Թաղվում ենք պարտքերի մեջ

Մեր երկիրը գնալով ավելի ու ավելի է խրվում պարտքերի մեջ։ Չնայած Նիկոլ Փաշինյանն իշխանության էր եկել լուծելու նաև պարտքերի հարցը, հիմա Հայաստանը շատ ավելի մեծ տեմպերով է մտնում պարտքերի բեռի տակ։

Պետական պարտքը հասել է 8 մլրդ դոլարի։ Մեկ տարվա ընթացքում պարտքն ավելացել է 8,8 տոկոսով։

Պարտքի աճը շատ ավելի մեծ է դրամով արտահայտված։ Հաշվի առնելով դրամի թուլացումը, պարտքի աճը մեկ տարում կգերազանցի 18 տոկոսը։

Հիշեցնենք, որ դրամի թուլացումը բացասական գործոն է պարտքի սպասարկման համար։ Պարտքի մեծ մասը տարադրամով է, և ազգային արժույթի արժեզրկումը ծանրացնում է դրա սպասարկումը։ Դրամի թուլացման հետևանքով ավելի շատ միջոցներ են անհրաժեշտ լինում  պարտքը սպասարկելու համար։

Պետական պարտքի գերակշիռ մասը կառավարության պարտավորություններն են։ Խոսքն այն պարտավորությունների մասին է, որոնք վճարում է պետական բյուջեն։

Ֆինանսների նախարարության հրապարակած վերջին տվյալներով՝ կառավարության պարտավորությունները գերազանցում են 7,5 մլրդ դոլարը։ Անցած տարվա ընթացքում դրանք ավելացել են ևս 677 մլն դոլարով կամ գրեթե 10 տոկոսով։

Սակայն սա, ըստ ամենայնի, այն ամբողջ աճը չէ, որն անցած տարի տեղի է ունեցել կառավարության պարտավորություններում։ Ինչ-ինչ պատճառներով, գոյացած պարտավորությունների մի մասը հավանաբար պետական պարտքի ցուցանիշներում կներառվի ավելի ուշ։

Եղան տեղեկություններ, որ կառավարությունը ևս 1 մլրդ դոլարը գերազանցող պարտք է կուտակել ղարաբաղյան պատերազմի ժամանակ գնված ռուսական զենքի դիմաց։ Պատերազմի ժամանակ կառավարությունը ձեռք է բերել մեծ քանակությամբ զենք-զինամթերք։ Հասկանալի պատճառներով, դրա համար վճարումներ չեն կատարվել կամ կատարվել են մասնակի։ Զենքը ձեռք է բերվել ապառիկով, որի դիմաց մեծ պարտք է կուտակվել։

Քանի որ մեր պետական բյուջեն ի վիճակի չէ միանգամից վճարել այդ գումարները, ենթադրվում է, որ դրանք կձևակերպվեն՝ որպես պետական պարտք։

Սպասվում էր, որ այդ մասին փաստաթուղթ կստորագրվի հունվարի 11-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցի ընթացքում։ Սակայն այդ մասին այդպես էլ որևէ պաշտոնական տեղեկատվություն չեղավ։

Ըստ էության, դեռևս չճշտված հարցեր կան, որոնք հավանաբար կհամաձայնեցվեն առաջիկայում։ Բայց դրանից, բնականաբար, ոչինչ չի փոխվում։

Էական չէ՝ ռուսական զենքի ձեռքբերման դիմաց գոյացած պարտավորությունները պետական պարտքի մեջ կներառվեն մեկ կամ մի քանի ամիս առա՞ջ, թե՞ հետո։ Եթե հայտարարված տեղեկատվությունը ճիշտ է, ապա, երբ էլ դա տեղի ունենա, պետական պարտքը միանգամից կավելանա։

Հավանաբար նաև դա էր նկատի ունեցել Ֆինանսների նախարարությունը 2021թ. պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ, երբ ներկայացրել էր կանխատեսումներ, որոնց համաձայն, 2020թ. վերջին պետական պարտքը կհասնի 8 մլրդ 850 մլն դոլարի։ Սակայն այդպես չեղավ։ 2020թ. վերջին պետական պարտքը ոչ թե հասավ 8 մլրդ 850 մլն դոլարի, այլ մոտացավ 8 միլիարդի։ Հազիվ թե կարելի է կարծել, որ տարեվերջից ընդամենը 2 ամիս առաջ Ֆինանսների նախարարությունը կարող էր իր կանխատեսումներում այդպիսի մեծ շեղում թույլ տալ։

Նշանակում է՝ դրա համար եղել են ինչ-որ պատճառներ, որոնք կարող էին կապված լինել ձեռք բերված ռուսական զենքի դիմաց նոր պարտքի ձևակերպումների հետ։

Առաջին անգամը չէ, որ Հայաստանը վարկով զենք է գնում Ռուսաստանից։ Նախկինում էլ այդպիսի առիթներ եղել են։ Սակայն ոչ երբեք՝ 1 մլրդ դոլարի չափով։

1 միլիարդը հսկայական նոր ծանրություն կլինի պետական պարտքի ու պետական բյուջեի վրա։ Հատկապես որ, պարտքերի աճը միայն դրանով չի սահմանափակվում։

Բյուջեի դեֆիցիտը լրացնելու համար ամեն տարի կառավարությունը ոչ փոքր գումարներ է ներգրավում արտաքին ու ներքին աղբյուրներից։ Անցած տարի դրա արդյունքում կառավարության պարտքն ավելացավ շուրջ 677 մլն դոլարով։ Այս տարի ևս կավելանա. 2021թ. բյուջեով նախատեսված է 341 մլրդ դրամի դեֆիցիտ, որը պիտի լրացվի պարտքերի հաշվին։

Կառավարությունը պարտքն ավելացնում է՝ ինչպես արտաքին, այնպես էլ՝ ներքին միջոցներով։

Անցած տարի արտաքին պարտքը համալրվել է 298 միլիոնով։ Եվս 375 միլիոնով աճել է ներքին պարտքը։ Կառավարությունը շատ ավելի մեծ տեմպերով է ավելացնում ներքին պարտքը՝ մեծացնելով դրա սպասարկման ճնշումը պետական բյուջեի վրա։ Տարեկան հսկայական գումարներ են հատկացվում բյուջեից՝ ներքին պարտքը սպասարկելու համար։ Չնայած այն գրեթե 3 անգամ ավելի քիչ է, քան արտաքին պարտքը, սպասարկման ծախսերը գրեթե հավասար են։ Կառավարության ներքին պարտքն անցնում է 1,9 մլրդ դոլարից։ Անցած տարի այն ավելացել է գրեթե մեկ քառորդով, ինչն իսկապես թռիչքային աճ է։ Ոչինչ, որ մեզ պետք են ոչ թե պարտքերի, այլ տնտեսության թռիչքային աճեր։

Բայց, ինչպես տեսնում ենք, հակառակն է տեղի ունենում։ Տնտեսության անկման ֆոնին՝ ավելանում են պարտքերը, այն էլ՝ նման մեծ տեմպերով։ Դա բերում է պետական պարտքի բեռի շատ ավելի ծանրացման։

Թեև մինչ այդ էլ պարտքի բեռը ցածր չէր, հիմա այն շատ ավելի մեծ տեմպերով է ծանրանում։ Այդպես է, որովհետև մի կողմից՝ պարտքն է ավելանում, մյուս կողմից՝ ՀՆԱ-ն է կրճատվում։

Անցած տարվա արդյունքներով՝ Հայաստանի պետական պարտքն արդեն անցնում է ամրագրված վտանգավոր շեմը։ Նախնական տվյալներով՝ պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը կտատանվի 63 տոկոսի սահմաններում։

Այն ավելի ցածր կլինի, քան կանխատեսում էր կառավարությունը։ Բայց դրանում հաշվարկված չէ ռուսական սպասվող վարկի ազդեցությունը, որը ներառվելուց հետո մեծապես կծանրացնի մեր երկրի պարտքի ու պետական բյուջեի բեռը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս