«Այդ խաղաղասիրությանը խանգարել եմ, խանգարում եմ և խանգարելու եմ, քանի դեռ մեր ռազմագերիները պատանդի, քաղաքական վալյուտայի կարգավիճակում պահվում են Ադրբեջանում». Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին դեկտեմբերի վերջին ազատեցին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Սակայն ամեն ինչ այսքանով չավարտվեց, ինչպես այս օրերին գրում է մամուլը, Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է քայլեր ձեռնարկել, որպեսզի նրան դուրս թողնեն նաև ԱԺ ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության կազմից, համարելով, որ Նաիրա Զոհրաբյանը ԵԽԽՎ-ում իր ունեցած ելույթներով մեծ հարված է հասցնում հայ-ադրբեջանական «խաղաղության պլատֆորմի» աշխատանքներին։
168.am–ի հետ զրույցում անդրադառնալով մամուլում շրջանառվող այս լուրերին, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը ցանկանում է հակասահմանադրական լծակներ օգտագործել և ավարտին հասցնել իր դեմ սկսած «սրբազան» պայքարը։
«Ինքն ակնհայտ սահմանադրական հանցագործության դրդեց խորհրդարանական մեծամասնությանը, որովհետև մարդուն իր խոսքի համար (հանձնաժողովի նախագահ) պաշտոնանկ չեն անում։ ԱԺ կանոնակարգով և սահմանադրությամբ նման նորմ նախատեսված չէ, և ես ուզում եմ հավատալ, որ Սահմանադրական դատարանի անդամները չեն ենթարկվի Նիկոլ Փաշինյանի շանտաժին, որովհետև մենք «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ դիմել ենք ՍԴ. վստահ եմ, որ այդ դատը ես շահելու եմ։ Ես ուզում եմ հավատալ, որ ՍԴ բոլոր անդամներն այդուհանդերձ պրոֆեսիոնալ դատավորներ են, սահմանադրագետներ, և Նիկոլ Փաշինյանը նրանցից որևէ մեկի վրա չի կարող որևէ ճնշում ունենալ։ Չեմ հավատում, որ հնարավոր է ճնշել Հրայր Թովմասյանին, Վահե Գրիգորյանին, Արևիկ Պետրոսյանին, Արմեն Դիլանյանին և մյուս բոլորին»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։
Ինչ վերաբերում է իշխանությունների նոր նախաձեռնությանը, որով ցանկանում են ձևավորել էթիկայի հանձնաժողով և դրա միջոցով ԱԺ նախագահին տալ լիազորություն, որպեսզի տարատեսակ բառերից կառչելով, այս կամ այն պատվիրակությունից հետ կանչի կոնկրետ որևէ պատգամավորի, ապա, ըստ Ն. Զոհրաբյանի, ԱԺ նախագահը, խորհրդարանը կամ խորհրդարանական մեծամասնությունը նման լիազորություն չունի։
«Հավանական եմ համարում, որ մամուլում շրջանառվող լուրերն իրականություն են, որովհետև Եվրոպայի խորհրդում սկսվել է շատ հետաքրքիր մի գործընթաց հայ և ադրբեջանական պատվիրակությունների միջև բարիդրացիական հարաբերություններ հաստատելու համար։ Այս մասին երեկ ԵԽԽՎ լիագումար նիստում խոսեց ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեյիդովը։
Ես և նա նույն քաղաքական՝ Եվրոպայի պահպանողական և ռեֆորմիստների խմբում ենք․ նա ասաց, որ ժամանակն է, որպեսզի երկու պատվիրակությունները խաղաղ աշխատեն, քանի որ պատերազմն ավարտված է, հողերը վերադարձրել են, և իրենց համար այլևս Հայստանի հետ սկսված են բարիդրացիական հարաբերություններ։ Բնականաբար, այդ խաղաղասիրությանը Նաիրա Զոհրաբյանը խանգարել է, խանգարում է և խանգարելու է։ Քանի դեռ մեր ռազմագերիները պատանդի, քաղաքական վալյուտայի կարգավիճակում պահվում են Ադրբեջանում, քանի դեռ Ալիևը հայտարարում է, որ նրանք ոչ թե ռազմագերիներ են, այլ ահաբեկիչներ, և նրանց դեմ քրեական գործեր են հարուցում, և քանի դեռ ադրբեջանական տելեգրամյան ալիքներում տեղադրում են մորթված հայ զինվորի նկարները և հարցում են անում, թե ինչ են զգում նկարը նայելուց, և ադրբեջանցի պաշտոնյաներն անգամ պատասխանում են՝ հրճվանք, Նաիրա Զոհրաբյանը խանգարելու է այդ բարիդրացիականությանը։
Եվ քանի դեռ ես խանգարում եմ, բնականաբար, պետք է խնդիր դրված լինի պատվիրակությունը համալրել հայ-ադրբեջանական բարեկամության ջատագովներով, ես չեմ եղել ու երբևէ չեմ լինելու այդ ջատագովը։ Պնդում եմ՝ այն, ինչ արել է թուրք-ադրբեջանական տանդեմն Արցախում, 21-րդ դարի ռազմական հանցագործություն է, և Ադրբեջանը պետք է կանգնի միջազգային իրավունքի առջև՝ որպես ռազմական հանցագործ»,- հավելեց Նաիրա Զոհրաբյանը։
Հարցին՝ ինչո՞ւ ԵԽԽՎ օրակարգում չընդգրկվեց հայ ռազմագերիների հարցը՝ հայ պատվիրակությո՞ւնը լավ չի աշխատում, թե՞ ադրբեջանական պատվիրակությունը կրկին այդ կառույցում գործի է դրել խավիարային դիվանագիտությունը, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, այս հարցում չի ցանկանում մեղքը բարդել հայ պատվիրակության վրա։
«Պատվիրակությունը կարող է միայն ներկայացնել, չնայած կարող էին լավ աշխատել բյուրոյի հետ, քանի որ այն, ի վերջո, քվեարկում է ԵԽԽՎ բյուրոն։ Պարզապես խնդիրն այն է, որ եվրոպական կառույցներում մենք ունենք արժեքների ռեալ ճգնաժամ։ Եթե բլոգեր Նավալնու ձերբակալությունը դառնում է Եվրոպայի թոփ թեման՝ ոչ միայն Եվրոպայի, այլև աշխարհի՝ ԵՄ-ն հատուկ հայտարարություն է անում, ԱՄՆ-ի և Կանադայի արտաքին գործերի նախարարությունները հատուկ հայտարարություններ են անում, այս ամենից կարող եմ մեկ եզրակացություն անել՝ եվրոպական կառույցներում ունենք արժեքների լրջագույն ճգնաժամ։
Նավալնիի հարցի քննարկումը հինգաշթբի օրն է, ԵԽԽՎ ամբողջ պատվիրակությունները հերթագրվել են այդ կոնտեքստում իրենց խոսքն ասելու համար։ Ավելին՝ դրվեց ռուսական պատվիրակության լիազորությունները չհաստատելու հարցը։ Նավալնու իրավունքը նույնպես իրավունք է, բայց երբ այն դրվում է մորթված, գլխատված զինվորի իրավունքից վեր, և Արցախից տեղահանված մեր հայրենակիցների իրավունքն ավելի նվազ է, քան Նավալնու իրավունքը, ապա ես իրավունք ունեմ խոսելու եվրոպակական կառույցների արժեքների լրջագույն ճգնաժամի մասին»,- եզրափակեց Նաիրա Զոհրաբյանը։