց գոյությունը:

«Ամոթ է դա խոստովանել, բայց մեր հասարակության որոշակի մաս նույնիսկ ուրախ է, որ մենք Արցախը կորցրել ենք՝ այնպիսի պատճառաբանություններով, որ՝ ինչ լավ է, տղաս էլ չի գնա Արցախում ծառայելու: Դա ինքնին աբսուրդ է․ չանդրադառնանք նույնիսկ ամենապրիմիտիվ պատճառներին, որ, եթե Արցախ չկա, ապա ավելի մոտ և ավելի լայն սահման ունի թշնամին, և արդյունքում՝ էլի տղադ գնալու է սահմանին ծառայելու: Արցախը մեր գոյության հիմքն է: Մեր ժամանակներում երկիրը չի կարող գոյություն ունենալ, այն կամ պետք է բավականաչափ մեծ և հզոր լինի, որ ինքն ապահովի իր գոյատևումը, կամ, եթե փոքր երկիր է, պետք է ունենա ինչ-որ մի բան, որն արժեք է ներկայացնում մեծ երկրների համար, ու դրանով ապահովի իր գոյատևումը: Օրինակ՝ Ադրբեջանի համար դա իր նավթն է, այլ երկրների համար կարող է լինել հսկայական ոսկու կամ ադամանդների պաշարը. մեր նավթը, որքան էլ դա կոպիտ է հնչում, Արցախն է, որովհետև այն ունի հզոր աշխարհաքաղաքական նշանակություն՝ ամենամեծ գերտերությունների խաչմերուկի վրա է գտնվում, և գերտերություններին ձեռնտու է, որ այդտեղ լինի ինչ-որ ինքնավար երկիր, բայց քանի որ Արցախը շատ փոքր է ինքնավար լինելու համար, ապա կողքից պետք է մի հատ էլ Արցախը պատկանի Հայաստանին ու այդպես ինչ-որ մասնակի ինքնավարությամբ գոյություն ունենա: Եթե մենք կորցնում ենք Արցախը, մենք այլևս կարևորություն չենք ներկայացնում: Փոքրիկ Հայաստանը, որը թողնելու են, չի գոյատևելու այս հսկայական մուսուլմանական աշխարհում»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Նրա խոսքով՝ 2018թ. մարդկանց փողոց հանելու համապատասխան տեխնոլոգիաներ էին օգտագործվում՝ մարդկանց հեշտասիրության հիմքի վրա. «Այսինքն՝ շատ հեշտ էր դուխով լինելը, շատ հեշտ էր թասիբով լինելը, որն իրականությանը չէր համապատասխանում. մենք 3 տարի աբսուրդի մեջ ենք ապրում, իրականում բոլոր արժեքները գլխիվայր շուռ են տվել՝ ճիշտը դարձել է սուտ, բարին դարձել է չար, ամեն ինչ շուռ են տվել: Դրան զուգահեռ՝ նաև հսկայական զգայական գործընթացներ են տեղի ունեցել՝ Ջին Շարփի տեխնոլոգիաներով կազմակերպված հեղափոխություն է եղել՝ ըստ այբբենական կարգի: Հիմա դա չեն օգտագործում, ես չեմ հասկանում, թե ինչու: Այն տեխնոլոգիաները, որոնք վնաս են հասցրել մեր երկրին, ամոթ չէ նորից օգտագործել՝ մեր երկիրը փրկելու համար: Այդ տեխնոլոգիաների ձևը բոլորս էլ գիտենք՝ ոնց է պետք մարդկանց հանել փողոց: Վատ է հնչում, բայց ճշմարտությունը խաբել է պետք, ուղղակի ճշմարտությունն ասելը շատ քիչ է: Հիմա, օրինակ՝ ընդդիմադիր ուժերի մեջ շատ արժանապատիվ ու խելացի մարդիկ կան, ովքեր անընդհատ մտածում են, որ՝ ահա, ճշմարտությունը բացահայտվեց, էլ ի՞նչ է պետք, մենք փաստերը կասենք, մարդիկ կհասկանան, և ամեն ինչ կշտկվի: Ոչ, այդպես չէ: Ճշմարտությունը պետք է ասել ստի տեխնոլոգիայով՝ սուտը ո՞նց են քարոզում՝ այնքան են ասում, մինչև մարդը հասկանա, նույն ձևով էլ ճշմարտությունը պետք է ստի տեխնոլոգիայով հասցնել մարդկանց: Մարդիկ հոգեբանորեն հասել են այն մակարդակի, որ այդ տեխնոլոգիան կարող է կիրառվել նրանց վրա»:

Արցախյան վերջին պատերազմին մասնակիցը նշեց, որ չի ցանկանում պատերազմի մասին խոսել, քանի որ պատերազմից հետո, երբ սոցիալական ցանցերում կիսվել է պատերազմի, իր վիրավորվելու մասին, հասկացել է, որ դա շատ մեծ ռոմանտիզմի է տանում և սկսում է շահարկվել.

«Մեծ մասամբ հիմա մարդուն լսում կամ չեն լսում այդ սկզբունքով՝ պատերազմին մասնակցե՞լ ես, թե՞ ոչ: Ես կարծում եմ, որ վատ է դա շահարկելը, որովհետև երբ մարդիկ իմանում են՝ դու գնացել և կռվել ես, դա ինչ-որ յուրահատուկ արժեք է սկսում հաղորդել քո խոսքերին, ինքն արդարացի չէ: Մասնակցել եմ հակաահաբեկչական միջոցառումների, այսինքն՝ ջոկատների որսի: Ռազմական խնդիրներ մեր երկիրը չունի, մենք հենց այսօր էլ պատրաստ ենք հաղթել թշնամուն, բայց կային քաղաքական խնդիրներ՝ զորքերի համալրում տեղի չէր ունենում, և դա օգտագործվում էր քաղաքական դիվիդենտներ քաղելու համար: Ամենասկզբից սկսենք՝ ինչո՞ւ մինչև հիմա ներկայիս իշխանությանը սատարող մարդիկ կան, որովհետև բոլոր մարդիկ գտնվում են հոգեբանական ծուղակների մեջ, ինչպես Սփյուռքում, նույնկերպ էլ այստեղ:

Օրինակ՝ պատերազմի առաջին ալիքը, որ սկսվեց, որ մարդիկ գնացին կռվելու, նրանց մեջ, իհարկե, հերոս մարդիկ կային, որոնք պատրաստ էին գնալ և մեռնել՝ հանուն հայրենիքի, բայց կային նաև շատ մարդիկ, ովքեր ուղղակի մտածել էին, որ սա ապրիլյանի նման մի քանի օր է տևելու, և հեշտ է լինելու հերոսանալ: Այդ մարդիկ, որ գնացին, իրենք պատրաստ չէին մահանալ, և երբ պատերազմը ձգձգվեց, նրանց ուղղակի առիթ էր պետք վերադառնալու համար: Մեր ղեկավարացուն, ստորագրելով կապիտուլյացիան, նրանց տվեց այդ առիթը, որ նրանք վերադառնան, չնայած, եթե նրանք ուզենային վերադառնալ, նրանց ոչինչ չէր պահում, որովհետև զորքերի համալրում տեղի չէր ունենում: Դիրքերը չէին համալրում, որպեսզի դիրք պահող զինվորներին ասեին՝ տես, այնտեղ՝ քաղաքում, կաֆեներում նստած են, ոչ ոք չի գալիս կռվելու, քեզ դավաճանել են, և այլն, որպեսզի ներքին պառակտում առաջացնեն նաև զինվորների մեջ:

Այսինքն՝ ցանկացած զինվոր կարող էր գալ Երևան, բայց նրանք չէին ուզում այդպես անել, նրանք գնացել էին հերոսանալու, այսինքն՝ նրանց պետք չէր՝ ուղղակի պատերազմը թողնեին և գային, և այդ մարդիկ իրենց «արժանապատվությունը» դասեցին ավելի բարձր, քան իրենց երկրի արժանապատվությունը: Ես խոսում եմ ներկայիս իշխանություններին սատարողների մասին. Նրանք իշխանություններին սատարում են, որովհետև այս իշխանությունն իրենց փրկել է խայտառակությունից»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս