Նիկոլ Փաշինյանը պաշտոնյաներին դրդում է ինքնասպանության
Ազգային ժողովը քննարկել է «Զենքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը, դրա ընդունման դեպքում Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) աշխատակիցների ինչ-որ խումբ զենք կրելու իրավունք կստանա։
Մամուլում հրապարակվել է տեղեկություն այն մասին, որ իշխանության վերնախավում քննարկվում է կամ արդեն իսկ որոշվել է զենք հատկացնել նաև ԱԺ պատգամավորներին։ Տեղեկությունը չի հերքվել։
Ամենայն հավանականությամբ, որոշումն ուշանում է, քանի որ իշխանությունը ցանկանում է զենք տրամադրել ոչ թե ԱԺ բոլոր, այլ բացառապես իշխանական պատգամավորներին։ Բայց դա զուտ ժամանակի հարց է, և լուծումը վստահաբար կգտնվի․ կարելի է, օրինակ, ցենզ սահմանել, որ զենք է տրամադրվելու ԱԺ միայն անհայրենիք պատգամավորներին, ինչի հավաստման համար անհրաժեշտ է լուսանկար, ասենք՝ Նիկոլ Փաշինյանի կամ Արարատ Միրզոյանի հետ։ «Իմ քայլի» բոլոր պատգամավորները կներկայացնեն լուսանկարներն ու կստանան զենքը։
Բայց դա լինելու է վտանգավոր, շատ վտանգավոր քայլ։ Ինչպես հասարակության, այնպես էլ, առաջին հերթին, նույն պատգամավորների համար։ Եվ վտանգավոր լինելով՝ այդ զենքը կարող է դառնալ մի կողմից՝ այլոց, մյուս կողմից՝ հենց պատգամավորների մահվան առիթ։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի հետ արել է այն, ինչ չի հաջողվել անել Ադրբեջանին ու Թուրքիային՝ միասին վերցրած։ Ընդ որում, ամեն օր հրապարակվում են ամենատարբեր բնույթի ու մակարդակների դավաճանությունների մասին պատմող իրավահպատակ և ոչ այնքան իրավահպատակ տեղեկություններ, հասարակությունը տեսնում է դա և տեսնելով՝ կարծիք է կազմում ոչ միայն՝ այդ արարքները կատարած պաշտոնյաների, այլ նաև՝ նրանց սատարողների՝ «Իմ քայլի» պատգամավորների, այդ նույն իշխանության անունից հարկ հավաքող ՊԵԿ պաշտոնյաների մասին։
Եվ ահա, պատկերացրեք տեսարան, երբ զենք կրող որևէ իմքայլականի կամայական քաղաքացի փողոցում դիմում է «դավաճան» կամ «դավաճանի ենթակա» բնորոշումներով։ Ինչպիսի՞ն կլինի կամայական իմքայլականի արձագանքը՝ դժվար չէ կանխատեսել․ Սիսակ Գաբրիելյան անունով իմքայլականը պարզորոշ ցույց է տվել, որ եթե զենք կրեր, մի քանիսին ուղղակի կգնդակահարեր հենց Դեմիրճյան փողոցում։ Բայց խնդիրը միայն հնարավոր գնդակահարությունները չեն։
Չպետք է բացառել կանխավարկածը, որ «Իմ քայլում» դեռևս կան պատգամավորներ, որոնք, այդուհանդերձ, ամբողջությամբ չեն կորցրել մարդկային նկարագիրը։ Իսկ դա նշանակում է, որ ամեն օրվա ու ամեն բացահայտման հետ նրանց խիղճը կարող է տանջել այնպես, ինչպես չի տանջում Նիկոլ Փաշինյանի խիղճն ընդհանրապես։ Իսկ դա խղճատանջման բավական մեծ չափաբաժին է։
Եվ ահա այդ դեպքում, զենք կրող պատգամավորները կարող են կանգնել կա՛մ իրերն իրենց անուններով կոչող քաղաքացիներին գնդակահարելու, կամ ինքզինքը գնդակահարելու երկընտրանքի առաջ։ Իսկ հոգեբաններն ասում են, որ զենքի ֆիզիկական առկայությունը մեծացնում է սուիցիդալ մտքեր ունեցողի մոտիվացիան։ Այնպես որ, պաշտոնյաներին՝ ինչպես ՊԵԿ-ի, այնպես էլ՝ ԱԺ-ի ներկայացուցիչներին, զենք հատկացնելու գաղափարը, մեղմ ասած, վտանգավոր է։
Եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը չի մտադրվել բոլոր իրեն սատարողներին դարձնել կամ մարդասպաններ, կամ դրդել ինքնասպանության։
Արշավիր Իշխանյան