Ադրբեջանի կողմից այդ դրոշմանիշի թողարկումը ֆաշիզմի դրսևորում է. Փաշինյան

Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Իմ քայլը» խմբակցությունը լքած, անկախ պատգամավոր Գոռ Գևորգյանը հայտարարեց, թե պատերազմից հետո Ադրբեջանում գոյություն ունեցող հակահայկական ատելության խոսքը շատ ավելի մեծ ծավալների է հասել, իր մեջ պարունակում է թե՛ սպառնալիքներ, թե՛ հստակ վտանգներ, անգամ դրոշմանիշ է հրատարակվել, որը շատ հստակ խոսում է  այն բանի մասին, որ առնվազն կասկածելի է, թե ինչպես պետք է փորձենք այս ամենի հետ շարունակել մեր համապատասխան քաղաքականությունը և գործունեությունը:

Պատգամավորը, դիմելով Նիկոլ Փաշինյանին, հարցրեց, թե ի՞նչ ենք մենք սրան հակադրում.

«Ինչո՞ւ եմ հարցս ձեզ ուղղում, քանի որ վստահ եմ, որ դուք առավել տեղեկացվածն եք այս հարցին, և եթե ունենք հակադրվող հստակ մոտեցումներ, ապա խնդրում եմ դրանք հնչեցնեք»:

Նիկոլ Փաշինյանը պատասխանեց, որ նախընտրում է ավելի ընդհանրական բնույթի պատասխան տալ.

«Տեսեք՝ ռազմական գործողությունները դադարել են, ավարտվել են, բայց ինչպես առիթ ունեցել եմ ասելու՝ պատերազմը ունի հետցնցումներ, և ոչ միայն մեր պատերազմը, այլև ցանկացած պատերազմ ունի հետցնցումներ: Այսինքն՝ այնպես չէ, որ պատերազմն ուղղակի 1 օրում կանգնում է, ու վերջ: Ձեր հարցը մեկն էր, բայց ուներ բազմաթիվ շերտեր, և այդ շերտերին յուրաքանչյուրին չանդրադառնալու համար ասեմ հետևյալը, որ մեր խնդիրն է՝ կառավարել այդ իրավիճակը: Նոյեմբերի 9-ից հետո բազմիցս առիթ ունեցել եմ ասելու, որ մեր հիմնական խնդիրը Հայաստանի և Արցախի շուրջ որոշակի կայունություն ապահովելն է, և նաև, այո, որոշակի կառավարելը և արձագանքելն այն իրավիճակներին, որոնց վերաբերյալ դուք ձեր հարցում նշեցիք:

Իհարկե, հիմա արդեն հայտնի դրոշմանիշի հրապարակումն անընդունելի է, Ադրբեջանի ղեկավարությունը վերջերս հաճախ խոսում է հայկական ֆաշիզմի մասին, բայց ակնհայտ է, որ ֆաշիզմի դրսևորումներ մենք տեսնում ենք Ադրբեջանում, որովհետև ինչքան ինձ հայտնի է՝ նման դրոշմանիշ, որը Ադրբեջանում հրապարակվել է, այդպիսի դրոշմանիշ եղել է մեկ էլ ֆաշիստական Գերմանիայում, և այս փաստն ինքնին շատ խոսուն է: Չեմ կարծում եմ, թե միայն կառավարությունն ունի անելիք այդ իրավիճակը կառավարելու համար, խորհրդարանը և խորհրդարանական դիվանագիտություը նույնպես այդտեղ անելիք ունեն, պարզապես պետք է այդ դրոշմանիշը ի ցույց դնել հնարավորինս լայն շրջանակներում, նկատի ունեմ միջազգային կազմակերպություններին և գործընկերներին»:

Գոռ Գևորգյանն արձագանքելով վարչապետի ելույթին՝ նշեց, որ կցանկանար՝ պետական խողովակների միջոցով այդ գործում ներգրավվեր նաև մեր սփյուռքը, քանի որ ադրբեջանական կողմը դեռ մի բան էլ հայկական կողմին է մեղադրում  նմանատիպ գործունեություն իր նկատմամբ ծավալելու մեջ, ինչին Փաշինյանը պատասխանեց.

«Կարծում եմ՝ ըստ էության ղարաբաղյան հակամարտության պատմության ողջ ընթացքում որոշակի այդ տրամաբանության զարգացում է եղել Ադրբեջանում, և որին, բնականաբար, Հայաստանում հնչել են որոշակի արձագանքներ: Նորից ուզում եմ ընդգծել ԱԳ նախարարի ասածը, որ ըստ էության Ադրբեջանից հնչող հայտարարությունները հակասական են: Մի դեպքում՝ այնտեղ, որտեղ հարկավոր է, զարգացվում է խաղաղության հռետորիկա, մյուս դեպքում՝ զարգացվում է ատելության քարոզ: Այս առումով, կարծում եմ, որ այս, Ադրբեջանը պետք է կողմնորոշվի, թե ինքը որ ճանապարհով է գնում, և մենք նույնպես պետք է կողմնորոշվենք, թե մենք որ ճանապարհով ենք գնում»:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի հայատյացության հերթական դրսևորումը վերջերս թողարկված դրոշմանիշն է, որտեղ Արցախի տարածքը «ախտահանվում» է, այսինքն՝ Ադրբեջանն Արցախի հարցը պատկերացնում է միայն հայերի լիակատար հեռացման ճանապարհով։

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս