Ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը. Պարզաբանում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից
Արդեն 6 ամիս է, ինչ գործում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագները, ըստ որոնց՝ բնակիչ-բաժանորդներին վաճառվող բնական գազի սակագները մնացել են անփոփոխ, իսկ խոշոր սպառողների համար՝ բարձրացել են:
Թեև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդամենն ամիսներ առաջ է ընդունել այս որոշումը, այդուհանդերձ, ըստ տնտեսագետների որոշ շրջանակի՝ չի բացառվում, որ շուտով ականատեսը կլինենք բնական գազի գնի նոր թանկացման՝ այդ թվում բնակիչ-սպառողների համար: Հիմնավորումը դրամի արժեզրկման միտումներն են, դրամ/դոլար փոխարժեքի տատանումները: Նկատենք՝ գազի ձեռքբերման գինը, որը սակագնի սահմանման մեջ գերակշիռ դերն ունի, հաշվարկվում է դոլարային մեծությամբ:
168.am-ը «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից գրավոր հարցմամբ հետաքրքրվեց՝ հնարավո՞ր է արդյոք՝ ընկերությունն առաջիկայում բնական գազի սակագնի վերանայման նոր հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Ի պատասխան՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Հասարակայնության և ԶԼՄ-ների հետ կապերի ծառայությունից մեզ հայտնեցին.
««Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ սակագների գործողության ժամկետը վեց ամսից պակաս չի կարող լինել:
Բնական գազի սակագների ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց ազդեցության համալիր վերլուծության արդյունքներով ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը: Անհրաժեշտություն առաջանալու դեպքում տրվում է պատշաճ ծանուցում»: