«Այս տարածաշրջանում գործում է մի օրենք՝ ուժի օրենքը». Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանի պնդմամբ՝ մեր հարևան Իրանի շուրջ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում, որոնցից գլխավորը կապված է ԱՄՆ-ի հետ:

«Եթե Ջո Բայդենն այս օրերին առանց որևէ լուրջ խոչընդոտների ստանձնի ԱՄՆ նախագահի պաշտոնը, ապա ակնհայտ է, որ իրանցիներն ակնկալիք ունեն  ստանալու Միացյալ Նահանգների վերադարձ միջուկային համաձայնության շրջանակներ: Այսինքն՝ Իրանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններից մեկը Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների որոշակի նորմալացումն է, ինչո՞ւ, որովհետև Իրանը գտնվում է  Միացյալ Նահանգների չափազանց խիստ պատժամիջոցային ռեժիմում»,- ասաց Ոսկանյանը:

Իրանագետի խոսքով՝ պատժամիջոցներից ոչ միայն տուժում է Իրանի տնտեսությունը, այլև այդ տնտեսական գործընթացներն ազդում են Իրանի արտաքին քաղաքական ուղեգծի վրա:

«Իրան-Թուրքիա հարաբերությունները որոշակիորեն սերտացել են, եթե ընդհանրապես «սերտացում» բառը կարելի է օգտագործել այս հարաբերությունների համատեքստում, նաև այն պատճառով, որ Իրանը գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ»,- ասաց Վարդան Ոսկանյանը:

Իրանագետը նշեց, որ ԱՄՆ դեռ գործող նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ժամանակահատվածի քաղաքականությունը միտված էր սպառնալիքի մեթոդաբանության կիրառմանը՝ թե՛գործողությունների, թե՛ հռետորաբանության մակարդակներում, ինչի արդյունքում Պարսից ծոցում հայտնվեց ԱՄՆ ավիակիր:

«Իրանում էլ ողջ անցյալ տարվա ընթացքում կիրառվեց հետաքրքիր մի ռազմավարություն: Դա ռազմական մանյովրների, զորավարժությունների ռազմավարությունն էր և, կարծես թե, ողջ տարվա ընթացքում անդադար իրականացրեց տարբեր մակարդակների զորավարժություններ, որ միտված էին թե՛ ուժի ցուցադրության, թե իրանական զենքի և զինամթերքի արդիական տեսակների փորձարկման, խոսքը վերաբերում է նաև անօդաչու թռչող սարքերին»,- ասաց Ոսկանյանը և ավելացրեց, որ Իրանը անօդաչուների և դրանց դեմ պայքարի ոլորտում բավականին առաջ է գնացել:

Իրանագետի պնդմամբ՝ Իրանի շուրջ ցանկացած խնդիր ուղիղ կամ անուղղակի կերպով անդրադառնում է Հայաստանի վրա, քանի որ սահման ունենք վերջինի հետ: Հայ-իրանական հարաբերությունները դիտարկելով Արցախյան 2-րդ պատերազմի կոնտեքստում՝ Վ․ Ոսկանյանն ասաց.

«Չնայած մեր ցավալի կորուստներին՝ Ւրանի ներքին քաղաքական դաշտում Արցախյան հիմնախնդիրն ավելի է կարևորվել, եթե ավելի պարզ բացատրեմ, ապա, եթե Իրանին հուզող տարածաշրջանային խնդիրների շարքում Արցախյան հիմնահարցը մինչև պատերազմն առաջնային դիրքերում չէր, ավելի առաջնային էին համարվում, դիցուք, Սիրիայում, Իրաքում ընթացող գործընթացները, ապա հիմա, եթե չասենք՝ դա դարձել է առաջնային, ապա դրա նշանակությունը շատ ավելի է կարևորվում նաև Իրանի ներքաղաքական դիսկուրսում»:

Նրա խոսքով՝ սա պայմանավորված է մի շարք հանգամանքներով:

«Նախ և առաջ՝ արցախաիրանական սահմանի ցավալի, ժամանակավոր բռնազավթումն է Ադրբեջանի կողմից, մերձարաքսյան գոտու բռնազավթումը, և այդ գոտում ահաբեկիչների հայտնվելը: Իրանցիները տարիներ շարունակ պայքարում են Մերձավոր Արևելքում հենց նույն ահաբեկչական խմբավորումների դեմ, որ նրանց թույլ չտան մոտենալ Իրանի սահմաններին, իսկ ավելի վատ սցենարի դեպքում՝ հայտնվելու  Իրանի ներսում,  հիմա ահաբեկիչները հայտնվել են Իրանի սահմանի զրոյական կետում, այնտեղ, որտեղ հիմա ադրբեջանական վերահսկողությունն է, ժամանակավոր բռնազավթումը, սա լուրջ խնդիր է Իրանի համար»,- ասաց նա:

Իրանագետի պնդմամբ՝ Իրանին անհանգստացնում է նաև Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված դե ֆակտո նոր իրավիճակը: Այլևս չենք կարող խոսել Թուրքիա և Ադրբեջան առանձին պետությունների մասին:

«Գործ ունենք միասնական թուրք-ադրբեջանական տարածքի հետ, ինչից ենթադրվում է, որ Իրանի համար նախկինում դեպի հյուսիս ելքի այլընտրանքը 3-ից կրճատվել է երկուսի, եթե նախկինում դիտարկվում էր 3 այլընտրանք՝ Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա, ապա այժմ կա 2 ուղի՝ ադրբեջանաթուրքական միասնական ուղի և հայկական ուղի: Այս առումով Սյունիքի տարածաշրջանը կրկին կարևորվում է Իրանի հետ արտաքին հարաբերությունների համատեքստում, և սա պետք է հստակորեն արձանագրենք, իրանցիները հիմա ավելի են կարևորում Հայաստան-Իրան սահմանը՝ Մեղրիի հատվածում»,- ասաց նա:

Ադրբեջանը Նախիջևանին կապող և դրանով Ադրբեջան-Թուրքիա ցամաքային ճանապարհ ստեղծող երկաթուղու և ավտոմոբիլային ճանապարհի կառուցումը, Վարդան Ոսկանյանի պնդմամբ՝ ձեռնտու չէ ոչ միայն հայերին, այլև իրանցիներին:

«Սյունիքի տարածաշրջանը կարող է կորցնել իր նշանակությունը տնտեսական, քաղաքական, աշխարհաքաղաքական, անվտանգային առումով, որն այժմ ունի, և դառնալ լուսանցքային, ինչը ոչ միայն չի բխում ՀՀ շահերից, այլև ուղղակի հակասում է ՀՀ ազգային և պետական շահերին: Սա շատ լավ գիտակցում են իրանցիները, որովհետև իրենց համար էլ Մեղրիի հատվածով Իրանի հետ ամենակարճ սահմանը ունի կենսական նշանակություն, հենց այս համատեքստում պետք է կառուցվեն Հայաստան-Իրան հարաբերությունները նաև տնտեսական ոլորտում:  Դրա վերաբերյալ ազդակներ արդեն կան Իրանից, մասնավորապես, ազդակ կա Մեղրիի տարածաշրջանի տնտեսական զարգացման համատեքստում»,- ասաց Վարդան Ոսկանյանը՝ հղում անելով Արևելյան Ատրպատական նահանգի նահանգապետի հայտարարությանը, ըստ որի՝ Իրանը շահագրգիռ է, որ ստեղծվի համատեղ շուկա սահմանի երկու կողմերում:

Ոսկանյանի պնդմամբ՝ երկաթուղու կառուցմամբ Իրանը նաև կկորցնի իր ազդեցությունն Ադրբեջանի վրա, քանի որ այժմ Նախիջևանի հետ ցամաքային կապն իրականացվում է իրենց տարածքով: Իրանը նաև շահագրգիռ է, որ հայկական երկու պետությունների բանակներն արագ վերականգնվեն, քանի որ նրանք Իրանի համար անվտանգային խնդիր էին լուծում:

«Մեր բանակը՝ թե՛ արցախյան գոտում, թե՛ Հայաստանի սահմանների երկայնքով ապահովելով մեր անվտանգությունը, զգալի ավանդ էր բերում  Իրանի հյուսիսային նահանգների անվտանգության ապահովմանը՝ կրճատելով նախ՝ Ադրբեջան-Իրան սահմանը և ըստ էության զսպելով այն ռեսուրսների մի հատվածը, որոնք պետք է ուղղվեին Իրանի դեմ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից, բայց ուղղվում էին մեր դեմ: Հետևաբար՝ իրանցիների համար շատ կարևոր է հայկական բանակի վերակազմավորումը, վերածնունդը, վերազինումը»,- ասաց Ոսկանյանը:

Նա նշեց, որ չնայած Իրանը համագործակցում է տարածաշրջանում իր բոլոր հարևանների հետ, սակայն Թուրքիա-Իրան հարաբերություններում առկա խնդիրները չեն վերացել, այլ սառեցվել են, իսկ այդ խնդիրները մշակութայինից մինչև քաղաքական են: Իրանագետի դիտարկմամբ՝ Հայաստան-Իրան ռազմական համաձայնագիր հնարավոր է, սակայն կա նաև ավելի ձեռնտու տարբերակ:

«Հայաստանի համար չափազանց օգտավետ կլինի, ձեռնտու կլինի մեր նաև ռազմական շահերն ապահովել եռակողմ ձևաչափով դաշինքի միջոցով՝ Հայաստան, Ռուսաստան, Իրան՝ ձևավորել Թեհրան-Երևան-Մոսկվա առանցքը»,- ասաց Ոսկանյանը՝ պնդելով, որ դրա համար տքնաջան աշխատանք է հարկավոր:

Նա նաև վստահություն հայտնեց, որ Հայաստանում նոր իշխանության ձևավորման և համարժեք գործողությունների արդյունքում մենք ունակ ենք ոչ միայն վերականգնելու և ավելի հզորացնելու մեր պետությունը, այլև իրականացնելու հայկական վերանվաճում՝ ապահովելով ՀՀ սահմանների անվտանգությունը:

«Այս տարածաշրջանում գործում է մի օրենք՝ ուժի օրենքը»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

Տեսանյութեր

Լրահոս