«Գնացեք դուք նստեք էդ բանտում, գերիներին բերեք հետ». Տիգրան Հեքեքյանը՝ գործող իշխանությանը
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավար և գլխավոր դիրիժոր Տիգրան Հեքեքյանի կարծիքով՝ հայ հասարակությունը դարձել է ինֆորմացիա սպառող և շատ հեշտությամբ հավատում է յուրաքանչյուր կողմից եկող ինֆորմացիայի: Հեքեքյանի խոսքով՝ մեր հանրությանն այնքան են բաժանել, որ անգամ ամենամտերիմ մարդիկ խուսափում են իրար հետ խոսել քաղաքականությունից: Լրագրողի հարցին ի պատասխան, անդրադառնալով Արցախյան 2-րդ պատերազմում մեր կրած պարտությանը՝ Հեքեքյանն ասաց, որ մենք խաբվել ենք:
«Խոսում եք պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի մասին, բայց մենք պատերազմի ժամանակ չունեցանք Պաշտպանության նախարար, եթե մենք ունենայինք Պաշտպանության նախարար, նա մի տեղ կհայտնվեր, պատերազմի սկզբից մինչև վերջ չտեսանք էդ մարդուն, նա կա՞, չկա՞, ի՞նչ է անում, ի՞նչ գործառույթ ունի: Մենք երկու մարդ էինք տեսնում՝ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնողին, մեկ էլ Արցախի նախագահին, որի ժպիտը գոտեպնդում էր: Մենք մեղավոր էինք այնքանով, որ իսկապես հավատում էինք, այս ժողովուրդը հավատալու պրոբլեմ ունի, պետք է թե պետք չէ, մենք հավատում ենք, բայց ինչո՞ւ ենք հավատում, ինչո՞ւ սթափ չենք մտածում, գուցե ուզում էինք, որ այդպես լինի, մենք ուզեցինք խաբվել»,- ասաց Հեքեքյանը:
«Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի ղեկավարը նշեց, որ հանրության մի մասը սատարում է Նիկոլ Փաշինյանին, քանի որ մերժում է նախկինների վերադարձը: Նա խորհուրդ տվեց վերջակետ դնել անցյալին, առաջ նայել:
«Ի՞նչ է արվում այս օրերին, ի՞նչ ենք անում, որ գնանք առաջ: Այսօր իշխանությունը զբաղվում է այնպիսի անհեթեթ գործերով, որ թվում է, թե 2005 կամ որ թիվն է: Գերիների հարցը չեն քննարկում, որովհետև չեն կարող, ի վիճակի չեն»:
Հեքեքյանի պնդմամբ՝ գործող իշխանությունը բավականաչափ քաղաքական կամք չունի լուծելու գերիների խնդիրը:
«Պետք է քաղաքական կամք ունենալ, ի՞նչ է նշանակում՝ հասնել Մոսկվա, հետո հայտարարել, որ մենք չհասանք ոչ մի բանի գերիների հարցով: Մեռնեիր, հասնեիր, ասեիր՝ եկել եմ այն պայմանով, որ գերիների հարցը լուծվի։ Ժողովուրդը պետք է կանգնի կառավարության դիմաց ու ասի՝ պահանջում ենք մեր գերիներին, ոնց ուզում եք՝ վերադարձրեք… Գնացեք դուք նստեք էդ բանտերում, տղերքին բերեք հետ, դուք զինվորագրել եք, դուք պատասխան եք տալիս էդ զինվորների համար»,- ասաց Հեքեքյանը:
Հեքեքյանի կարծիքով՝ ՀՀ իշխանության այն ներկայացուցիչները, որոնք խոսում են Թուրքիայի և Ադրբեջանի հետ տնտեսական կապերի մասին, ուրախանում են դրանով, չեն գիտակցում, թե ի՞նչ են անում:
«Ինձ թվում է՝ իրենք իսկապես չեն հասկանում, որ մենք արդեն կորցրել ենք մեր անկախությունը, էն էլ պսեվդո՝ կեղծ անկախությունը, որովհետև եթե մի երկրի սահման պահում է մի պետություն, ապա մասամբ ինքն այդ պետության տերն է, բայց այն մոտավոր անկախությունն էլ արդեն կորցրինք: Արցախը 100 տոկոս և երկար ժամանակով կլինի ռուսական նահանգ, ժողովուրդն էլ այնքան արագ է կողմնորոշվում, մասսայական ձևի մեջ, ռուսական անձնագրեր կբաժանվեն, ով որ կուզի, իսկ իրենք կուզեն, որովհետև հոգնել են անընդհատ բնաջնջման եզրին կանգնելուց, Հայաստանն ուղղակի հանձնել է Արցախը Ռուսաստանին»,- ասաց Հեքեքյանը:
Նա պնդեց, որ, եթե նույնիսկ անմեղության կանխավարկածով շարժվենք և չանվանենք Նիկոլ Փաշինյանին դավաճան՝ մինչև դավաճանությունը չապացուցվի, ապա իր համար դավաճանություն է նաև այն, որ մարդը ստանձնում է մի պաշտոն, որից գլուխ չի հանում, և քայլեր է գործում միայն իր խելքով, կամ միայն 2-3 մերձավորների հետ քննարկելով, ոչ թե՝ բազում մասնագետների հետ։ Անդրադառնալով այն փաստին, որ այս օրերին ընթանում է Արցախյան առաջին պատերազմում հաղթած մարդկանց դատավարություն, Տիգրան Հեքեքյանն ասաց.
«Ռոբերտ Քոչարյանն այնքան ուժեղ անձնավորություն է, որ եկել է դատարան, ասում է՝ դատեք, տեսնենք՝ մեղավո՞ր եմ, թե՞ չէ: Ճիշտ կլիներ՝ Նիկոլ Փաշինյանն այնքան ուժեղ լիներ, կամ կիսով չափ ուժեղ լիներ, որ ինքն իրեն դատի տար ու փորձեր ապացուցել, որ ինքը ո՛չ դավաճան է, ո՛չ էլ ապաշնորհ գերագույն հրամանատար»,- ասաց Հեքեքյանը և կասկած հայտնեց, որ Փաշինյանին ուղղակի թույլ չեն տալիս հեռանալ, քանի որ էլի անելիքներ ունի:
Անդրադառնալով ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի՝ թուրքական գործակալ լինելու տեղեկություններին, Հեքեքյանն ասաց, որ ամեն ինչի անվերապահ չի հավատում, սակայն, եթե դա ճիշտ է, ուրեմն մենք ԱԱԾ չունենք:
«Մեզ մոտ հիմա դարձել է բաց դռների օր՝ ինչքան արտաքին գործակալ, հետախույզ ուզում է, մտնում ու դուրս է գալիս, մենք անգամ տրանսպորտ չենք կարողանում այդքան հեշտ մտնել, քանի որ տրանսպորտի համար պետք է վճարել»,- նշեց Հեքեքյանը։